Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար 30,2009 00:00

Գրիգորյանն իր «մարդկանցով» էր

ԵԿՄ անդամներն այս անգամ հավաքվել էին Էջմիածնում

\"\"Բանակի օրվա կապակցությամբ նախորդ օրը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում կազմակերպվել էր միջոցառում: Այն սկսվեց վերանորոգված եւ վերաբացված բաժանմունքի շենքի օրհնությամբ: Օրհնության կարգը կատարեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազան Խաչատրյանը: Նիստին բացման խոսք ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Նիստին ներկա էին երկրապահներ ողջ հանրապետությունից, ԵԿՄ այլ բաժանմունքների նախագահներ, վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանն ու Արթուր Աղաբեկյանը: Բաժանմունքի բացմանը ներկա էին եւ ելույթ ունեցան ճանաչված մտավորականներ Ազատ Գասպարյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Լեւոն Թոքմաջյանը, Երվանդ Մանարյանը:

Նշենք, որ նորաբաց բաժանմունքը վերածվել է իսկական թանգարանի, ցուցադրվում են արցախյան ազատամարտին մասնակցած, ինչպես նաեւ՝ զոհված ազատամարտիկների անձնական իրեր, այդ թվում՝ այն անձնական զենք-զինամթերքը, որը ռազմի դաշտում օգտագործվել է: Ցուցադրության են ներկայացվել նաեւ քարտեզներ, որոնցով արցախյան ազատամարտին մասնակցածները առաջնորդվել են: «Առավոտը» բաժանմունքում եղել էր նաեւ մինչ բացման արարողությունը, այնտեղ մեծ իրարանցում էր, աշխատողները նույնիսկ չէին թողնում քայլենք գորգերի վրայով. «զգույշ քայլեք, սպիտակը կկեղտոտվի»:

«Առավոտի» հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանխատեսում են, որ այս տարի կարող է խաղաղության համաձայնագիր կնքվել, համաձա՞յն եք՝ հանուն խաղաղության տարածքային զիջումների, Մ. Գրիգորյանը նշեց. «Ես բազմիցս ասել եմ, հիմնավորել եմ, որ մեր բնական հայրենիքի տարածքների մի չնչին հատվածը ազատագրել ենք հանուն խաղաղության, եւ հենց հանուն խաղաղության էլ պահելու ենք այդ տարածքները: Հայն այսօր զիջելու տարածք չունի: Մենք մեր զոհված ընկերների հիշատակը չենք դավաճանի, մեր սպարապետի պատգամին հավատարիմ կմնանք»: Տեղեկացնենք, որ իշխանական օղակներից որեւէ մեկը ներկա չէր հավաքին, հավանաբար, դա նկատի ունենալով, Մանվել Գրիգորյանը որոշել էր իր «մարդկանցով» տոնը նշել:

Գ. Բ.

Պահպանում է

\"\"Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում օրեր առաջ գողություն է կատարվել: Սասուն անունով մեկը «հարմարեցված» բանալիով բացել էր եկեղեցու դուռը եւ գանձանակից գողացել 80 000 դրամ: Մինչ Կապանում ոստիկանները նախաքննություն են իրականացնում, մայրաքաղաքի Ս. Զորավոր եկեղեցին պաշտպանվում է նկարում պատկերված հավատարիմ կենդանու կողմից:

Մ. Մ.

«Ուռած» վարորդների գործը

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները Ե. Քոչարի փողոցի 7 շենքի բակից «հավաքել» են երթուղային միկրոավտոբուսների 4 վարորդների:

«Վարորդների գործով» դեռեւս հետաքննություն է անցկացվում: Սակայն ուշագրավ է, որ զննությամբ նրանց երթուղայինի սրահներում հայտնաբերվել են «Կոկա-Կոլայի» տարայի մեջ լցված թմրանյութ, 5 ներարկիչ, «կոակսիլ» դեղահաբի դատարկ տուփ:

Ոստիկանները ահազանգ էին ստացել, որ հայտնաբերվածը թմրանյութ է:

Գյուղապետարանն այրվել է

\"\"Ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, նախորդ օրը հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի գյուղապետարանում: Այրվել էին 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակները, միջանցքը, գրասենյակային գույքը՝ 190 քմ մակերեսով:

 

 

Կալանավորվել է

Երեկ կալանավորվել է 28-ամյա Արմեն Զաքարյանը: Նախկինում դատված Զաքարյանը հունվարի 21-ին դանակահարել էր Դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատակից Հայկ Բաբաջանյանին:

Լ. Ս.

«Շվվացրել» են ու գոռացել

Երեկ կառավարության շենքի առջեւ կրկին հավաքվել էին իրացվող տարածքների բնակիչները՝ պահանջելով վերանայել այն պայմանագրերը, ըստ որոնց՝ իրենք այժմ հայտնվել են փողոցում: Նրանց հավաքվելուց մի քանի րոպե անց ոստիկանները խնդրել են ընդհանրապես հեռանալ կամ անցնել մյուս մայթ: Սա «Առավոտին» փոխանցեց «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը: Նրա խոսքերով՝ իրենց եւ ոստիկանների միջեւ կոնֆլիկտ չի առաջացել. «Ուղղակի ժողովուրդը մի քիչ ջղայնացավ: Մենք անցանք մյուս մայթ՝ խուսափելով կոնֆլիկտի մեջ մտնելուց, բայց այնտեղից էլ շարունակում էինք շվվացնել, գոռալ: Մոտ 2 ժամ մնացինք, այդ ընթացքում մեզ կառավարությունից ոչ ոք չարձագանքեց»: Նրա խոսքերով, ժողովուրդը վրդովված էր, որ իրենց խաղաղ ցույցերն էլ են արդեն արգելում, սակայն իրենք վճռական են տրամադրված. «Մենք այլեւս կորցնելու բան չունենք, գնալու ենք մինչեւ վերջ»:

Ա. Խ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել