Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է

Հունվար 30,2009 00:00

Հայաստանում հաճախ պիտի հիշեցնել այս մասին

ՀՀ պետական բուհերում 2008 թ. հայ բանասիրության ֆակուլտետն ավարտել է 454 ուսանող, իսկ օտար լեզուների ֆակուլտետը՝ 1932 ուսանող: Ուսումնասիրությանս մեջ չեմ ընդգրկել օտար լեզուների մասնագետ պատրաստող բազմաթիվ մասնավոր բուհերի տվյալները:

Եթե հաշվի առնենք անգլերեն ուսուցանելու մասին այն բազմաթիվ հայտարարությունները, որոնց ամեն օր հանդիպում ենք, ապա կարող ենք եզրակացնել, որ այսօր Հայաստանում ավելի շատ օտար լեզուներ ենք սովորում, քան հայոց լեզու:

Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը գտնում է, որ հայոց լեզուն այսօր քարոզելու կարիք չունի. «Ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, թե հայոց լեզվին վտանգ է սպառնում: Մտահոգվելու կարիք չկա: Լեզուն հասարակական երեւույթ է, եւ ինչ-որ բացթողումներն էլ ժամանակի խնդիր են: Հայերենն այսօր գերակա է հանրակրթարաններում, գործավարության մեջ, եթերում»:

Դե, իհարկե, Լավրենտի Միրզոյանը նկատում է բազմաթիվ բացթողումներ: Թե հայերենն ինչ աղավաղումներով է հնչում եթերից՝ բոլորիս էլ հայտնի է, եւ մեկ անգամ եւս պետք չէ կրկնել:

«ԶԼՄ-ների լեզվի անաղարտության համար պատասխանատու է տվյալ լրատվամիջոցի ղեկավարությունը, եւ Լեզվի պետական տեսչությունն այս դեպքում շատ բան անել չի կարող»,- ասում է նա: Լ. Միրզոյանն ամոթալի է համարում այն երեւույթը, որ Լեզվի պետական տեսչությունը Երեւան քաղաքում ստիպված է հիշեցնել, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է:

Իսկ այդ հիշեցման կարիքը, թերեւս, իսկապես կա:

Ըստ քաղաքագիտական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի՝ առանց հայոց լեզվի չկա հայկական մշակույթ. լեզուն պետականության ու այդ պետականությանը ենթակա տարածքների հետ միասին, հայ ազգի պահպանման հիմքն ու կարեւորագույն միջոցն է. «Պատկերացնենք վարկածային մի այսպիսի իրավիճակ. Հայաստանի հայերը մոռացել են մայրենին եւ հաղորդակցվում են, ուսում առնում, գրում եւ ստեղծագործում են որեւէ օտար լեզվով, կարեւոր չէ՝ ռուսերենով, անգլերենով, թե չինարենով: Դա կարող է նշանակել մեկ բան՝ հայկական քաղաքակրթության, հայկական մշակույթի, հայ ազգի վերջ, իսկ այսօր հայոց լեզվի ու մշակույթի պահպանման եւ զարգացման հիմնախնդիրն իր ողջ հասակով հառնել է արդեն բուն Հայաստանում: Անկախության 17 տարիներից հետո ժամանակն է լիարժեք գնահատելու լեզվի հիմնարար դերն ու տեղը ազգային կյանքում, որ դեռեւս չի արվում ոչ քաղաքական վերնախավի, ոչ էլ հայ մտավորականության զգալի մասի կողմից»:

Իսկ հայոց լեզվի ու մշակույթի կրողը հենց հայ ազգն է, մենք ենք, մեր հասարակությունը: Եթե յուրաքանչյուրս էլ «մերսի»-ի փոխարեն ասենք «շնորհակալություն», «OK»-ի փոխարեն՝ «լավ», իմանանք հայկական պարեր, ծանոթ լինենք հայկական երաժշտությանն ու գրականությանը, կպահպանվի թե՛ հայոց լեզուն, թե՛ հայկական մշակույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել