Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՕՐՀՆՎԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

Հունվար 30,2009 00:00

Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշվում է փետրվարի 7-ին, որն Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ՝ ժողովրդական սովորույթներով, ինչը մեզանում արդեն նվիրական ավանդույթ է դարձել: Այդ օրը երիտասարդներն աղոթում են, որպեսզի սուրբն իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ավանդույթ է նաեւ այն, որ Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Ժողովրդի մեջ տարածված երեւույթ է նաեւ տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտելը, բայց, հավանաբար, քչերին է հայտնի, որ դա hայ եկեղեցու ավանդության հետ բացարձակ կապ չունի: Հայ եկեղեցին հարգում է ժողովրդական ավանդույթները, սակայն մերժում ցանկացած տեսակի գուշակություններ: Այդ օրը, կրկին սովորույթի համաձայն, մարդիկ փոխինդով կամ ալյուրով լի մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին՝ սպասելով Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ այդ գիշեր Ս. Սարգիսը շրջում է հրեշտակների ուղեկցությամբ, եւ եթե նա որեւէ մեկի փոխինդի կամ ալյուրի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, ապա այդ տարի կիրականանա սիրահարի երազանքը:

«Առավոտը» երիտասարդների շրջանում անցկացրած հարցումների միջոցով փորձեց պարզել նրանց տեղեկացվածության աստիճանը՝ կապված Ս. Սարգիս զորավարի, տոնի եւ աղի բլիթի հետ: Հարցված երիտասարդների մեծամասնությունը տեղյակ էր միայն աղի բլիթ ուտելու ու Ս. Սարգսի ձիու պայտի հետքը փոխինդի վրա թողնելու մասին, սակայն քչերին էր հայտնի, որ Ս. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է: Ս. Սարգիսն իր արիության համար մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից կարգվել է իշխան եւ սպարապետ՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Երբ սկսվել են քրիստոնյաների հալածանքները Կապադովկիայում, նա հեռացել է կայսրության սահմաններից եւ իր որդի Մարտիրոսի հետ ապաստանել է քրիստոնյա Հայաստանում: Այնուհետեւ, Հայաստանից անցնելով Պարսկաստան, Շապուհ արքայի կողմից ընդունվել է զինվորական ծառայության: Երբ Շապուհն իմացել է, որ Սարգիսը քրիստոնյա է, նրանից պահանջել է պաշտել կրակն ու զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժել է՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված՝ ամենասուրբ երրորդությունը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Սուրբը կործանում է բագինը, իսկ զայրացած ամբոխը հարձակվում է Սրբի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդի Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է եւ, աներեր մնալով իր հավատքի մեջ, գլխատվում: Նահատակվելուց հետո Սրբի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս. Սարգսին հավատարիմ 14 զինվորները: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները տեղափոխում է Կարբի (Աշտարակի շրջան), ամփոփում եւ կառուցում Ս. Սարգիս եկեղեցին:

Ժողովրդական պատումներից մեկի համաձայն՝ Ս. Սարգիսը, իր 39 քաջ զինվորների հետ, հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշում է կայսերական պալատում: Երբ բոլորը գինովցած քուն են մտնում, կայսրը 40 աղջիկների պատվիրում է սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործում են իրենց ոճրագործությունը, իսկ 40-րդը, քնած Սարգսի առնական ու խաղաղ դեմքը տեսնելով, սիրահարվում է նրան եւ, սպանելու փոխարեն համբուրելով, արթնացնում: Սարգիսը, տեսնելով կատարվածը, իր արագահաս եւ ճերմակ նժույգը հեծնելով ու սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդ ու փշուր է անում քաղաքի դարպասները եւ, բուք ու բորան բարձրացնելով, հեռանում է քաղաքից:

Հավանաբար, այս գեղեցիկ պատումն է պատճառը, որ սիրահարվածներն իրենց երազանքն իրականացնելու նպատակով Սուրբ Սարգսին սկսեցին համարել իրենց արագահաս բարեխոսը:

Ընդունված է նաեւ այն, որ Ս. Սարգսի տոնի առիթով սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ, ծաղիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: Երիտասարդների հետ զրուցելիս պարզվեց, որ նրանք բավականին լուրջ են վերաբերվում ոչ միայն տոնին, այլեւ այդ առիթով նվերների ընտրությանը: Մի քիչ զարմանալի է, բայց պարզվում է, որ հայ տղաներն ավելի ռոմանտիկ են, քան աղջիկները: Տղաներից շատերն ասացին, որ իրենց սիրելիներին նվիրելու են ծաղիկներ, սրտաձեւ փափուկ խաղալիքներ, որովհետեւ վերջինս «խոսում» է իրենց զգացմունքների մասին, եւ որ անպայման տոնը նշելու են երկուսով՝ ռոմանտիկ միջավայրում: Աղջիկների խոսքերից պարզ դարձավ, որ նրանք չեն պատրաստվում իրենց սիրելիներին «սրտիկներ», կամ բացիկներ նվիրել: Գեղեցիկ սեռի մեծամասնությունը Ս. Սարգսի տոնին իր սիրելիի համար որպես նվեր նախատեսել է օծանելիք:

Նշենք նաեւ, որ փետրվարի 7-ին Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի երիտասարդների օրհնության կարգը: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչեւ երեկոյան ժ.21.00-ը: Արարատյան հայրապետական թեմը եւ Պողոսյան այգիները փետրվարի 7-ին, ժ. 15-ից հրավիրում են մասնակցելու աննախադեպ տոնախմբության, որտեղ կլինեն ներկաների մասնակցությամբ ազգային ավանդական խաղեր, համերգային ծրագիր եւ կբաժանվեն նվերներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել