Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար 30,2009 00:00

«ԵՄ-ն երկակի է եւ անորոշ»

«Ինձ թվում է, որ Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը կլինի մոտավորապես նույնը, ինչպես տարածաշրջանային մյուս հակամարտությունների նկատմամբ, այսինքն՝ երկակի եւ անորոշ»: «Արմինֆո» գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում Ֆրանսիայի հնարավոր փոխարինումը ԵՄ-ով: «Մինչեւ որոշակի աստիճան այդ փոխարինումը կարելի է համարել դրական գործոն, քանի որ այն նվազեցնում է հակամարտող կողմերից մեկի նկատմամբ համախմբված ճնշում գործադրելու հավանականությունը: Մյուս կողմից, Ղարաբաղի շուրջ մարտական գործողությունների վերսկսման դեպքում հազիվ թե կարելի է ԵՄ կողմից ակնկալել նույնպիսի կայծակնային միջամտություն, ինչպես դա տեղի ունեցավ Հարավային Օսեթիայի շուրջ օգոստոսյան իրադարձությունների օրերին»,- նշել է նա: Փորձագետի կարծիքով՝ այս դեպքում ԵՄ-ն կհապաղի, հանդես գալով երկու կողմերին ուղղված խաղաղասիրական եւ քիչ համարժեք կոչերով, քանի որ ԵՄ-ն չունի զանգվածային զոհերի եւ ավերածությունների կանխարգելման մեխանիզմներ: «Բավական է հիշեցնել, որ Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի առկա քվոտաների գերազանցման փաստերը նշել են թե՛ արտաքին կապերի գծով եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, թե՛ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, սակայն, այսպես կոչված՝ բեռն այժմ էլ այնտեղ է»,- ամփոփել է Արեշեւը:

Ուսանողներին պատժում են քաղաքական հայացքների համա՞ր

Օրերս Մոսկվայի ոստիկանությունը նամակ է հղել Բարձրագույն տնտեսական դպրոցի ռեկտորի անունով, որում խորհուրդ է տրվում համալսարանից հեռացնել ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսանողներին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նման նամակներ ուղարկվել են նաեւ այլ բուհեր: Իր նամակում ՌԴ մայրաքաղաքի ներքին գործերի վարչության պետի տեղակալը հատկապես նշում է այն 4 երիտասարդներին, որոնք անցած տարվա դեկտեմբերին մասնակցել են ընդդիմադիր ցույցերի: Ըստ նամակի հեղինակի, չթույլատրված զանգվածային ակցիաների մասնակցությունը էքստրեմիստական գործունեության ձեւերից մեկն է եւ հասարակական մեծ վտանգ է ներկայացնում: «Նեզավիսիմայա գազետա» թերթը կարծիք է հայտնում, որ իշխանությունը ցանկանում է «նախազգուշական հարվածներ» հասցնել բոլոր նրանց, ովքեր տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում կարող են դուրս գալ փողոց, սակայն տվյալ դեպքում թիրախն անհաջող է ընտրված, քանի որ բարձր վարկ ունեցող բուհի ուսանողները դժվար թե հրաժարվեն ուսումից՝ հանուն «հեղափոխական գործունեության»: Ուրիշ հարց, եթե այդ երիտասարդները հեռացվեն բուհից եւ հայտնվեն փողոցում: Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում լրագրողներին պարզաբանեցին, որ բուհից հեռացման համար պատճառ կարող են հանդիսանալ կամ ուսման վատ ցուցանիշները, կամ համալսարանի կանոնադրության խախտումները: «Ոչ մեկը, ոչ մյուսը տղաների մոտ մենք չենք նկատել, իսկ սովորողի քաղաքացիական դիրքորոշումը նրա անձնական գործն է»,- նշեցին բուհի ներկայացուցիչները:

Գործադուլ՝ Ֆրանսիայում

\"\"Երեկ Ֆրանսիայում սկսվել է համընդհանուր գործադուլ, որն իր մասշտաբներով ամենահզորն է վերջին տարիների ընթացքում: Գործադուլի կոչով հանդես են եկել երկրի 7 խոշորագույն արհմիությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ինչպես հայտարարել է Աշխատանքի համընդհանուր համադաշնության ներկայացուցիչը՝ ակցիայի մասնակիցները ցանկանում են իրենց կտրուկ անհամաձայնությունը հայտնել այն քաղաքականության հետ, որն անց է կացնում նախագահ Սարկոզին ճգնաժամի պայմաններում: Հետաքրքիր է, որ, հասարակական կարծիքի հարցման համաձայն, ֆրասիացիների 69%-ը համամիտ է գործադուլի պահանջների հետ: Դա այն դեպքում, երբ պահանջներն ուղղված են մի նախագահի դեմ, որը համեմատաբար վերջերս է ընտրվել իր պաշտոնում՝ բնակչության մեծամասնության կողմից: Գործադուլներ այս օրերին անցկացվում են նաեւ եվրոպական այլ երկրներում: Հունաստանում գործադուլ են անում օդային դիսպետչերները, իսկ Գերմանիայում շուտով կարող են իրենց աշխատանքը դադարեցնել երկաթուղայինները: Ֆրանսիայի ներկայիս գործադուլը տարածվել է հասարակական հիմնարկների, դպրոցների, հիվանդանոցների, ԶԼՄ-ների, ավտոմեքենաների գործարանների եւ հատկապես տրանսպորտի վրա: Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը նշել է, որ երկրի սահմանադրությունը երաշխավորում է մարդկանց ազատ տեղաշարժը, եւ, հետեւաբար, տրանսպորտի աշխատակիցների գործադուլն այդ իրավունքի կոպիտ խախտում է: Սակայն արհմիությունների լիդերները դրան հակադարձում են, որ նույն սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիների գործադուլ անելու իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել