Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Հունվար 30,2009 00:00

\"\"Այս կարծիքին է «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան

Որոշ գործարարների այնքան էլ լուրջ չեն թվում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն հավաստիացումները, թե հանքարդյունաբերության ոլորտը տնտեսական ճգնաժամից փրկելու համար կառավարությունը ոլորտի գործարարներին ձեռք կմեկնի: Մասնավորապես, օրերս Կապանում «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան լրագրողներին հայտարարել է. «Մենք օգնության համար չենք դիմել Հայաստանի կառավարությանը: Սակայն կառավարությունը մեզ օգնություն չի էլ առաջարկել, սա արդյունաբերական ոլորտ է եւ, իմ կարծիքով, կառավարությունը չի ցանկանում ներգրավված լինել այս ոլորտում»: Այնուամենայնիվ, բողոքավորի տպավորություն չթողնելու եւ կառավարության աչքից չընկնելու համար, Ռ. Ֆալետան հավելել է. «Հանքարդյունաբերության ոլորտում մեզ չեն օգնել, բայց մենք համագործակցում ենք կառավարության հետ, վառ օրինակը նրանց հետ կնքած համաձայնագիրն է, որով 3 ամիս կրճատումները հետաձգվելու են: Հաճելի էր աշխատել ու համագործակցել Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի հետ: Ազնիվ մարդ է ու խոստումները պահում է»:

Անդրադառնալով գործարանի վրա տնտեսական ճգնաժամի ազդեցությանն ու կոմբինատում տիրող իրավիճակին՝ Ռ. Ֆալետան նշել է. «Այժմ կոմբինատից հանքանյութ չի արտահանվում, բայց ստորգետնյա հանքուղիներում վերազինման աշխատանքներ են տարվում՝ աշխատակիցների անվտանգության ամրապնդման համար: Բացի այդ, ստորգետնյա հանքում իրականացնում ենք մաքրման աշխատանքներ: Իսկ երբ իրավիճակը բարելավվի, մենք հաստատ աշխատելու ենք: Այս պահին կոմբինատի աշխատակիցների 40%-ը հարկադիր պարապուրդում է, 60%-ն է միայն աշխատում: Նաեւ աշխատանքից կրճատվել ու իրենց երկրներ է մեկնել արտասահմանցի մասնագետների 65%-ը»: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռ. Ֆալետան հայտարարել էր, որ կոմբինատում ստեղծված իրավիճակը տնտեսական ճգնաժամի հետ ոչ մի կապ չունի, իրենց աշխատակիցները աշխատանքի չեն գալիս, քանի որ վերապատրաստվում են՝ իրենց մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար: Չնայած Ռ. Ֆալետայի հայտնած համոզմունքին, որ կոմբինատն անպայման աշխատելու է, այն հարցին, որ եթե մինչեւ տարեվերջ իրավիճակն ավելի վատթարանա, հնարավո՞ր է կոմբինատը փակվի, գլխավոր տնօրենը ճիշտ հակառակ կարծիքն է հայտնել. «Ամեն ինչ հնարավոր է»:

Ռ. Ֆալետան անդրադարձել է նաեւ «Դինո Գոլդ Մայնինգի» հնարավոր վաճառքի մասին լուրերին: Նրա խոսքերով. «Ընկերությունը պատկանում է կանադական «Դանդի Փրեշիուս Մեթալսին» ու նրանք մտադրություն չունեն այն վաճառելու ո՛չ ռուսներին, ո՛չ էլ որեւէ մեկի»:

Նշենք նաեւ, որ ըստ կառավարության հետ նախորդ տարվա դեկտեմբերին կնքած համաձայնագրի, կոմբինատի տնօրինությունը պարտավորվել էր 3 ամիս կրճատումներ չանել: Փետրվարի 18-ին լրանում է այդ ժամկետը: Այս առնչությամբ Ռ. Ֆալետան ասել է. «Չեմ կարող ստույգ ասել, թե ինչ կրճատումներ կլինեն, այդ փաստը այնքան էլ պայմանավորված չէ համաձայնագրի հետ, այլ՝ ֆինանսական միջազգային ճգնաժամի ու մետաղի գների հետ: Ասեմ նաեւ, որ դա կախված է արտադրական ծավալներից. կիսով չափ հզորության դեպքում ավելի քիչ աշխատող է պետք, քան ունենք»:

Ուշագրավ է նաեւ այն, որ կոմբինատի ղեկավարությունը կրճատում է աշխատակիցներին, գումարները խնայելու համար, բայց Կապանում 2 նոր գործարան է գնել: Այս հանգամանքը Ռ. Ֆալետան մեկնաբանեց այսպես. «Բավականին ներդրումներ ենք արել եւ նախկին «Էլեկտրոն» գործարանի մի մասում գնել եւ ստեղծել ենք միջազգային մակարդակի լաբորատորիա, որից կարող է օգտվել ցանկացած կազմակերպություն: Կաթի նախկին գործարանն էլ գնել ենք եւ հիմա որպես պահեստ ենք օգտագործում՝ հետախուզական բաժնի գործիքներն ու սարքավորումներն այնտեղ ենք պահում»:

Այս առնչությամբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին. «Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտում ծագած խնդիրները եւ պարբերաբար բանակցում եւ համագործակցում է այդ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ: Մասնավորապես, մոտ 10-15 օր առաջ նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության հետ եւ համատեղ մշակվել է աշխատանքային ծրագիր: Ինչ վերաբերում է ոլորտի դժվարություններին, ապա դրանք իսկապես կան: Միջազգային շուկայում գունավոր մետաղների գները բավականին իջել են եւ բնական է, որ այդ իսկ պատճառով ոլորտի ընկերությունները եւս կունենան խնդիրներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել