Պաշտպանը դիմում է քրեակատարողական վարչությանը
«Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դեռ 2008 թ. դեկտեմբերի 26-ին էր դիմել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Մարտիրոսյանին, արձանագրելով, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող իր պաշտպանյալի կողմից վերջին շրջանում առողջական վիճակի վատթարացման հետ կապված բողոքները դարձել են անընդմեջ եւ շարունակական՝ հատկապես գիշերային ժամերին, սակայն նրան ժամանակին եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց չի տրվել, քանի որ այդ մեկուսարանում չկա շուրջօրյա բժշկական սպասարկում եւ ստացիոնար բուժմաս: Նկատի ունենալով այն, որ արցախյան ազատամարտի մասնակից Ս. Միքայելյանը ստացած բեկորային վնասվածքների արդյունքում իր մարմնում ունի բազմաթիվ բեկորներ, որ ենթարկվել է բազմաթիվ վիրահատությունների եւ տառապում է սրտանոթային անբավարարվածություն հիվանդությամբ, տարել է ինֆարկտ, պաշտպան Հ. Արսենյանը միջնորդել էր՝ «նկատի ունենալով, որ Ս. Միքայելյանը ծառայել է ՀՀ ՊՆ զինված ուժերում, ունի փոխգնդապետի կոչում, նրան տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ առկա են այնպիսի պայմաններ, որ նրա նկատմամբ կարող է իրականացվել մշտական բժշկական հսկողություն», եւ ընդամենը:
Այդ միջնորդության առնչությամբ ՀՀ ԱՆ ՔՎ պետ Մարտիրոսյանը պատասխանել էր, թե՝ միջնորդությունը ուսումնասիրվել է, բայց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից մեկ այլ ՔԿՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է Երեւանի քրեական դատարանի որոշումը»: Հիշյալ գրության առնչությամբ Հ. Արսենյանը օրերս տարակուսանք էր հայտնել, թե՝ իր միջնորդությունը դատարանի որոշման հետ կապ չունի:
ՔԿ վարչություն-պաշտպան հեռակա բանավեճը, սակայն, սրանով չէր ավարտվել: Հունվարի 29-ին այդ վարչության մամուլի խոսնակը պաշտպանին պատասխանել էր քաղաքական գնահատականներով՝ «պաշտպան Հ. Արսենյանը, միանալով որոշ քաղաքական ուժերի կողմից ՔԿՀ-ն քաղաքական ինտրիգների մեջ ներգրավելու անհույս փորձերին…», համեմված մի հաղորդագրությամբ: Այնտեղ պաշտպանին մասնավորապես «խորհուրդ» է տրվել «ընթերցել ՀՀ քրեադատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 8-րդ կետը, որը սահմանում է՝ կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա կալանքի տակ պահվող անձին տեղափոխել մեկ այլ քննչական մեկուսարան»:
Երեկ փաստաբան Հ. Արսենյանը հակադարձեց մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությանը, եւս մեկ անգամ հիշեցնելով ու պնդելով, Ս. Միքայելյանին «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխելու իր միջնորդությունը, որի իմաստը, նրա կարծիքով, խոսնակի հայտարարության մեջ «միտումնավոր խեղաթյուրվել» է: «Ես պատճառաբանել եմ իմ միջնորդությունը, թե՝ որտե՞ղ է դրանում «քաղաքական ինտրիգ»՝ չգիտեմ: Այո, ի՞նչ կապ ունի դատարանի որոշումը տվյալ դեպքում, երբ գոյություն ունի Քրեակատարողական օրենսգիրք: Առաջնորդվե՛ք դրանով, ձեր լիազորություններով եւ փաստերը խեղաթյուրելու փոխարեն կատարեք ձե՛ր պարտականությունը: Այս պահին Ս. Միքայելյանի կյանքին ու առողջությանը իրական վտանգ է սպառնում, եւ ՔԿՀ-ն է պարտավոր մտածել կալանավորի կյանքի անվտանգության, առողջության համար»,- հայտարարեց պաշտպանը՝ հավելելով, որ ոչ թե իր, այլ հե՛նց ՔԿՀ վարչակազմի պարտավորությունն է՝ դիմել որտեղ որ պետքն է՝ իր պաշտպանյալին այլ ՔԿՀ տեղափոխելու հարցը հանգուցալուծելու համար, եւ «հենց դա է ասում խոսնակի մեջբերած հոդվածը»: