Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 31,2009 00:00

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԵՂԱՑԱՎ ԴԱՎՈՍԻՑ

\"\"Թուրքիայի վարչապետ Ռեջեփ-Թայիբ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի նիստը՝ իր իսրայելցի գործընկեր Շիմոն Պերեսի հետ չափից դուրս բուռն բանավեճից հետո: Բանավեճի առարկան էր վերջերս Գազայի հատվածում տեղի ունեցած պատերազմը: Էրդողանը խստորեն քննադատեց Պերեսին՝ խաղաղ բնակիչներին ոչնչացնելու համար: Այդ մեղադրանքներին ի պատասխան՝ Պերեսը հանդես եկավ երկարաշունչ ճառով՝ արդարացնելով Իսրայելի գործողությունները եւ վերջում նշելով, որ Էրդողանը նույնը կաներ, եթե հրթիռներ ընկնեին Ստամբուլի վրա: Թուրքիայի վարչապետը ցանկացավ պատասխանել այդ ռեպլիկին, սակայն բանավեճը վարող լրագրողը նրան թույլ չտվեց ծավալվել, ինչին ի պատասխան՝ Էրդողանը խիստ զայրացավ, հավաքեց իր թղթերն ու դուրս եկավ դահլիճից, որտեղ գտնվում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Արաբական լիգայի նախագահը եւ այլ բարձրաստիճան հյուրեր: «Չեմ կարծում, որ ես այլեւս կվերադառնամ Դավոս, քանի որ դուք ինձ թույլ չեք տալիս խոսել»,- վերջում բացականչեց նա: Ինչպես հայտնում է BBC-ն, այդ միջադեպից հետո մի քանի հազար թուրք դուրս էին եկել Ստամբուլի փողոցները թուրքական եւ պաղեստինյան դրոշներով՝ Էրդողանի վարքագիծը ողջունելու համար: Միջազգային օդանավակայանի մոտ, վարչապետի գալուց մի քանի ժամ առաջ, սկսեցին հավաքվել մարդիկ՝ «Էրդողանը աշխարհի նոր առաջնորդն է» պաստառով: Ի դեպ, թուրքական մամուլը նշում է, որ դավոսյան բանավեճի վարողը՝ «Վաշինգտոն պոստ» թերթի մեկնաբան Դավիթ Իգնատիուսը, կիսով չափ հայ է, ինչն, ըստ որոշ աղբյուրների, համապատասխանում է իրականությանը:

ԻԼԻՆՈՅՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԵՂԱՎ

Իլինոյս նահանգի սենատը, մեղավոր ճանաչելով նահանգապետ Ռոդ Բլագոեւիչին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, հեռացրեց նրան պաշտոնից եւ ցմահ արգելեց որեւէ պաշտոն զբաղեցնել նահանգի պետական մարմիններում: Այդպիսով սենատորները հաստատեցին այն մեղադրանքը, թե Բլագոեւիչը փորձում էր վաճառել ԱՄՆ սենատում այն տեղը, որը թափուր էր մնացել Բարաք Օբամայի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո:

Բլագոեւիչի պաշտոնանկությանը կողմ քվեարկեց սենատի 59 անդամ, դեմ՝ ոչ մեկը: Բլագոեւիչը դարձավ 20 տարվա ընթացքում առաջին նահանգապետը, որին պաշտոնանկ են արել իմպիչմենտի միջոցով: Նահանգի սենատում քննարկումների ժամանակ նա կտրականապես հերքում էր իր մեղքը, ասելով, որ իր հանցագործությունը դեռ չի հաստատվել դատարանի կողմից: «Ինչպե՞ս դուք կարող եք պաշտոնանկ անել նահանգապետին՝ չունենալով որեւէ ապացույց»,- ասել է նա: Բլագոեւիչը ձերբակալվել էր անցած տարվա դեկտեմբերին եւ այժմ սպասում է դատին: «Եթե ես կարծեի, որ սխալ եմ գործել, ես հրաժարական կտայի դեկտեմբերին»,- ասել է Բլագոեւիչը սենատորներին, ավելացնելով, որ դարձել է իր ընդդիմախոսների քաղաքական խաղերի զոհը: Սակայն մեղադրանքն առաջադրող Դեւիդ Էլիսն ընդգծել է, որ սենատում քննարկումների ժամանակ նահանգապետը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ երդման տակ, եւ միայն համաձայնվել է ելույթ ունենալ լսումների վերջում: «Ապացույցները վկայում են, որ Բլագոեւիչը սեփական շահերը դնում էր ժողովրդի շահերից բարձր»,- ասել է Էլիսը: Հետաքրքիր է, որ Իլինոյսի վերջին ութ նահանգապետերից չորսի դեմ քրեական մեղադրանքներ են առաջադրվել, իսկ Բլագոեւիչի նախորդը դատապարտված է կոռուպցիայի համար եւ այժմ գտնվում է բանտում:

ԱԼԻԵՎԸ ԵՐԵՍՈՎ Է ՏԱԼԻՍ

«Կա բանակցային գործընթաց, որոշակի առաջընթաց, սակայն՝ ոչ արդյունքներ, եւ դա մեծ խնդիր է»,- անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն սկզբունքների հիման վրա, եւ դրանք միջազգային իրավունքի սկզբունքներն են, չկան այլ սկզբունքներ, որոնց վրա կարելի է հիմնվել: Իսկ այդ միջազգային իրավունքի սկզբունքները ենթադրում են մեր հողից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում եւ ներքին տեղահանված անձանց վերադարձ այդ հողը»,- ասել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ «հայերն իրենք պետք է որոշեն, թե որն է այդ հողը օկուպացման մեջ պահելու օգուտը»: «Նրանք մեկուսացված են տարածաշրջանից, նրանք մեկուսացված են էներգետիկ նախագծերից, խողովակաշարերից, երկաթգծերից, եւ առանց Ադրբեջանի եւ մյուս հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալու նրանց դժվար կլինի մեկուսացման մեջ ապրել հետագայում»,- նշել է Ալիեւը: Անդրադառնալով իր երկրում մարդու իրավունքների վիճակին՝ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է. «Եթե քննադատությունն արդարացված է, եւ երբ այն գալիս է պատկառելի աղբյուրից, մենք ավելի քան պատրաստ եւ պատրաստակամ ենք քննարկելու այն: Երբեմն տարբեր ոչ կառավարական կազմակերպություններից մեր լսած քննադատությունը չի անհանգստացնում մեզ, քանի որ այդ քննադատությունը հիմնականում կողմնակալ է: Եթե նայեք մեր տարածաշրջանին, կտեսնեք, որ հարեւան երկրները, որոնք իրենց ժողովրդի նկատմամբ կոպտորեն ոտնահարում են մարդկային տարրական իրավունքները, քննադատության առարկա չեն դառնում, ինչպես՝ Հայաստանը»: Ադրբեջանում նախագահի պաշտոնավարման ժամկետների վերացման հարցով անցկացվելիք հանրաքվեի վերաբերյալ Ալիեւն ասել է. «Հանրաքվեն ժողովրդավարական ընթացակարգ է, որը որոշում կայացնելու հնարավորություն է ընձեռում ժողովրդին, ինչպես ցանկացած այլ երկրում: Դուք չեք գտնի ԵՄ անդամ որեւէ երկիր, որի առաջնորդը չկարողանա ընտրվել այնքան անգամ, որքան ժողովուրդը ցանկանում է, որ նա լինի այդ պաշտոնում: Ժողովրդավարակա՞ն է դա արդյոք: Այո, նույնը պետք է կիրառվի Ադրբեջանի նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել