Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ-տեղ ճգնաժամը օգտակար է

Հունվար 31,2009 00:00

\"\"Արդեն երեք շաբաթ է՝ հարկադիր արձակուրդի են անցել Էջմիածնի գինու եւ կոնյակի «Սարկոպ» գործարանի ավելի քան 80 աշխատակիցները: Կոմբինատի ղեկավարությունն այդ քայլը բացատրում է ֆինանսատնտեսական ճգնաժամով, որը չշրջանցեց նաեւ իրենց:

90-ականներից սեփականաշնորհված ու անգործության մատնված գործարանը մասամբ վերագործարկվեց 2006-ին՝ հայ-ռուսական երկկողմ պայմանագրի արդյունքում:

Հայկական կողմից սեփականատերը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանն է, ով գործարքին մասնակցել է որպես սոսկ նյութական պատասխանատու. ներդրման նրա մասը կոմբինատի շենքն է, պահեստները եւ որոշակի գույք: Իսկ ֆինանսական կողմն արդեն երկու տարի է՝ ապահովում է մեծահարուստ, ռուսական անշարժ գույքի շուկայում գերակա դիրք ունեցող Անատոլի Կոպտեւը:

Քայքայված գործարանը վերագործարկելու՝ Կոպտեւի $35-40 մլնի ներդրման արդյունքում վերանորոգվել են ավերված արտադրամասերը, հատը $300-ով ձեռք է բերվել կաղնու փայտից 2000 տակառ, որոնցից գործարանը նախկինում ավելի շատ է ունեցել, բայց չի պահպանել՝ վաճառել է: 1990-ականներից հետո երբեմնի հարուստ գործարանից գրեթե ոչինչ չէր պահպանվել. վաճառել էին՝ ինչ կարողացել էին, այդ թվում՝ 3-15 տոննա տարողությամբ 500-ից ավելի փայտե դույլանման տարաները՝ «բոդերը», որոնց հատը ներկայումս $6000 արժե, 250-300 հազար շիշ բարձրորակ կոլեկցիոն գինիներ, տակառներ: «Բոդեր» ձեռք բերելու, ինչպես նաեւ՝ կոմբինատի պատրաստի արտադրանքը շուկա հանելու՝ Կոպտեւի ծրագրերը ճգնաժամի արդյունքում թերեւս անորոշ ժամանակով կձգձգվեն, բայց դրանից կշահի կոնյակը, որի սպիրտն արդեն երկու տարի դրված է հնեցման:

Իրենց հաշվին արձակուրդ գնացածները աշխատանքը վերսկսելու հույսը չեն կորցնում. գործարանի ղեկավարությունը նրանց ասել է, որ մինչեւ փետրվարի 15-ը ետ կկանչի աշխատանքի:

«Սարկոպ» ընկերության մասին Հայաստանի գործարար տեղեկատուներում տեղեկություններ չկային, ընկերության ղեկավարության մեր իմացած հեռախոսահամարները չէին պատասխանում: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք հրապարակել նաեւ նրանց տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել