Լրահոս
Օրվա լրահոսը

«2009 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ»

Հունվար 30,2009 00:00

\"\"Իսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դժվար թե ազդի սպորտի ոլորտում մեր մշակած ծրագրերի կատարման վրա,

երեկ «Առավոտին» տված հարցազրույցում այսպես ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, 2008 թվականին հայկական սպորտը գրանցեց վերջին տարիների ամենամեծ առաջընթացը: Հետեւաբար, ժողովրդի սպասելիքներն այսուհետեւ ավելի մեծ են լինելու: Արդեն մեկնարկել է օլիմպիական հաջորդ քառամյա փուլը: Ի՞նչ առաջնային ծրագրեր կան դրված մարզաշխարհի առջեւ:

– 2009-ը հայկական սպորտի համար կառուցողական տարի է լինելու: Այն բավականին աշխույժ է մեկնարկել: Մեր հենակետային մարզաձեւերից երկուսի՝ բռնցքամարտի եւ ըմբշամարտի ֆեդերացիաների կատարած աշխատանքների քննարկումների արդյունքներով՝ նախագահների փոփոխություններ եղան: Գործընթացը շարունակվելու է նաեւ 2009-ին: Քննարկումների արդյունքների ամփոփումից հետո ՀԱՕԿ-ը եւ սպորտի պետական կառույցը համապատասխան հետեւություններ կանեն: Իսկ թե ի՞նչ որոշումներ կկայացվեն, նախապես ասել չեմ կարող. ժամանակը ցույց կտա: Տարվա ընթացքում հերթով անդրադառնալու ենք նաեւ մյուս ֆեդերացիաներին: Եվ եթե համոզվենք, որ դրանք թերանում եւ արդյունավետ չեն աշխատում, համապատասխան կադրային փոփոխություններ կկատարենք:

– Դեռ անցած տարվանից խոսվում է մարզադպրոցների աշխատանքները ճիշտ հուն տեղափոխելու անհրաժեշտության մասին: Ինչ-որ բան արվո՞ւմ է:

– Անշուշտ: Որ սպորտում ապագա հաջողությունների հիմնաքարը մանկապատանեկան սպորտում է, երկրորդ կարծիք չկա: Նախարարության համակարգում դրանց գործունեության նախնական քննարկումներն անցկացվել են: Այդ նպատակով ստեղծվել է լավագույն մասնագետներից կազմված հանձնախումբ, որն ուսումնասիրել է ամբողջ օլիմպիական ցիկլում, մասնավորապես, 2008 թվականին դրանց ցույց տված արդյունքները: Հաշվի է առնվել, որ ունեցել ենք ցուրտ ու մութ տարիներ, չտաքացվող, ջրազուրկ, տարրական պայմաններից հեռու մարզօջախներ, որոնք կարող էին ազդել ընդհանուր ցուցանիշների վրա: Բայց քանի որ այդ ամենը վաղուց արդեն անցյալ է՝ վերջին տարիներին մարզադպրոցների շուրջ 70%-ը վերանորոգվել է, որոշել ենք առայժմ կտրուկ քայլերի չդիմել եւ տնօրեններին նորմալ աշխատելու եւս մի հնարավորություն տալ: Բայց պայմանով՝ տարեվերջին ու մինչեւ 2012 թվականն ամեն տարի ամենայն պահանջկոտությամբ անդրադառնալու ենք արդյունքներին:

– Ի՞նչ ասել է՝ սպորտում կառուցողական տարի:

– Օլիմպիական նախորդ քառամյա ցիկլն ավարտվել է: Մեկնարկել է հաջորդը, որի առաջին տարին նոր փնտրտուքների տարի է: 2009-ին միջազգային մրցաշարերի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների արդյունքներով հարկավոր է ունենալ, եթե կարելի է ասել, նախնական կմախքը, որի վրա արդեն հետագայում մանրամասն ու հետեւողական աշխատելով՝ կստեղծվի այն մարմինը, որը Հայաստանի պատիվը կպաշտպանի 2012 թվականին՝ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում:

– Կմախքն ստացանք: Մարմինը ճիշտ հավաքելու ի՞նչ հնարավորություններ ունենք: Աշխատանքների կոնկրետ ծրագրեր մշակվա՞ծ են:

– Համալիր ծրագրեր, ու բոլորն էլ՝ առաջնային: Նոր թափով շարունակվելու է մարզական շինարարությունը: Վերսկսվել է գույքային ծրագիրը: Նպատակը առաջիկա երկու-երեք տարում հանրապետության ամբողջ տարածքը լիարժեք պայմաններ ունեցող ու մարզագույքով ապահովված մարզադպրոցներ ունենալն է: Անպայման հարկ է նշել այս տարվանից կիրառության մեջ մտած մի ծրագրի մասին, որն աննախադեպ է մեզանում: Հանրապետության նախագահի հրամանագրով օլիմպիական ձեւերի հավաքականների մարզիկներին պետականորեն երկրի նախագահի թոշակներ է սահմանվել: Սա գումարվում է, ինչպես մինչ այդ՝ պետության, այնպես էլ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ սեփական միջոցներից վերջին չորս տարիներին մեր լավագույն ու հեռանկարային մարզիկներին, ընդհանրապես սպորտի զարգացմանն ուղղված ու շարունակվող նյութական ամենամսյա ծանրակշիռ աջակցությանը:

– Նյութատեխնիկական լիարժեք բազա ունեցանք, որի արդյունքում մանկապատանեկան սպորտի զարգացման եւ արժանի հերթափոխ ունենալու պայմաններ են ստեղծվում, լավագույն մարզիկների, մարզիչների սոցիալական պայմաններն էլ ապահովվում են: Բայց այս ամենը թերի կլինի, եթե որակյալ մարզիչ-մանկավարժներ եւ սպորտային բժիշկներ չունենանք:

– Ասելիքիս շարունակությունն այդ մասին էր լինելու: Հատկապես Պեկինի օլիմպիական խաղերից հետո հարցերի հարցը մարզիչներն են եւ սպորտային բժիշկները: Պարոն Ծառուկյանն էլ մարզաշխարհի գրեթե ամեն հավաքում այդ խնդիրն է բարձրացնում: Որքան էլ ժամանակակից պայմաններ, լիարժեք ֆինանսավորում ունենանք, առանց որակյալ մարզիչների եւ բժիշկների առկայության ոչինչ չի ստացվի: Անցած տարիներին նախարարության եւ օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ հենակետային մարզաձեւերի հավաքականների եւ մյուս առաջատար մարզիչների համար սեմինարներ կազմակերպվեցին, որոնք վարում էին միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ: Առաջիկայում դրանք շարունակվելու են: Բայց արդեն ավելի կարեւորում ենք, այսպես ասած, շարքային մարզիչների գիտելիքների աստիճանը: Նա՝ լինի տարիների աշխատանքային փորձ ունեցող, թե սկսնակ, չի կարող ճիշտ աշխատել երեխաների հետ, եթե չգիտի մարդու անատոմիա եւ ֆիզիոլոգիա, չի տիրապետում բժշկական տարրական գիտելիքներին: Ուստի, մեր առաջնային ծրագրերի մեջ ընդգրկել ենք նրանց համար էլ համապատասխան սեմինար պարապմունքների կազմակերպումը՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտի մասնագետներին, բժշկական եւ պետական համալսարանի բժիշկ եւ հոգեբան դասախոսներին ներգրավելով:

– Վերջին հարցը. տնտեսական համաշխարհային ճգնաժամը կարո՞ղ է ազդել Հայաստանում իրականացվելիք մարզական ծրագրերի իրականացման վրա:

– Չեմ կարծում: Սպորտը ֆինանսավորվում է ըստ հաստատված ծրագրերի: Որքան գումար անհրաժեշտ է, արդեն հատկացված է: Մնում է դրանք հստակ կատարել: Աստված չանի, որ չնախատեսված բաներ կատարվեն աշխարհում: Բայց լավատես եմ, որովհետեւ մեր կառավարությունը, տնտեսագետներն ու ֆինանսիստները խոստանում են, որ կանեն ամեն բան՝ մեծ ցնցումներից եւ ալիքներից խուսափելու եւ առանց լուրջ կորուստների եւ վնասների դուրս գալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել