Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնյա վարորդի տասը պատվիրանները

Հունվար 31,2009 00:00

Վորոնեժի ավտոդպրոցներում տեղի հոգեւոր թեմի ծառայողները սկսել են դասախոսություններ կարդալ՝ «Քրիստոնեության բարոյականությունը վարորդ-հետիոտն, վարորդ-վարորդ հարաբերություններում» թեմայով։

Ապագա վարորդների համար դասախոսություններ է կարդում Վոսկրեսենսկու տաճարի ավագ քահանա հայր Օլեգը։ Պարապմունքներն անց են կացվում շաբաթը մեկ անգամ՝ անվճար։ 30 րոպե տեւողությամբ դասերը, ինչպես հայր Օլեգն է ենթադրում, կհանգեցնեն նրան, որ շատ ավտոսիրողների նշանաբանը կդառնա «Աստված պահապան»-ը։ Նրանցից ոմանք գտնում են, որ իրենց հետ ոչ մի վատ բան չի պատահի՝ ինչպիսի վիճակում էլ նստեն մեքենայի ղեկին եւ ինչ արագությամբ էլ երթեւեկեն։ «Շատերն, աղոթելով եւ շնորհակալություն հայտնելով, իրենց ապահովագրում են,- ընդգծում է քահանան,- եւ դա նշանակում է, որ ավտոսիրողներին անհրաժեշտ է սովորեցնել աղոթել. չէ՞ որ դա նրանց չի խանգարի»։

Հոգեւորականները նաեւ վստահ են, որ կարող են սովորեցնել վարորդներին ճանապարհներին միմյանց լավ վերաբերվել եւ պահպանել երթեւեկության կանոնները։ Հատուկ այդ նպատակով քահանայի կողմից մշակվել են քրիստոնյա վարորդի 10 պատվիրանները, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

1. Ուղեւորությունդ սկսիր մշտապես աղոթելով։ Ե՛վ ուղղափառների, ե՛ւ կաթոլիկների, ե՛ւ բողոքականների ցանկացած գործ սկսվում է աղոթքից։ Դուք ունեք հատուկ աղոթք, որով վարորդը խնդրում է Աստծուն՝ պահպանել իրեն չար ոգիներից, անուշադրությունից եւ անփութությունից, ինչպես նաեւ խմածության կործանիչ հետեւանքներից։

2. Հիշեք, որ ալկոհոլը «Մարդ եւ ավտոմոբիլ» համակարգում բերում է տխուր վախճանի։ Մենք չունենք գինի (օղի, կոնյակ եւ այլն) խմելու կուլտուրա։ Երբ սկսում ենք խմելը՝ կանգ չենք առնում։ Ինչպես եւ՝ մեքենա վարելու կուլտուրա։

3. Աշխատեք ոչ մի դեպքում չկրճատել ուղեւորության ժամանակը։ Եթե ուշ եք սկսել երթեւեկել, ուշ էլ տեղ կհասնեք։ Ավելի կարճ՝ «Ոչ մի դեպքում չգերազանցեք արագությունը»։

4. Շնորհակալություն հայտնեք այն վարորդին, որը ձեզ զիջել է ճանապարհը։

5. Ներողություն խնդրեք այն վարորդից, որին խանգարել եք անգամ ոչ ձեր մեղքով։ Չէ՞ որ, երբ ոտքով ենք քայլում՝ պատահաբար դիպչելով որեւէ մեկին, առանց երկմտելու՝ ներողություն ենք խնդրում։ (Իսկ ինչ է՝ ղեկի մոտ ուրի՞շ էթիկա պետք է լինի)։

6. Միշտ ճանապարհը զիջեք նրան, ով շատ է շտապում եւ ագրեսիվ է տրամադրված։ Չզիջեցիք, միեւնույն է, առաջ կանցնի եւ ավելի վտանգավոր կդարձնի ձեր երթեւեկը։

7. Մեքենան վարեք այնպես, որ պետավտոտեսչության մեքենա տեսնելով՝ անկեղծորեն ուրախանաք։

8. Որքան հնարավոր է հեռու մնացեք այն ավտոմեքենաներից, որոնք վթարային պահեր կարող են ստեղծել։

9. Ոչ մի դեպքում մի գերազանցեք արագությունը, երբ մեկ այլ վարորդ աշխատում է վազանցել ձեր մեքենան կամ անցնել ձեր շարքը։ Դուք գիտեք. եթե դրա համար տուգանք չի նախատեսված՝ հավատացյալը կամ խիղճ ունեցող յուրաքանչյուր մարդ չպետք է այդպես վարվի։ Ինչո՞վ պատճառաբանել դա՝ ինքնասիրությա՞մբ, հպարտությա՞մբ։ Ավետարանում ասված է. «Մտերիմիդ մի՛ արա այն, ինչ քեզ չես ցանկանում»։

10. Յուրաքանչյուր ուղեւորությունից հետո շնորհակալություն հայտնեք Աստծուն՝ հաջող ավարտի համար։ Շնորհակալություն հայտնեք ցանկացած ուղեւորությունից հետո, այլ ոչ թե միայն հաջողից հետո. չէ՞ որ միշտ էլ ձեր ուղեւորությունը կարող է ավելի վատ ավարտ ունենալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել