Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Հունվար 30,2009 00:00

Երեկ հաղորդել ենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հունվարի 28-ին շրջանառության մեջ դրեց հայտարարություն՝ «Հայաստանից ադրբեջանցիների բռնի զանգվածային տեղահանումը (1948-1953 եւ 1988)», որի ներքո ստորագրել էր 20 հոգի: Հաջորդ օրն իսկ Հայաստանի պատվիրակությունը շրջանառության մեջ դրեց իր նախաձեռնած հայտարարությունը «Անհանդուրժողականությունը եւ ատելության քարոզչությունը Ադրբեջանում» անվանումով, որի ներքո ստորագրություններ Նաիրա Զոհրաբյանը հավաքում էր արդեն նախորդ օրը: Արդյունքը՝ մեր հայտարարության ներքո ստորագրել են 6 պատգամավորով ավելի, քան ադրբեջանցիների տեքստի ներքո: Այդ 26-ի մեջ մեր ողջ պատվիրակությունն է ու նաեւ պատգամավորներ Ֆրանսիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից եւ այլն:

Մեր հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Չնայած նրան, որ Եվրոպայի խորհուրդը նվիրված է մնում Եվրոպայի տարածքում հակամարտությունների քաղաքական լուծման եւ համերաշխության հաստատման ուղղությամբ համատեղ աշխատելուն, միջազգային հանրությունը շարունակում է զգալի ջանքեր ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բանակցությունների ճանապարհով տեւական խաղաղության եւ հաշտության հասնելու համար՝ Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն հրահրում, խրախուսում եւ հանդուրժում են անհանդուրժողականության ու ատելության քարոզչության զանգվածային դրսեւորումներ Հայաստանի, նրա բնակչության եւ հայկական ծագում ունեցող անձանց հասցեին, այդ թվում նաեւ՝ ԶԼՄ-ների ակտիվ մասնակցությամբ»: Հայտարարությունը ստորագրածներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում «անհապաղ վերջ տալ Հայաստանի, հայ ժողովրդի եւ հայկական ծագում ունեցող անձանց նկատմամբ անհանդուրժողականության եւ ատելության քարոզչության քաղաքականությանը եւ գործողություններին»: Նաեւ կոչ է արվում Վեհաժողովի շրջանակներում գործող մոնիտորինգային կառույցներին՝ «հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրին եւ իրենց եզրակացությունները ներառել իրենց հետագա զեկույցներում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել