Կապանի քաղաքապետը դիմելու է կառավարություն՝ ջրամատակարարման ցանցը համայնքի ենթակայությանը վերադարձնելու համար:
«Կապանի ներքին ցանցը նորոգման կարիք ունի, խողովակները հին են ու մաշված, ուստի անխուսափելի են վթարները: Ջրի կորուստները մեծ են, քանի որ ջրագողությունը մեծ չափերի է հասնում»,- օրերս Կապանի քաղաքապետարանում քաղաքի ջրամատակարարման թեմայով կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Հայջրմուղկոյուղու» Հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը:
Վերջերս Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը «Հայջրմուղկոյուղու» կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սոուրե» ընկերության կառավարիչ Պատրիկ Լորենին առաջարկել էր ներդրումներ անել քաղաքի ջրամատակարարման ցանցը բարելավելու համար, հակառակ դեպքում, քաղաքապետն ասել էր, որ ստիպված է լինելու հատուկ առաջարկությամբ դիմել կառավարությանը՝ Կապանի ջրամատակարարման ցանցը համայնքի ենթակայությանը վերադարձնելու համար: Պատրիկ Լորենն, ի պատասխան քաղաքապետի առաջարկի, հայտնել էր, որ առայժմ միջոցներ չկան ներդրումներ անելու համար, քանի որ առնվազն $10 միլիոն է պետք, որպեսզի ցանցը լիովին նորացվի: Քաղաքապետն առաջարկել էր գոնե ամսական 3-4 միլիոն դրամի ներդրում կատարել, սակայն քանի որ քաղաքապետարանում կայացած քննարկմանը ֆրանսիացի պաշտոնյան չէր մասնակցում՝ այդ հարցը մնաց օդում: Այդուհանդերձ, Ջիվան Մարգարյանը կարծում էր, որ՝ «Ջրմուղի արտաքին ցանցը հենց «Հայջրմուղկոյուղու» սեփականությունն է, իսկ ներքին ցանցը համայնքինը: Կարծում եմ, դժվար կլինի ցանցը՝ համայնքային ենթակայության հանձնելը, քանի որ կառավարությունն է հավատագրման հանձնել, եւ հետո դժվար կլինի քաղաքապետարանի համար»:
Նա կոնկրետ օրինակներով փորձում էր ապացուցել, որ, այնուամենայնիվ, ներդրումներ եղել են, ու չի կարելի արած գործն անտեսել: Նա հերթով թվարկեց, թե ինչ կոնկրետ աշխատանքներ են արվել. «Մասնավորապես, ջրատար խողովակի վթարի պատճառով ավերվել էին ՀՊՃՀ-ի Կապանի մասնաճյուղի շենքի ջրի խողովակները, դրանք ամբողջովին «Հայջրմուղկոյուղու» կողմից նորոգվել են, վերազինվել են լաբորատորիաները, 2 տարվա մեջ միայն Կապանում 13 կմ խողովակաշար է վերականգնվել, ջրամատակարարումը՝ նախկին 3-4 ժամից հասցվել է 13-14 ժամի»: Տնօրենն ընդունում էր, որ ձմռան այս ժամանակահատվածում գուցեեւ խախտվել է ջրամատակարարման գրաֆիկը, բայց՝ «հնարավորինս ամեն ինչ արվում է, որ էական տարբերություններ չլինեն»:
Քննարկման ժամանակ մատակարարվող ջրի որակի մասին խոսեց նաեւ հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզի մասնաճյուղի պետ Լենա Մալինցյանը: Ըստ նրա՝ ջուրը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին, եւ քաղաքում արհեստական խուճապ տարածելու կարիք ամենեւին չկա: Համատիրությունների ղեկավարները, քաղաքապետարանի պաշտոնյաներն ու ջրմուղկոյուղու նախկին պետ Յուրա Գյունյաշյանը միանգամայն համամիտ էին, որ ջրամատակարարման ցանցը հանձնվի քաղաքային ենթակայության: Այդ օրինակով նրանք մատնացույց արեցին Քաջարան քաղաքը, որտեղ բնակիչները նույնիսկ ջրաչափ չեն տեղադրել: Ջիվան Մարգարյանի խոսքերով, Քաջարանը շատ փոքր քաղաք է ու չի կարելի համեմատել Սյունիքի մարզկենտրոնի հետ: Նա համաձայն էր այն տեսակետին, որ պետք է քաղաքներում գործեն կոյուղու մաքրման ցանցերը, միայն այդ դեպքում բնապահպանները այլեւս մտահոգվելու խնդիր չեն ունենա: