Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարին 12 ամիս՝ արձակուրդում են»

Հունվար 30,2009 00:00

Տնտեսվարողները դժգոհում են, որ հարկային բարեփոխումները Էրեբունու հարկայինի «կողքով են անցել»:

Հարկայինում կատարված բարեփոխումներն այն մասով, որ հարկատուն հաշվետվություններ ներկայացնելիս պետք է գործ ունենա ոլորտի միայն մեկ աշխատողի հետ, այսինքն՝ պետք է գործի «մեկ պատուհանի» սկզբունքը, չի գործում Էրեբունու հարկային ծառայությունում: Այս մասին դժգոհեցին «Առավոտին» դիմած մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց անունները չենք տպագրում իրենց խնդրանքով: Վերջիններիս հավաստմամբ, հատկապես ետտոնական օրերին իրենք չեն կարողացել հարկայինում գոնե մի աշխատակից գտնել, որպեսզի ներկայացնեն հաշվետվությունները կամ ստանան իրենց հետաքրքրող ինֆորմացիան: Նրանց խոսքերով. «Օրվա որ ժամին էլ այցելում ենք՝ ընդամենը մի քանի աշխատակից է լինում, որոնք, որպես կանոն, իրավասու չեն որեւէ հարց լուծելու: Այն տպավորությունն է, որ աշխատողներն ամբողջ տարին արձակուրդում են»: Բացի այդ, «Առավոտին» դիմած մարդկանց ներկայացմամբ, եթե անգամ իրավասու աշխատակիցներից որեւէ մեկը տեղում է լինում, ապա իրենք այնտեղ բավականին երկար ժամանակ են վատնում, տարբեր սենյակներ վազվզելով եւ ստորագրություններ հավաքելով, ինչը նշանակում է, որ հարկային բարեփոխումներն այստեղ դեռ չեն հասել. «Սպասարկման բաժին ենք մտնում՝ ուղարկում են հաշվառման բաժին՝ հարկային պարտավորությունները գրելու, որից հետո պիտի գնանք գանձումների բաժին եւ այդպես հերթով անցնենք բոլոր սենյակներով, մինչեւ պետերը իրենց ստորագրությունները դնեն մեր հաշվետվության վրա, որից հետո միայն կարող ենք ներկայացնել այն: Պետեկամուտների կոմիտեն անընդհատ հայտարարում է, որ տնտեսվարողները չպետք է խնդիրներ ունենան հաշվետվություններ ներկայացնելիս, սակայն դա այդպես էլ իրականություն չի դառնում: Կարող ենք նաեւ փոստով ուղարկել, բայց ամեն թղթի համար պիտի վճարենք»:

Այս առնչությամբ Էրեբունու հարկային ծառայության պետ Դավիթ Գրիգորյանն «Առավոտին» պարզաբանեց. «Բացառվում է այդպիսի բան, քանի որ մենք ամեն օր 9-ից 5 պակաս այստեղ ենք լինում, մինչեւ երեկոյան 6-ը սպասարկում ենք իրականացնում: Մեզ մոտ բոլոր աշխատանքները կանոնակարգված են: Հարկատուները կարող են նաեւ իրենց հաշվետվությունները բերել եւ գցել մեզ մոտ տեղադրված արկղերի մեջ, որը մենք օրվա վերջում բացում ենք, ուսումնասիրում եւ համապատասխան ընթացք ենք տալիս դրանց: Ձեզ դիմած ընկերությունները կարող են գալ անձամբ ինձ մոտ, եւ եթե նրանք խնդիրներ կամ դժգոհություններ ունեն, ապա ես կլսեմ նրանց, եւ իրենք սպառիչ պատասխան կստանան»: Պարոն Գրիգորյանի խոսքերով, տնտեսվարողները բողոքներով դիմում են նաեւ իրենց, սակայն դա կապված է միայն ընդհանուր հարկային վարչարարության խստացման հետ, բացի այդ, կան մարդիկ, որոնք որոշակի խնդիրներ ունեն ու չեն ցանկանում հարկային դաշտ գալ, ձգտում են ամեն կերպ փնովել հարկային տեսչության աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել