Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր բուհերը չեն վախենում ֆինանսական ճգնաժամից

Հունվար 30,2009 00:00

Ի տարբերություն ռուսաստանյան բուհերի՝ դրանք չեն երկարացնի ուսման վարձավճարների գանձման վերջնաժամկետները:

Միջազգային ֆինանսական ճգնաժամի «հարվածներից» անմասն չեն մնացել նաեւ աշխարհի տարբեր երկրների բուհերը: Դա արտահայտվել է հատկապես ուսման վարձավճարների գանձման հարցում: Հաշվի առնելով այս պայմաններում ուսանողների եւ նրանց ծնողների ֆինանսական անկայուն վիճակը՝ տարբեր երկրներում վարձավճարների գանձումը հետաձգելու կամ վճարները կրճատելու որոշակի մեխանիզմներ են մշակվել: Օրինակ, մեր «մեծ եղբայր» Ռուսաստանը, որին մենք ամեն հարցում «կապկում» ենք, բուհերին Պետդումայի մակարդակով հորդորել է ուսման վարձավճարների գանձման վերջնաժամկետը երկարացնել, եւ ռուսաստանյան շատ բուհեր, հետեւելով այդ հորդորին, ուսանողներին եւս երեք ամիս ժամանակ են տվել՝ վարձավճարները հայթայթելու համար:

«Առավոտը» հայաստանյան տարբեր բուհերից հետաքրքրվեց, թե արդյոք իրենք նախաձեռնե՞լ են հակաճգնաժամային միջոցառումներ: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից ոչ մեկը, միջազգային ճգնաժամով պայմանավորված, հատուկ կանխարգելիչ միջոցառումներ չի ձեռնարկել: Բուհերի ղեկավարությունը, ինչպես նաեւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, իրենց ապահովագրում են այն մտքով, որ ճգնաժամը ՀՀ-ի վրա չի կարող լուրջ ազդեցություն ունենալ: Օրինակ՝ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն «Առավոտին» փոխանցեց. «Ուսանողների կողմից դեռ այդպիսի խնդիր չի բարձրացվել, հետեւաբար բուհի ղեկավարության կողմից վարձավճարների գանձման վերջնաժամկետը չի երկարացվել»: Զրուցեցինք նաեւ Երեւանի տնտեսագիտական համալսարանի (ԵՏՀ) ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանի հետ: Նույնիսկ տնտեսագետներ պատրաստող բուհը հակաճգնաժամային միջոցներ չի ձեռնարկել: Վ. Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մեր բուհում ուսման վարձը չմուծելու պատճառով դեռ ոչ մի ուսանող չի հեռացվել: Չնայած համաձայն կարգի՝ վարձավճարները պետք է մուծել յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի սկզբին, սակայն ստացվում է այնպես, որ միշտ վարձերը մուծվում են կիսամյակի կամ կեսերին, կամ էլ վերջին: Իսկ մենք այդ կապակցությամբ կոշտ միջոցներ չենք ձեռնարկում»: Հետաքրքրվեցինք՝ եթե ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ուսանողները չկարողանան վարձերը մուծել անգամ մինչեւ կիսամյակի ավարտը, իրենք հնարավո՞ր է հետեւեն հարեւան Ռուսաստանի օրինակին: ԵՏՀ պրոռեկտորը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման բան լինի, քանի որ մարդիկ կամաց-կամաց ուսման վարձերը վճարում են: Եթե անգամ նման իրավիճակում էլ հայտնվենք, ապա հարցն այնպես կլուծվի, որ փոխշահավետ լինի եւ բուհի, եւ ուսանողի համար»: Ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ իրենք ուսանողներից վարձավճարների գանձման առումով ոչ թե ճգնաժամով պայմանավորված, այլ՝ ընդհանրապես, գնում են զիջումների. «Քանի որ մեր ուսանողները հիմնականում շրջաններից են, ապա լինում են դեպքեր, երբ ուսանողը վարձը չի վճարում նույնիսկ մինչեւ կիսամյակային վերջին քննություն: Կամ եթե տվյալ ուսանողը վարձավճարի գոնե 20-30 հազարը մուծել է, ապա դիմում է գրում, եւ նրան թույլ է տրվում մնացածը մուծել մյուս կիսամյակի ընթացքում»:

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում էլ հնարավոր փոփոխությունները կապում են մյուս շաբաթ տեղի ունենալիք ռեկտորատի նիստի հետ: Բուհի ուսումնական բաժնի պետի տեղակալ Անահիտ Վարդումյանը «Առավոտին» հայտնեց. «Մեր բուհում քննական շրջանը դեռ չի ավարտվել: Քանի որ ուսանողները դեռ դասի չեն գալիս, ապա վարձավճարների հետաձգման հետ կապված առաջարկներ չեն եղել: Այնպես որ, եթե ինչ-ինչ փոփոխություններ լինեն, ապա դրանք կգրանցվեն մյուս շաբաթվա մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել