«Սվո Ռաֆ», «Կրակեշապիկ հագած մարդը», «Գայլի թակարդ», «Գողական աշխարհ-2», «Հանցագործ աշխարհի անատոմիա», «Պարույր Սեւակ. զուտ սովետական սպանություն» երկհատորանոց գրքերի հրատարակումից հետո արձակագիր Սերգեյ Գալոյանը հրատարակման է պատրաստել հաջորդ գիրքը:
– Դուք 21 գրքի հեղինակ եք, Հայաստանի գրողների միության անդա՞մ:
– Ես Հայաստանի գրողների միության անդամ չեմ:
– Իսկ ինչո՞ւ չեք դիմում՝ միության անդամ դառնալու համար:
– Չեմ դիմել, որովհետեւ ստեղծագործական որեւէ միություն չպետք է սպասի, որ գրողը, նկարիչը, երգահանը իրեն դիմի: Այդ միությունները իրենք պետք է լավ իմանան իրենց աշխարհում գործող հայտնի մարդկանց եւ հրավիրեն: Ես մտահոգություն չունեմ, որովհետեւ իմ ընթերցողն ունեմ:
– Միության անդամ չլինելը հնարավո՞ր է պայմանավորված է նրանով, որ Դուք կրիմինալ պատմություններ եք գրում իրական հանցաշխարհի, գողերի, ավազակների, «հեղինակությունների» մասին:
– Նրանք, ովքեր կարդացել են իմ գրքերը, նկատել են, որ ես գրում եմ ծայրահեղ իրավիճակներում հայտնված ողբերգական կենսագրություն ունեցող մարդկանց մասին: Այդպիսի իրավիճակներում են եղել ոչ միայն Ռաֆայել Բաղդասարյանը՝ Սվո Ռաֆը, Հարություն Ռոստոմյանը՝ Էջմիածինցի Հարութիկը, այլեւ Պարույր Սեւակը, Մինաս Ավետիսյանը, Վարդգես Պետրոսյանը: Որեւէ միության անդամատոմս չգրողին գրող չի դարձրել, կա գիրքը՝ կա այդ գրքի ընթերցողը: Չգիտեմ՝ Հայաստանի գրողների միության անդա՞մ է գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը, բայց շատ ու շատ «գրողներ» պիտի նախանձեն Վարուժանի գրքերին, նրա «Մինասի վերադարձը» խոհագրությանը:
– Բայց Դուք ամենաքննադատվող գրողն եք:
– Դուք ճիշտ եք նկատել, Հայաստանի գրախանութներում եւ գրավաճառների մոտ արդեն ութերորդ ամիսն է, ինչ վաճառվում է պետպատվերով տպագրված «Հուդայի ավետարանը»: Դրանից քիչ հետո «Գարուն» ամսագրում տպագրվեց այս ավետարանի մի ուրիշ՝ ավելի որակյալ թարգմանություն: Միայն դրանից հետո տպագրվեց «Տրակտատներ տղամարդկանց մասին» գիրքը, որտեղ կա «Հուդայի ավետարանի» իմ թարգմանությունը եւ այդ ավետարանի հայտնաբերման անչափ հետաքրքիր պատմությունը: Բայց մեկը, որին բարեկամ էի համարում, թերթերից մեկում իմ դեմ նյութ հրապարակեց, խորհուրդ տալով հրապարակավ այրել այն: Մի ուրիշ տղա, որը պատրաստվում է Պարույր Սեւակին ներկայացնել որպես ԽՍՀՄ ՊԱԿ-ին համագործակցած անձ, չի կարդացել Սեւակի մասին գրած-հրատարակած իմ գրքերը եւ դա հայտարարում է եթերով, ասում է, որ զուտ «սովետական սպանություն» չի լինում: Մանչուկը կարդալու ժամանակ չունի, նա միայն գրում է: Բայց ինքը պարտավոր էր կարդալ իր գիրքը, որում Պարույր Սեւակի սպանությունը «զուտ սովետական» է համարել: Այսքանից հետո այսպիսի քննադատություններին լուրջ վերաբերվելը առնվազն անլրջություն կլիներ:
– Այժմ ի՞նչ գրքի վրա եք աշխատում:
– Ավարտում եմ «Երեւանի գաղտնիքները», որը ներկայացնում է 1940-2000թթ. Երեւանը: Այստեղ տարբեր մարդիկ են ներկայացված՝ Հրաչյա Ներսիսյան, Ավետիք Իսահակյան, Պարույր Սեւակ, Մինաս, Սլավիկ Չիլոյան, Վարուժան Նալբանդյան, Նորայր Թադեւոսյան («Դքի Նորո»), Ռաֆիկ Բաղդասարյան («Սվո Ռաֆ»), «Հարութիկ», Շահեն Խաչատրյան, Վանո…
– Ինչո՞վ կբացատրեք այս տարօրինակ ցանկը:
– Նշածս մարդկանցից յուրաքանչյուրը մեր հրաշք քաղաքին իր գույնն ու համն է տվել: 1995-ին ՀՀ ներքին գործերի նախարար Սիրադեղյանի ջանքերով Երեւանին վերադարձվեց Ազգային պատկերասրահից 4 ամիս առաջ գողացված Այվազովսկու «Լուսնկա գիշերը» հրաշք գործը: Սա չպիտի մոռանալ: Չպիտի մոռանանք, թե ինչպես սպանվեցին Սեւակը, Մինասը, Սլավիկ Չիլոյանը: Չպիտի մոռանանք նաեւ Երեւան քաղաքի հեղինակություններին՝ «Սվո Ռաֆին», «Դքի Նորոյին», «Ծիպո Վարդգեսին», «Նորագյուղցի Ավետին» (որն այժմ, փառք Աստծո, կա, ապրում է): Քչերը գիտեն, որ Մհեր Մկրտչյանը ակնածանքով է խոսել Նորայր Թադեւոսյանի մասին: Դեպքեր են եղել, երբ Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացումները նվիրվել են «Դքի Նորոյին»: Նրա դուռը բաց է եղել ճանաչված բժիշկների, գրողների, նկարիչների, մտավորականների առաջ: Կյանքի 64 տարիների ընթացքում որեւէ մեկին վնաս չի տվել եւ եթե օգնել է՝ անշահախնդիր:
– Իսկ ինչո՞ւ էին ասում «Դքի Նորո»:
– Նրանց տունը «Ռոսիա» կինոթատրոնի նեղլիկ փողոցներից մեկում էր գտնվում, հարեւան տներից մի քիչ բարձր, «դքի» վրա: Նորիկը նաեւ ռուս ընկերներ ուներ, որոնք չկարողանալով «Դքի Նորո» ասել, ասում էին՝ «Դիկի Նորո»:
– Հիմա մենք ապրում ենք այլ արժեքներով եւ հետաքրքրություն կա՞ խորհրդային շրջանի իրենց «ոսկեդարն» ապրած «ավտարիտետների» նկատմամբ:
– Մենք ունենք ազգային հերոսներ, բայց քաղաքը չունի արդարամիտ մարդիկ, որոնց առջեւ փողոցում խոնարհվում էին, դա լիներ Հրաչյա Ներսիսյան, թե «Դքի Նորո»: Քաղաքին այդ հեղինակություններն են պետք, եւ քաղցը նրանց նկատմամբ՝ դրանով է բացատրվում: