Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՊԱՆՉԻՆԵՐԸ» ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

Հունվար 31,2009 00:00

\"\"Լոռու մարզի Օձուն գյուղի տղամարդիկ, որոնք պարբերաբար մեկնում են արտագնա աշխատանքի, նախորդ տարիների համեմատ այս Ամանորին չնչին գումարով են տուն վերադարձել:

Օտարերկրացիների համար հարյուր հազարավոր աշխատատեղեր ապահովող Ռուսաստանի իշխանությունն օրերս որոշում է կայացրել, որ աշխատելու նպատակով իրենց երկիր մեկնողների թիվը պետք է հնարավորիս նվազեցնել եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին հերթին աշխատանքով ապահովել իրենց քաղաքացիներին: Ի թիվս ԱՊՀ շատ այլ երկրների, ՌԴ-ի այս որոշումն իր անմիջական ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի վրա: Մեր երկրից արտագնա աշխատանքի են մեկնում հիմնականում Ռուսաստան, սակայն 2009-ին նրանց մուտքը այդ երկիր կսահմանափակվի: Ռուս գործարարներն արդեն իսկ սկսել են աշխատանքից ազատել օտարերկրյա քաղաքացիներին կամ կրճատել նրանց աշխատավարձերը: Ըստ վիճակագրության, «խոպանչիների» ճնշող մեծամասնությունը մարզերի բնակիչներ են: Նրանց ընտանիքներն արդեն իսկ զգում են վերոնշյալ որոշման հետեւանքները, քանի որ ընտանիքի տղամարդիկ Ռուսաստանից վերադառնում են հիմնականում աշխատանքը կորցրած եւ ձեռնունայն: Հայաստանի շատ այլ գյուղերի թվում, այս որոշման բացասական հետեւանքներն արդեն իսկ զգացվում են Լոռու մարզի Օձուն գյուղում:

Նախօրեին «Առավոտը» այցելեց Օձուն: Գյուղացիների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ նրանցից շատերը, նախորդ տարիների համեմատ, այս տարի շատ քիչ գումար են վաստակել: Այդուհանդերձ, վերջիններիս հավաստմամբ. «Դա պարապ մնալուց ավելի լավ է, էլի կարողանում ենք մի երկու կոպեկ աշխատել ու մեր ընտանիքները «յոլա» տանել»: 36-ամյա Սուրենը, որը 2 երեխայի հայր է եւ արդեն 10 տարի է, ինչ պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, մեզ հետ զրույցում ասաց. «Դե, եթե գնում ես ու գործ ես անում, էլի քչից-մչից մի բան դուրս ա գալիս: Համ էլ դե որ դրսում մի քիչ փող ենք աշխատում, ուղարկում ենք գյուղ, տնեցիները դրանով անասուն-բան են առնում, կեր են առնում ու պահում-մեծացնում են: Մենք էլ վերադառնում ենք, դրանք մորթում եւ ծախում: Էլի գումար ա, դրանով կարողանում ենք մեր գլուխը պահենք»: Իսկ մեր այն հարցին, եթե այս տարի Ռուսաստան գնալու հետ խնդիրներ առաջանան, եւ դժվար լինի այնտեղ աշխատելը, ինչքանո՞վ դա կազդի իրենց ընտանիքների բարեկեցության վրա, երիտասարդներից մեկը պատասխանեց. «Գյուղում էդքան աշխատանք չկա, որ գործ անես ու կարողանաս կլոր տարին ընտանիքդ պահել: Ինչ-որ ցանում ես՝ կամ երաշտն ա տանում, կամ կարկուտը, իսկ անասուն պահելու համար էլ գումարներ են պետք, թե չէ՝ մի երկու կովը մեր վերքը չի լավացնում: Չեմ էլ պատկերացնում, թե ինչ կլինի, որ սեզոնին Ռուսաստան չգնանք: Առանց դրսում աշխատելու՝ ոչ ոք չի կարողանա իր գլուխը պահել: Ինչ էլ լինի՝ գնալու ենք, դե էսքան տարի աշխատել ենք, մեզ արդեն ճանաչում են»:

Շրջայց կատարեցինք նաեւ Օձունի խանութներում, որից հետո պարզ դարձավ, որ ՀԴՄ տեղադրելու եւ կիրառելու՝ Պետեկամուտների կոմիտեի պահանջն այստեղ, մեղմ ասած, անիրատեսական է: Մի քանի խանութների տերեր մեզ հետ զրույցում նշեցին, որ ամանորյա տոներից հետո առեւտուրը բոլորովին կանգ է առել: Մարդիկ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներ են քիչ գնում, բացառությամբ՝ ալյուրի, որի առեւտրի ծավալը եւս նվազել է: Խանութներից մեկը գրեթե դատարկ էր: Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչո՞ւ են ցուցափեղկերը դատարկ, վաճառողը պատասխանեց, որ վերջին 20 օրերին ոչ ապրանք են բերել, ոչ էլ դեռ ցանկանում են բերել, քանի որ գնորդ չկա, իսկ եղածն էլ, պարզ է, միայն ապառիկ են տանում:

Նշենք նաեւ, որ մեր այցե լած խանութներից ոչ մեկում ՀԴՄ տեղադրված չէր: Երբ փորձեցինք հետաքրքրվել պատճառների մասին, լսեցինք հետեւյալ պատասխանը. «Հիմա էս տետրը տենո՞ւմ ես, հլա բաց արա ու կարդալով գնա, սաղ ապրանքս «նիսյայով» եմ տվել, հիմա ես ո՞նց կարամ կտրոն խփեմ, եթե ծախած ապրանքի դիմաց գումար չեմ ստանում: Իսկ պարտքերն էլ՝ ով գիտի երբ են տալու»: Խանութի տերերի ներկայացմամբ, թեեւ իրենք միշտ էլ «նիսյայով» առեւտուր են անում, սակայն այս տարի թե՛ ժողովուրդն է սկսել քիչ ապրանք գնել, թե՛ տարած ապրանքի դիմաց ավելի ուշ վճարել, որը, ըստ նրանց, կախված է այն բանից, որ գյուղի «խոպանչիների» մեծ մասը թեեւ արդեն վերադարձել է, սակայն՝ գրեթե դատարկաձեռն: Ի պատասխան մեր հարցին, թե խանութում նորմալ առեւտուր լինու՞մ է, վաճառողներից մեկն ասաց. «Գյուղում առեւտուրը լրիվ մեռած ա: Կհավատաք, թե՝ չէ, բայց մարդիկ էն ժամանակ են նորմալ առեւտուր անում, երբ գյուղում մարդ ա մեռնում, բայց դե էլի «նիսյայով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել