Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 31,2009 00:00

Կոշիկն արձան դարձավ

Իրաքում բացվել է կոշիկի արձան: Վերջինս հավերժացնում է այն կոշիկները, որոնք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ շպրտել է իրաքցի լրագրող Մունթադար Զաիդին: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հսկայական կոշիկը տեղադրվել է Տիկրիտ քաղաքում՝ իրաքյան նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի հայրենիքում: Ոտնամանը տեղադրված է սպիտակ պատվանդանի վրա, որի վրա դաջված է Զաիդիի արարքը փառաբանող բանաստեղծությունը: Արձանի բարձրությունը մոտ 3 մետր է: Ստեղծագործության հեղինակ Լահիդ Համարին գտնում է, որ աշխատանքը պետք է դառնա բոլոր իրաքցիների հպարտության աղբյուրը: Այն չի կրում քաղաքական բնույթ: Հինգշաբթի օրը, արձանի բացմանը, Տիկրիտում հավաքվել է մոտ 400 հոգի: Կոշիկը տեղադրվել է մի տան պարտեզում, որտեղ գտնվում է իրաքյան կոնֆլիկտում զոհված մարդկանց երեխաներին աջակցող բարեգործական կազմակերպությունը: Այդ կազմակերպության ղեկավարն ասում է, որ արձանի ստեղծումը չի խրախուսվել որեւէ քաղաքական կազմակերպության կողմից: BBC-ն հիշեցնում է, որ անցած տարվա դեկտեմբերին, մամուլի ասուլիսի ժամանակ, Զաիդին շպրտել է իր 2 կոշիկները ԱՄՆ նախագահ Բուշի ուղղությամբ: Այդ ընթացքում լրագրողը գոռում էր. «Առ քեզ վերջին համբույրը, շո՛ւն»: Զաիդին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից արագ տապալվեց գետնին եւ դուրս տարվեց դահլիճից: Այժմ 28-ամյա լրագրողը գտնվում է բանտում, եւ եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նա կարող է ազատազրկվել 5-10 տարի ժամկետով: Մի շարք արաբական երկրներում Զաիդիին համարում են ազգային հերոս:

«Արտեկը» միտումնավոր են սնանկացնում

Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի՝ հայտնի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի էլեկտրաէներգիան երեկ անջատել են պարտքերի համար, իսկ այժմ պետք է անջատեն նաեւ ջուրը: Նախկին պիոներական ճամբարի սպասարկող անձնակազմը՝ մի քանի տասնյակ մարդ, նոյեմբերից աշխատավարձ չի ստացել, իսկ այժմ նրանց բնակարաններում ցուրտ է եւ մութ: Նրանք ամեն ինչում մեղադրում են ճամբարի տնօրեն Բորիս Նովոժիլովին եւ չեն հավատում, որ նա, գտնվելով Կիեւում, հացադուլ է հայտարարել: Տնօրենը չի հայտնվել «Արտեկում» արդեն 3 շաբաթ: «Մենք հաստատ գիտենք, թե երբ է նա գալիս այդ օրերին նրա տան պատուհաններից բարձրաձայն հնչում է «Վլադիմիրսկի ցենտրալ» երգը, իսկ այժմ ամեն ինչ խաղաղ է»,- ասում են մանկական կենտրոնի աշխատակիցները: «Արտեկի» ղեկավարը, ըստ վկաների, վատ չի դասավորել իր կենցաղը: Նա սեփականացրել է մի ամբողջ հանգստյան տուն, որը գտնվում է ճամբարի տարածքում եւ այնտեղ շքեղ կյանք է վարում: Նովոժիլովի մոտ հաճախ էին հյուր գալիս Ուկրաինայի նախագահը, նրա տիկինն ու երեխաները: Մարդիկ վստահ են, որ հենց Յուշչենկոն է ուզում արհեստականորեն սնանկացնել ճամբարը եւ վաճառել «Արտեկի» թանկ հողերը: Ըստ նվազագույն հաշվարկների՝ մանկական կենտրոնի 210 հա-ն արժե ոչ պակաս, քան $900 հազար: Չնայած նախկին պիոներական ճամբարում վաղուց արդեն երեխա չկա, տարածքում՝ բարձր հյուրերի հնարավոր այցելությունն ապահովելու համար, ներկա են բազմաթիվ թիկնապահներ եւ դրված են տեսախցիկներ:

Վրացական ընդդիմությունը միավորվում է

Հինգշաբթի օրը Վրաստանի ընդդիմությունը հուշագիր է ստորագրել, որով կանխանշել է իր գլխավոր նպատակը՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Հուշագիրը ստորագրել են հիմնական ոչ խորհրդարանական քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները: «Վրեմյա նովոստեյ» թերթը հիշեցնում է, որ 2008 թ. հունվարին Միխայիլ Սահակաշվիլին վերընտրվել է նախագահի պաշտոնում, սակայն ընդդիմությունը հայտարարել է, որ քվեարկության արդյունքները կեղծված են: Ընդդիմությունը չի հավատում նաեւ անցած տարվա մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների օրինականությանը: Այդ ընտրություններից հետո մի շարք պատգամավորներ հրապարակավ պատռել են իրենց մանդատները: Օգոստոսյան իրադարձություններից հետո արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները թեժացել են: Ընդդիմության միավորման վերաբերյալ հուշագիրը ստորագրել է խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն: Իսկ մեկ այլ հայտնի ընդդիմադիր՝ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան փաստաթղթին չի միացել, սակայն հայտարարել է, որ համաձայն է դրա գաղափարների հետ: Ըստ Ալասանիայի՝ նախագահի հրաժարականն անհրաժեշտ է, քանի որ Սահակաշվիլին սպառել է Վրաստանում տիրող ճգնաժամը հաղթահարելու ռեսուրսները:

Ընդդիմությունը կարծում է, որ իր շարքերի համալրումը Արեւմուտքում հեղինակություն վայելող քաղաքական գործիչներով կօգնի համոզել ԱՄՆ վարչակազմին հրաժարվել Սահակաշվիլուն անվերապահ աջակցելուց: Ինքը՝ նախագահը, կտրականապես դեմ է արտահերթ ընտրություններին, իսկ խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն հայտարարել է. «Ընդդիմությունը, ցավոք սրտի, ընտրել է արմատական ճանապարհը: Իսկ Վրաստանին անհրաժեշտ է համագործակցություն՝ հանուն տնտեսական բարեկեցության, երկրի անվտանգության ապահովման եւ գրավյալ տարածքների ազատագրման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել