Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գովազդի մասին» օրենքը խախտում են

Հունվար 30,2009 00:00

Սակայն որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում

«Բորժոմի» հանքային ջրի գովազդը հեռարձակվում է «Գովազդի մասին» օրենքի խախտումներով: Ըստ օրենքի՝ ՀՀ գովազդի լեզուն հայերենն է, եւ միայն անհրաժեշտության դեպքում գովազդի շարադրանքը կարող է լինել նաեւ այլ լեզվով, սակայն այդ լեզվով տեքստը պետք է համեմատաբար ավելի փոքր գրված լինի, քան հայերենը: Մինչդեռ «Բորժոմիի» գովազդն ամբողջովին ռուսերեն է, իսկ հայերեն գրված տիտրերը նույնիսկ չեն էլ նկատվում: Երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Հայկական գովազդային խորհրդի հրավիրած քննարկման ժամանակ ասացին Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «Շարմ հոլդինգի» գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը: Քննարկման թեման էր՝ «Օրենք գովազդի մասին եւ դրա կիրառումը Հայաստանում»:

«Հայ Կոլա» զովացուցիչ ըմպելիքի գովազդում նույնպես կան խախտումներ: Կ. Ղազարյանի խոսքերով. «Նախ որտեղի՞ց են վերցրել, որ «Հայ Կոլան» թիվ 1 ըմպելիքն է. այստեղ անհարկի համեմատություն է արվում, այսինքն՝ 2-րդ, 3-րդ տեղերում այլ հյութեր են»: Այդ գովազդն էլ է պարունակում արտահայտություններ, որոնք հայերեն չեն:

Մեկ այլ գովազդից մարդիկ լիարժեք ինֆորմացիա չեն ստանում: «Ապառիկ վաճառք 3 օրում. ի՞նչ է սա նշանակում, որ ապառիկը պետք է մարե՞լ 3 օրվա ընթացքում»,- նկատեց Կ. Ղազարյանը:

Հայկական գովազդային խորհուրդը ստեղծվել է 2005-ին, սակայն, ինչպես խորհրդի ներկայացուցիչներն են նշում, սա առաջին փորձն է ուշադրություն գրավելու այս բացթողումների վրա, այսուհետեւ յուրաքանչյուր ամիս տարբեր ատյաններ արդեն ավելի կազմակերպված, գրավոր տեսքով կստանան բոլոր այն բացթողումների ցուցակը, որ խորհուրդը կնկատի ամսվա ընթացքում: Խորհուրդն արդեն համագործակցում է ԱԺ համապատասխան մարմնի հետ:

Իսկ ինչ վերաբերում է թերթերում եւ ինտերնետում առկա գովազդային խախտումներին, ապա այդ ոլորտում խորհուրդը դեռեւս մոնիտորինգ չի իրականացրել, ավելին՝ «Ոչ մի օրենքում ինտերնետի մասին ոչ մի բան չկա գրված: Հայաստանում դե յուրե ինտերնետ գոյություն չունի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ իրենք խորհրդի կողմից պատրաստելու են օրենքի նախագիծ, որպեսզի կարողանան մարտավարել ԱԺ-ում:

Իսկ հարցին, թե ինչպես հասկանալ «ՌադիոՎան» ռադիոկայանի տնօրեն Գոռ Գրիգորյանի (որը նույնպես ներգրավված է խորհրդի աշխատանքներում) պայքարը «Գովազդի մասին» օրենքի խախտումների դեմ, եթե հենց այդ ռադիոկայանի եթերից ռուսերեն գովազդներ են հնչում, Գ. Գրիգորյանը պատասխանեց. «Նախ ռուսերեն ենք տալիս, քանի որ մեր պատվիրատուն այդպես է կամենում, իսկ օրենքը չենք խախտում այնքանով, որ ռադիո բառը առկա չէ օրենքի այն մասում, որտեղ նշված է, որ գովազդի հիմնական լեզուն հայերենն է: Երկրորդ՝ մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է ռադիոյում տիտրեր դնել. այսինքն՝ չկա գրված, թե ինչպես մենք անենք այդ գործընթացը: Իսկ երբ նոր օրենքի համապատասխան հոդվածում հայտնվի նաեւ ռադիո բառը, մենք մի բան կմտածենք»:

Հայկական գովազդի խորհուրդը գովազդի միջազգային մի քանի փառատոների ներկայացուցիչն է Հայաստանում: Մամուլի ասուլիսի ընթացքում հանձնվեցին դիպլոմներ Կիեւի գովազդի 9-րդ միջազգային փառատոնի մասնակիցներին, որոնք նաեւ եզրափակիչ փուլում են հանդես եկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել