Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 30,2009 00:00

Լեւոն Արոնյանը «Corus»-ի միանձնյա առաջատարն է

\"\"Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի 19-րդ կարգի

71-րդ գերմրցաշարում վերջին երեք տուրերից առաջ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:

Տասներորդ տուրում Լեւոնը գեղեցիկ ոճով պարտության մատնեց Անգլիայի ուժեղագույն շախմատիստ Մայքլ Ադամսին եւ, վաստակած միավորների քանակով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից, դարձավ միանձնյա առաջատար:

Մրցաշարին, մի քանի բացառություններով, մասնակցում են աշխարհի 14 ուժեղագույն գրոսմայստերները: Այնպես որ, թե հաղթանակները, թե պարտությունները կամ ոչ-ոքիները հենց այնպես չեն նվաճվում: Բայց երբ հավասարը հավասարի նկատմամբ նման առավելության է հասնում՝ արժանի է գնահատումի:

«Corus»-ի՝ մինչեւ այժմ կայացած պարտիաներին հետադարձ հայացք գցելով, պարզորոշ երեւում է Արոնյանի իրական ներուժը: Նա մարաթոնյան պայքարի սկզբնամասում համեստ է ձեւանում՝ «լողալով» միջին դիրքերում: Բայց վճռական փուլում «պայթում» է, անակնկալի բերելով բոլորին, անկախ ահեղության աստիճանից: Եվ այդ պահից հետո այլեւս ոչինչ անել հնարավոր չի լինում: Եվ կարեւոր չէ, թե նա, ի վերջո, հաղթո՞ւմ է, թե՞ բաժանում բարձր տեղերը: Ի դեպ, այս ռազմավարությունը ժամանակին կիրառում էր նաեւ աշխարհի 9-րդ չեմպիոն, հանճարեղ Տիգրան Պետրոսյանը: Ու, ըստ ամենայնի, Լեւոնը նրա արժանի հետեւորդը դառնալու բոլոր նախադրյալներն ունի:

Մրցաշարը թեւակոխել է վճռորոշ փուլ, երբ անգամ յուրաքանչյուր կես միավորը մասնակիցներից ցանկացածի համար ճակատագրական նշանակություն ունի: Երեկվա դրությամբ գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ:

1. Լեւոն Արոնյան 6,5 միավոր

2. Սերգեյ Կարյակին 6,0

3. Մագնուս Կարլսեն 5,5

4. Թեյմուր Ռաջաբով 5,5

5. Լանյեր Դոմինգես 5,5

6. Սերգեյ Մովսիսյան 5,5

7. Լյուկ վան Վելլի 5,0

8. Յան Սմիթս 5,0

9. Վասիլի Իվանչուկ 4,5

10. Վան Յուե 4,5

11. Մայքլ Ադամս 4,5

12. Գատա Կամսկի 4,5

13. Դանիել Ստելվագեն 4,0

14. Ալեքսանդր Մորոզեւիչ 3,5

Այսօր Վեյկ ան Զեեում 11-րդ տուրի օրն է: Արոնյանը սեւերով խաղալու է այս մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսեւորող կուբացի Դոմինգեսի հետ, որը «Corus 2009»-ում այս պահի դրությամբ նրան զիջում է ընդամենը մեկ միավոր: Օրվա մյուս զույգերն են. Լյուկ վան Վելին եւ Սերգեյ Մովսիսյանը, Գատա Կամսկին եւ Սերգեյ Կարյակինը, Մայքլ Ադամսը եւ Վասիլի Իվանչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Մագնուս Կարլսենը, Յան Սմիթսը եւ Դանիել Ստելվագենը, Վան Յուեն եւ Թեյմուր Ռաջաբովը:

Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել