Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինականացնել մեդալ բաժանելը

Հունվար 31,2009 00:00

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բանակի օրվա առթիվ մի խումբ զինվորականների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, պարգեւատրեց Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ հիշեցրեց այս մասին եւ հայտարարեց, որ ԱԺ նախագահը մեդալ հանձնելու իրավասություն չունի. «ԱԺ նախագահը Բանակի օրվա կապակցությամբ մեդալներ բաժանեց մի խումբ զինվորականների, որը օրենքի խախտում է, եւ անհասկանալի է, թե ինչ է նշանակում Ազգային ժողովի մեդալ: Ես կարծում եմ, որ նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունը (հանձնաժողովը քննում էր «Իրավական ակտերի մասին» օրենքում կատարվող փոփոխությունները- Մ.Ե.) կարող է որոշակիորեն այդ տարընթերցումը կամ հակասությունը վերացնել եւ, մասնավորապես մեդալներ տալու հետ կապված, ԱԺ նախագահը այդ ֆունկցիան ունենա: Այն, որ ԱԺ Կանոնակարգ-օրենքում պետք է փոփոխություններ կատարել, պարտադիր է, եւ ես ուզում եմ օրենսդրական նախաձեռնության հեղինակների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱԺ Կանոնակարգում սահմանված են ԱԺ նախագահի լիազորությունները, հետեւաբար, իրավական ակտերի մասին միանգամայն իրավացի այս օրենսդրական փոփոխությանը զուգահեռ, պետք է նաեւ փոփոխություններ կատարել ԱԺ Կանոնակարգում: Ես հույս ունեմ, որ այս փաթեթը երկուշաբթի հենց այս ձեւով մեզ կներկայացվի»: Պարոն Դալլաքյանի այս հայտարարությունը առիթ դարձավ, որպեսզի մենք ուսումնասիրենք տարբեր տարիների ԱԺ նախագահների կողմից մեդալներ բաժանելու պրակտիկան: Պարզվում է, բավականին հարուստ փորձ կա, եւ եթե արդեն հինգ տարի ԱԺ նախագահները մեդալներ են բաժանում, չունենալով դրա համար օրենքով սահմանված իրավասություն, ուրեմն ինչո՞վ է հինգ տարի շարունակ զբաղված ԱԺ իրավաբանական վարչությունը, որը պարտավոր էր խորհրդարանի տարբեր տարիների նախագահներին հուշել, որ եթե այդքան մեծ ցանկություն ունեն նախագահական հովերով ապրելու, ապա պետք է բարի լինեն եւ օրինականացնեն մեդալ բաժանելու իրենց ցանկությունը: ԱԺ վերջին տարիների պատմությունն արձանագրել է, որ Պատվո մեդալ բաժանելու նախաձեռնությունը ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանինն է, վերջինս լավագույն աշխատանքի համար առաջին անգամ 2004-ին մեդալներ բաժանեց այն ժամանակ խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանին, Հրանուշ Հակոբյանին, Գագիկ Մինասյանին, Գագիկ Մխեյանին եւ Թաթուլ Սողոմոնյանին: Հետո՝ պաշտպանության այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանին եւ այլ զինվորականների՝ դարձյալ Բանակի օրվա կապակցությամբ: Պատվո մեդալ բաժանելու փոքրիկ մեղքից զերծ չի մնացել նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա մեդալով պարգեւատրել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել