Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիշենք, որ հասնող ենք

Հունվար 30,2009 00:00

\"\"Զրուցակիցս Նարինե Էյրամջյանցն է: Հայաստանում է ծնվել, իրեն համարում է հայրենասեր, ազգային ամուր դիրքորոշման տեր եւ Երեւան քաղաքի մշակույթի սիրահար ու համակիր: Մեր զրույցը հայերի, Հայաստանի եւ Սփյուռքի մասին է:

– Ինչո՞ւ ես հեռացել Հայաստանից:

– Հայաստանը լքել եմ անձնական պատճառներով, 2001 թվականին, իհարկե՝ «ժամանակավոր»: Օտարամոլ՝ ի տարբերություն ոմանց, երբեք չեմ եղել: Մանկուց ծանոթ եմ եղել արտասահմանի հմայքին եւ լավ իմացել, թե ինչով է այն դրախտից տարբերվում: Եվ երբ ստիպված եղա հեռանալ՝ շատ ավելի հեշտ տարա այն առաջին դժվարությունները, որոնց մասին ոչ մի էմիգրանտ երբեք չի պատմի իր հայրենակցին: Գիտես, միշտ այդ հարցին պատասխանելիս, կարծես արդարանում եմ, թեեւ ո՞ւմ է տրված ինձ դատելու իրավունքը:

– Վերջին անգամ ե՞րբ ես եղել Հայաստանում:

– 2004-ին: Գիտեմ, որ շատ բան է փոխվել, եւ վախ եմ զգում օտարությունից եկած՝ օտարություն զգալ: Բայց նաեւ շատ ուրախ եմ, որ կենցաղը դեպի լավն է փոխվել՝ դա անհրաժեշտ էր, մարդիկ շատ էին հոգնել: Հուսանք, որ կենցաղից հետո կբարելավվեն նաեւ ավելի բարձր ոլորտները՝ գիտությունը, արվեստը: Եվ չեմ կասկածում, որ այդ օրն էլ կգա: Պատմության մեջ հայերը հաճախ են ապացուցել իրենց մշակույթի եզակիությունը: Մնում է ինքներս հասկանանք մեր իրական, ոչ թե հիսթերիկաբար հորինված արժեքը:

– Գաղտնիք չէ, որ շատ տարիներ առաջ Հայաստանից հեռացածներն ու վերջին ժամանակներում հեռացածներն իրար հետ լեզու չեն գտնում: Քո կարծիքով՝ ինչո՞ւ է այդպես:

– Նախ ասեմ, որ դա միանշանակ չէ: Այդ խնդիրը առկա է նախկին Խորհրդային Միության սահմաններից դուրս միայն, եւ դա, ըստ իս, հայոց Հին եւ Նոր աշխարհի երկխոսության եւ կոնֆլիկտի պարզ մոդելն է: Հին համայնքը երկար տարիներ պահպանել է, գուրգուրել օտարության մեջ հայի սիրտը, հայոց հոգին: Մի՞թե կարծում եք այդքան հեշտ է սերունդներ մեծացնել՝ Արարատ չտեսած, Արարատ զառանցող: Սփյուռքը պահպանել է մեր հին աշխարհը: Եվ ահա մենք, նոր էմիգրանտներս… մեծացել ենք հայրենիքում, ամեն առավոտ Արարատին ենք նայել, բայց դե, ինչ: Եկեք խոստովանենք՝ շատ հարցերում Խորհրդային Հայաստանում հայը սեփական հայությունից ավելի կտրված է եղել, քան ամերիկացի «ախպարը»: Չեմ ուզում նվազեցնել ԽՍՀՄ-ի դրական դերը մեր պատմության մեջ, բարձր եմ գնահատում այն: Սակայն ճշմարտությունը միշտ երկու երես ունի՝ եկեք երկուսն էլ ընդունենք: Կտրվելով եկեղեցուց, զրկվելով ավանդույթները պահպանելու հնարավորությունից, մենք շատ մեծ կորուստ ենք ունեցել: Եվ, իհարկե, տարբեր որակի հայերը դժվար են իրար հասկանում: Ի դեպ, ոչ Ռուսաստանում, ոչ Ուկրաինայում նման երեւույթի չեմ հանդիպել:

– Մեր մեջ տարածված է այն կարծիքը, որ միակամ, միասնական չենք, եւ այդ իսկ պատճառով հայկական կապիտալը հայանպաստ քաղաքականություն չի դառնում: Ներկայացրու քո կարծիքը:

– Կարծում եմ, որ մենք վայրի ցեղ չենք: Բացատրեմ: Շատ ենք սիրում կրկնել՝ «ահ, փոքր ազգ ենք, փոքր ազգ», մոռանալով, որ իրականում մեզ հատուկ չէ ոչ փոքր ազգի վարքը, ոչ էլ՝ փոքր ազգի մտածելակերպը: Հայությունը բարդ, շերտավոր սիստեմ է: Իհարկե, ներքին կապերն էլ բարդ են զարգանում, եկեք չմոռանանք, որ անցումային շրջան ենք ապրում, եւ դեռ կազմավորվում ենք: Ամեն ինչ կգա, չէ որ մեզ հատուկ է ամենակարեւորը՝ հոգսը տանում ենք բոլորս, ցավում ենք հայրենիքի համար եւ ուրախանում: Եվ թեեւ ամենքս այդ «լավը» իր ձեւով է տեսնում, մի՞թե այդ հոգսը մեզ չի միաբանում:

– Շատ սփյուռքահայեր, պատկերավոր ասած, 1 կգ բրինձ են ուղարկում Հայաստան եւ համարում, որ հայ խոշոր բարերար են: Հայաստանցիների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որ պնդում են, թե Սփյուռքը պարտավոր է պահել մեզ: Այս երկու ծայրահեղությունները խանգարում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարգավորմանը: Ի՞նչ անել:

– Բոլոր պարերը պարել ենք, մնում է սարի սմբուլը։ Ես զարմանում եմ։ Մի՞թե դա է արդի ամենալուրջ խնդիրը։ Չէ՞ որ պարզ է՝ առաջինը անշնորհակալ եւ նախանձ մարդկանց կարծիքն է։ Երկրորդը՝ ծույլ եւ անբան։ Մի՞թե վայել է հայ մարդուն այդ սովետական քաղքենիությունը։ Մի՞թե այլ քննարկելու խնդիր չունենք՝ չկայացած մարդկանց դարդից բացի։ Եթե մեկը կարող է բրնձի տոպրակ ուղարկել եւ ուղարկում է, պետք է մտածել, թե ում փոխանցել այդ տոպրակը։ Իսկ ոմանք դրա փոխարեն ժամանակ են ունենում մտածել հարցի բարոյական կողմի մասին։ Դու քո դերը տար: Քեզ պետք չէ՝ այդ տոպրակը մանկատուն տար։ Մենք ահռելի ռեսուրս ունենք, իսկ խանգարում է միայն մի բան՝ սովետական պորտաբույծ-քաղքենու մտածելակերպը, որը հայ մարդուն վայել չէ։ Մենք միշտ հասնող ենք եղել եւ մեզ հասնողներին էլ՝ շնորհակալ։ Հենց հիշենք այս մասին՝ ամեն ինչ լավ կլինի։

– Ի՞նչ տրամադրություններ եւ կարծիքներ կային դրսում՝ Երեւանում մարտյան ողբերգական դեպքերից հետո:

– Բոլորս շատ մեծ ցավով ընդունեցինք մարտի 1-ի լուրը։ Մեծ ցավով՝ անկախ քաղաքական համակրանքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել