Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Հունվար 30,2009 00:00

Ի՞նչ տվեց հեռակա աճուրդը

Քչերին է հայտնի, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արդեն 2-րդ տարին է, ինչ էլեկտրոնային աճուրդներ է կազմակերպում: Ըստ «Առավոտի» զրուցակցի՝ ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռուբիկ Գրդզելյանի՝ 2006 թ. հոկտեմբերից հարկադիր աճուրդն անց է կացվում միայն կառավարության առանձին որոշումներով: Մնացած դեպքերում անցկացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ: «Համակարգը թերեւս նպաստում է նրան, որ քաղաքացի-չինովնիկ շփումը գրեթե զրոյացվել է, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,- ասում է Ռ. Գրդզելյանը:

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ վիճակում է գտնվում «Բջնի» գործարանի աճուրդը, նա տեղեկացրեց. «Հունվարի 23-ից «Բջնի» ՓԲԸ աճուրդը շարունակվում է, եւ այն կավարտվի փետրվարի 2-ին: Առայժմ հայտ չկա»:

Մեր այն հարցին, թե առհասարակ ինչպե՞ս է անցկացվում աճուրդը եւ աճուրդին մասնակցելու համար ի՞նչ է անհրաժեշտ, պարոն Գրդզելյանը տեղեկացրեց, որ գոյություն ունի մասնակցության երկու ձեւ: Առաջինը հեռակա՝ էլեկտրոնայինն է: Ցանկացողը կարող է հաճախել «www.ajurd.am» կայք, գրանցվել, «ARKA» քարտային համակարգով 5%-ի չափով նախավճար փոխանցել եւ գրանցումից հետո նույնպես կայքի միջոցով առաջարկ անել գնման համար:

2-րդ ձեւը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմին (Հալաբյան 41 Ա) հաճախելն է: Այնտեղ կարող ես գրել դիմում, գրանցվել եւ մասնակցել՝ կանխիկ վճարելով: «Մեր քաղաքացիները մեծամասամբ նախընտրում են երկրորդ տարբերակը՝ անհատական գրանցումը»,- հավելեց զրուցակիցս:

Ի դեպ, պաշտոնական կայքէջում զետեղված էր «առաջարկների պատմությունը»: Ըստ այդ պատմության, աճուրդի են դրվել բջջային հեռախոսներ, անշարժ գույք, արժեքավոր իրեր, մշակութային արժեքներ, հագուստ, դեղորայք: «Մշակութային արժեքների» կամ «այլ արժեքավոր իրերի» դիմաց կար հետեւյալ զգուշացումը. «Ներեցեք, չկան գտնված լոտեր»: Իսկ փոխարենը առատ էր «հագուստի բաժինը»: Աճուրդի հանված կանացի «սվիտրի», նորածնի ծածկոցի, գիշերանոցի եւ «շենքի» (այդպես էլ նշված էր) հետ աճուրդի էր հանվել կրծկալ, որի դիմաց նշված էր վերջնաժամկետը. մնացել է 4 օր 21 ժամ: Մի այդքան ժամանակ էլ մնացել էր անծանոթ սննդատեսակին՝ «հավայան նոնիին»:

Ո՞ր դեպքերում աճուրդը կկասեցվի, կամ ինչպե՞ս է վերահսկվում էլեկտրոնային աճուրդը՝ հարցի կապակցությամբ ԴԱՀԿ մամուլի քարտուղարը տեղեկացրեց. «Աճուրդի կասեցման մի քանի դեպքեր կան: Մասնավորապես, հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած է համարվում, եթե աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ, աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել, աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված կարգով ժամկետում չի վճարել լոտի գնման գինը»:

Նշենք, որ կայքէջը միայն հայերեն է: Չնայած, ըստ մամուլի քարտուղարի, վերջին կես տարում կայքէջի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծացել է, քանի որ բարձրացել է հասարակության իրազեկությունը ինչպես ծառայության, այնպես էլ աճուրդի վարման, անցկացման վերաբերյալ:

«Կայքը սպասարկվում է լոտերի բովանդակության առումով: Եթե մարդը նախավճար արեց, գրանցվեց, ապա համակարգին միջամտելը, մեքենայություններ անելը բացառված է, քանի որ դա ավտոմատ գործող ինքնուրույն համակարգ է»,- հավելում է նա:

Իսկ թե ի՞նչ տվեց հեռակա աճուրդի կիրառումը մեզանում, զրուցակցիս կարծիքով՝ «Իսկապես հնարավոր դարձավ բացառել չինովնիկների հետ շփումը, խուսափել հարկի-անհարկի շահարկումներից աճուրդների կազմակերպման, անցկացման ընթացքում: Ընդհանրապես, միտում կա, որ աճուրդով գույքն այդքան էլ հեշտ չի օտարվում, մասնավորապես՝ շրջաններում անշարժ գույքը: Օրինակ, Վահագնաձոր գյուղում հարկադրաբար մեկի տունն է վաճառվում: Դժվար կգտնվի մեկը, որը կգնի այդ տունը, կգնա-կապրի մի քանի տասնյակ ընտանիք ունեցող համայնքում: Քաղաքում մի քիչ այլ է խնդիրը: Գյուղում տուն ծախելն աննախադեպ է»:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞վ կբացատրվի մշակութային արժեքներ աճուրդի չհանելը, զրուցակիցս պատասխանեց. «Իմ կարծիքով, մշակութային արժեք ունեցողն առանձնահատուկ է փայփայում այն եւ նախընտրում է պարտքերը մարել կամ այլ իրեր է առաջարկում բռնագանձման համար»:

Աճուրդային հետաքրքրություններն առաժմ բջջային հեռախոսների, ավտոմեքենաների նկատմամբ են: Ինչու չէ՝ նաեւ անշարժ գույքի, երբ որեւէ մեկից անշարժ «կտակ» ես ստանում:

Անշարժ գույք են նախընտրում ձեռք բերել սփյուռքահայերն ու արտասահմանցիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել