Բացի հատուկ սերտիֆիկատից, դա Եվրամիության երկրներ ապրանքներ արտահանելու համար պարտադիր մակնշում է:
Այսուհետեւ տեղական արտադրողները մեղր, ծխախոտ, միրգ, բանջարեղեն, ձկնամթերք, բնական հյութեր եւ այլ սննդամթերքներ կարող են Եվրամիության երկրներ արտահանել զրոյական կամ շատ ցածր մաքսատուրքով: Հայ գործարարներին այս ուրախալի լուրը երեկ ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Հայաստանը՝ Կոլումբիայի, Էկվադորի, Ադրբեջանի, Վրաստանի եւ մի շարք այլ երկրների հետ օգտվելու է GSP+ համակարգից, որը արտոնությունների ընդհանրացված համակարգ է: Փոխնախարարի կարծիքով, դա մեր երկրին հնարավորություն է տալիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում ակտիվացնել եւ զարգացնել արտահանումը, մանավանդ, որ մեր երկրի արտադրանքի մոտ 30%-ն արտահանվում է եվրոպական երկրներ: Ըստ պարոն Թումասյանի, որպեսզի գործարարը կարողանա օգտվել Եվրոպայի կողմից տրամադրած արտոնություններից, պետք է ունենա ծագման երկրի սերտիֆիկատ եւ անպայման «made in Armenia» մակնշումը:
Արտոնություններից օգտվող ապրանքատեսակների ցանկը չի սահմանափակվում մի քանի տասնյակով, շուրջ 6400 անուն ապրանք կա: Ասուլիսին ներկա «Գործատուների միության» գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի խոսքերով էլ, Հայաստանը վավերացրել է մի շարք կոնվենցիաներ, որոնք վերաբերում են աշխատանքերի կազմակերպմանը, ապրանքների անվտանգությանը, եւ եթե արտահանողները այդ չափանիշները խախտեն՝ մեր երկիրը կարող է ժամանակավոր զրկվել GSP+ համակարգից. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտահանման ծավալները փոքր են ներմուծման ծավալներից, եւ այդ ճեղքվածքը արհեստականորեն մեծացավ դրամի արժեւորումից: GSP+ համակարգը կխթանի արտահանումը, արտաքին շուկաներում կունենանք որոշակի ճանաչելիություն: Ցավոք, արտաքին շուկաներում Հայաստանի ապրանքները վատ են ճանաչում: Ուղղակի դրանց ծավալները քիչ են, բրենդ չունենք»: Հստակ տվյալ չկա, թե մինչ օրս որքան գործարարներ են օգտվել այս համակարգից: Ըստ պարոն Մակարյանի. «Այս ճգնաժամի պայմաններում շատերը դեռ չեն հասցրել օգտվել դրանից: Բանկերը որոշակի սառեցրել են վարկերի տրամադրումը, արտաքին շուկաների հետ կապված խնդիրները բերել են նրան, որ այս տեսանկյունից ակտիվություն չկա: Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, քանի որ հնարավորությունը տրված է 3 տարվա համար»: Պարոն Մակարյանի կարծիքով, ազատ առեւտրի համակարգը գուցե օգնի նաեւ մեր երկրի հանքարդյունաբերությանը:
2007-ին Եվրամիության կողմից տրված նմանատիպ արտոնությունը, փոխնախարարի հավաստմամբ, հնարավորություն է տվել խնայել 120 եվրո, այսինքն՝ այդքան հարկ չի վճարվել արտերկիր: Թե որքան կտնտեսվի այս 3 տարիներին, ոլորտի պատասխանատուն չկարողացավ ասել: Փոխնախարարի փոխանցմամբ, ծխախոտի արտադրանքի համար մաքսատուրքը նվազեցվում է 55%-ով, բնական հյութերի համար՝ 30%, մրգերի համար՝ 20%, բանջարեղենի՝ 14%, իսկ, ասենք, ձկնեղենի համար՝ 20%-ով: Նշենք, որ փետրվարին սպասվում է Եվրամիության փաստահավաք հանձնաժողովի այցը Հայաստան, որը մի շարք գերատեսչությունների հետ միասին դեռ պետք է ծանոթանա մեր օրենքներին եւ փաստաթղթերին: Փոխնախարարի խոսքերով, առեւտրին կամ ապրանքների անվտանգությանը վերաբերող որոշ օրենսդրական ակտեր գուցե փոփոխվեն, որոշ օրենքներ վերանայվեն: Մ. Թումասյանի խոսքերով. «Դրանք պետք է «հարմոնիզացվեն»: