Լրահոս
Օրվա լրահոսը

Ուտե՞լ, թե՞ չուտել

Հունվար 30,2009 00:00

Դեռեւս կան մարդիկ, ովքեր աղի բլիթ ուտելուց հետո սպասելու են իրենց ջուր տվողներին

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, դրա հետ կապում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այս առիթով արված «Առավոտի» հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել՝ դեռ շարունակվո՞ւմ է ավանդույթ դարձած աղի բլիթ ուտելը, արդյոք երիտասարդները հավատո՞ւմ են, որ բլիթն ուտելիս անպայման երազ են տեսնելու, որտեղ էլ իրենց փեսացուն կամ հարսնացուն իրենց ջուր է տալու… Պարզվում է՝ երիտասարդների մեծ մասը հավատում է աղի բլիթի մոգական ուժին: Օրինակ, 26-ամյա Աննան անկեղծացավ, որ դեռեւս սիրահարված չէ, եւ մեծ ակնկալիքներ ունի՝ կապված աղի բլիթի հետ. «Ես հավատում եմ աղի բլիթին: Չնայած դեռ սիրահարված չեմ, բայց արդեն 3 տարի ուտում եմ աղի բլիթ եւ 3 տարի շարունակ երազում տեսնում նույն մարդուն, ում իսկապես կուզենայի, որ որպես ապագա ամուսին կողքիս լիներ: Չգիտեմ՝ նա կլինի իմ ապագան, թե ուրիշը, բայց նրա՝ հենց այդ գիշեր երազիս հայտնվելը, իմ համոզմամբ, անտեղի չէ»:

32-ամյա Արմանն էլ պատմեց. «Պատանեկան տարիքում աղի բլիթը հավեսի համար ուտում էինք ընկերներով: Առաջ այնքան էլ լուրջ չէի մոտենում այդ երեւույթին, ու այնքան ժամանակ, մինչեւ մի անգամ բլիթ կերա եւ գիշերը երազումս տեսա, թե ինչպես մեր հարեւան Քրիստինեն ինձ ջուր տվեց, բայց ես չխմեցի: Մի քանի տարի անց, երբ բանակից վերադարձա, մուտքում մի օր պատահական հանդիպեցինք: Հանդիպումը ճակատագրական եղավ, սիրահարվեցի, ինչպես ասում են՝ մինչեւ ականջներս: Այսօր արդեն որդի ունենք, իսկ երազումս նրա տված ջուրը չխմելը ես կապում եմ կնոջս մեծ դժվարությամբ հասնելու հետ: Այդ ժամանակից ի վեր հասկացա, որ աղի բլիթի հետ խաղ չեն անում, երազում տված ջուրն էլ անպայման խմում են…»:

28-ամյա Արսենն էլ հիշեց. «Մի ժամանակ ամեն տարի տատիկիս ստիպում էի, նույնիսկ «կաշառում», որ աղի բլիթ պատրաստեր ինձ համար, բայց վերջին մի քանի տարին արդեն լուրջ չեմ վերաբերվում, սակայն, չգիտես ինչու, դեռ շարունակում եմ հավատալ, որ աղի բլիթը կարող է մոտավոր հուշել, թե ապագա կինդ ով կարող է լինել»:

73-ամյա Օֆելյա տատն էլ մեզ պատմեց, որ իր ամուսնուն երազում առաջին անգամ տեսել է աղի բլիթ ուտելու գիշերը. «Այն ժամանակ երիտասարդ էինք, նմանատիպ բաների հետ հավես ունեինք, հավատում էինք, որ երազը հաստատ իրականանալու է: Բլիթ ուտելու օրը ընկերուհիներով դիմեցինք մեր հարեւանին: Ծեր կին էր, մեր խնդրանքը կատարեց ու մեզ համար աղի բլիթ պատրաստեց, ապա ստիպեց, որ իր աչքի առաջ մինչեւ վերջ ուտենք: Այնքան աղի էր, որ մինչեւ հիմա այդ պահը աչքերիս առաջ է: Անկեղծ ասած՝ զզվելով կերա եւ անհամբեր սպասում էի, որ հասնեմ տուն՝ ջուր խմեմ: Հասա տուն, մայրս իմացավ, որ բլիթ եմ կերել, թույլ չտվեց ջուր խմել եւ այդպես մինչեւ ուշ գիշեր տանջվեցի ծարավից: Երազումս տեսա, թե ինչպես բարձրահասակ մի երիտասարդ մեջքով դեպի ինձ է կանգնած, իսկ ես խնդրում եմ նրան ինձ ջուր տալ, բայց նա ոչ շրջվում է իմ կողմը, ոչ էլ խնդրանքս կատարում: Բայց, ի վերջո, շրջվեց եւ նրա զայրացած հայացքից վախեցած՝ ես արթնացա ու այդպես էլ երազումս ջուր չխմեցի: Դրանից մի քանի օր անց ինձ ծանոթացրին Երեմ անունով բարձրահասակ մի երիտասարդի հետ. դա իմ երազի երիտասարդն էր, ում հետ մեր երկրորդ հանդիպման ժամանակ նշանվեցի, երրորդի ժամանակ էլ՝ ամուսնացա: Այսօր արդեն ես եմ աղի բլիթ պատրաստում թոռներիս եւ հարեւաններիս համար, որ նրանց էլ այցելեն իրենց ապագա ամուսինները»:

Հարցումների ընթացքում պարզեցինք, որ ամեն դեպքում կան մարդիկ, որ աղի բլիթի մասին այլ կարծիքի են: Օրինակ, 22-ամյա Գուրգենի համար դա սնահավատություն է. «Հայերը ինչի ասես, որ չեն հավատա, աղի բլիթը դա նույն գուշակությունն է: Ես ինչպես գուշակների խոսքերին չեմ հավատում, այնպես էլ աղի բլիթին: Երբեք չեմ կերել ու չեմ էլ ուտի: Ինչիս է պետք ուտել, որ մի հատ էլ գիշերը ծարավեմ ու ինձ զսպեմ, տանջեմ, ջուր չխմեմ, ինչ ա՝ ապագա հարսնացուս պետք է հայտնվի… Ապագա հարսնացուս իրա ոտքով կգա ու ինձ կգտնի: Աղի բլիթները չեն, որ պետք է հուշեն՝ ում ինձ կնության առնեմ»:

25-ամյա Մելինեն էլ դժգոհում է. «Հայ երիտասարդությունը ինչեր ասես, որ չի անի անձնական կյանքը փորփրելու, ժամանակից շուտ ապագայի մասին իմանալու համար: Ի վերջո, աղի բլիթով չէ ամեն ինչ որոշվում, ամեն ինչ իր ժամանակն ունի: Այո՛, ես կերել եմ, նույնիսկ երազ տեսել, բայց լրիվ ուրիշ մարդու հետ եմ ամուսնացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել