Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈՒՌ ՈՒ ԿՈՃԱԿ ՓՈԽԵԼՈՎ՝ ՎԵՐԵԼԱԿՆ ԱՆՎՏԱՆԳ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ

Հունվար 30,2009 00:00

\"\"Միլիարդներ ծախսելուց հետո էլ մայրաքաղաքում ոչ ոք ապահովագրված չէ վերելակի խցիկով հանդերձ ընկնելուց ու ջարդուփշուր լինելուց:

Անցյալ տարի կառավարությունը 3 միլիարդ դրամ հատկացրեց մայրաքաղաքի բնակելի շենքերի վերելակները վերանորոգելու համար: Համայնքների պատասխանատուների գործի անցնելուց հետո, գրեթե ամեն օր բոլոր լրատվամիջոցներով ազդարարվում էր արված հերթական գործի մասին՝ թե քանի վերելակ էր նախատեսված վերանորոգել, եւ թե ինչպես է պլանը կատարվել կամ գերակատարվել: Անտեղյակ մարդը, իհարկե, հիանում է խոսքի եւ գործի այսօրինակ համաձայնությունից: Իսկ եթե վեր ես կենում հեռուստացույցի առջեւից ու փորձում նոր վերանորոգված վերելակով իջնել, անմիջապես տեսնում ես հակասությունը խոսքի եւ գործի: Պարզվում է, որ՝ վերանորոգել դարն ապրած վերելակը, նշանակում է, բնակիչների բառերով ասած՝ «վերելակի ներսի պատերը ծածկել նոր «ժեշտերով» ու տեղադրել նոր կոճակներ»: Դրանով համայնքի պատասխանատուները համարեցին վերելակը նորոգված ու այն դասեցին վերանորոգվածների ցանկին: Օրինակ՝ հենց այդպես են «նորոգվել» վերելակները Ագաթանգեղոսի թիվ 7 շենքում, որն, ի դեպ, քաղաքի առաջին բարձրահարկ շենքն է եւ, բնականաբար, ունի ամենահին վերելակները: Այդ շենքի բնակիչներն անթիվ-անհամար դիմումներ են հղել Կենտրոնի թաղապետին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ վարչապետին, որ վերելակների խնդիրը բոլորովին էլ պատերի թիթեղները չէին, այլ՝ ճոպանները, շարժիչը եւ հատկապես՝ խախուտ դռները: Սակայն, երբ բնակիչներն արդեն հազարերորդ անգամ բողոքեն, ասելով, որ իրենց վերելակները լավ չեն աշխատում, վերին օղակները կհանձնարարեն ստորին օղակներին, ստորինները՝ իրենցից ստորիններին, կգան, կտեսնեն նոր պատերն ու սեղմակները եւ կզեկուցեն՝ վերելակը նորոգված է:

Նկատենք, որ գրեթե ամեն շաբաթ մեր խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում անսարք վերելակների առնչությամբ, որտեղ բնակիչները մասնավորապես դժգոհում են, որ իրենց վերելակները ամսվա հաշված օրերին են նորմալ սպասարկում, իսկ մնացած օրերին մարդիկ ստիպված են լինում ոտքով իջնել-բարձրանալ:

Նոր Նորքի Մառի թիվ 12 հասցեի բնակիչների ներկայացմամբ, իրենց շենքը 2 վերելակ ունի՝ մեկը բեռնատար, մյուսը՝ մարդատար, սակայն 2-ն էլ նորմալ չեն սպասարկում. «Փոքր վերելակը երկար ժամանակ՝ մոտ 1 տարի, չի աշխատել, ասում էին, որ շարժիչը պետք է փոխվի, սակայն վերելակների վերանորոգման ծրագրում ընդգրկված չէր: Երբ դիմում էինք թաղապետարան՝ ասում էին, որ բնակիչները միտումնավոր փչացնում են, որպեսզի մտնի ծրագրի մեջ»: Բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո մի վերելակը նորոգվել է, բայց աշխատել է շատ կարճ ժամանակ: Այժմ, ըստ բնակիչների, միայն մեկն է աշխատում. «Մեր շենքը 16 հարկանի է եւ սպասարկվում է միայն 1 վերելակով, դա էլ, երբեմն չդիմանալով ծանրաբեռնվածությանը, փչանում է»:

Չեխովի 35 շենքի վերելակը կառավարության՝ վերելակների վերանորոգման ծրագրով վերջերս է նորոգվել, սակայն, բնակիչների հավաստմամբ, «վերանորոգած-չվերանորոգած՝ մի հաշիվ է, ամեն շաբաթ կանգնում է»: Այս շենքը բարձրահարկ է, ու մարդիկ նախկինի պես վերելակի պատճառով նյարդայնանում են:

Նույն ծրագրով վերանորոգվել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի 52 շենքի վերելակը: Այս շենքի բնակիչների խոսքերով, իրենց վերելակի խցիկի տեսքն են միայն կարգի բերել, իսկ կոճակները, դռները չեն փոխել, պատճառաբանելով, որ հետագայում են անելու. «Իսկ մեր վերելակի հիմնական խնդիրը հենց դռների պատճառով էր: Մի քանի հարկերում դռները լավ չեն փակվում, այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ վերելակը կանգնում է եւ միայն մասնագետի միջամտությունից հետո է աշխատում»:

Դատելով բնակիչների բողոքներից՝ կարելի է ենթադրել, որ նույնիսկ այդքան մեծ գումարներ ծախսելուց հետո էլ, մայրաքաղաքի շենքերի վերելակները ոչ միայն նորմալ չվերանորոգվեցին, այլեւ շարունակում են վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի համար:

Երեկ «Առավոտը» քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե կառավարության հատկացրած 3 միլիարդ դրամով մայրաքաղաքի բնակելի շենքերում քանի՞ վերելակ է վերանորոգվել, եւ արդյոք ծրագիրը շարունակվելո՞ւ է: Պարզվեց՝ հիմնանորոգվել է ընդամենը 35 վերելակ: Պարոն Խաչատրյանի տվյալներով, 2464 վերելակ էլ վերանորոգվել է ոչ ամբողջությամբ: Ծրագրի շարունակական լինելու մասին քաղաքապետարանի պաշտոնյան առայժմ տեղեկություն չուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել