Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այցելել են

Հունվար 30,2009 00:00

Հունվարի 29-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը այցելեցին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին («Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ) եւ Հակոբ Հակոբյանին («Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ): Ազատազրկված պատգամավորները բաց նամակով դիմել էին  ԱԺ  նախագահին՝ կոչ անելով հրավիրել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ իրենց եւ ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ, քանի որ, ըստ պատգամավորների, անցած ամիսների ընթացքում իրենց մեղքը չի հիմնավորվել: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Վիկտոր Մնացականյանը պատգամավորներին պարզաբանումներ են ներկայացրել իրենց դիմումի վերաբերյալ: Ըստ այդմ՝ «ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը՝ հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ:  2008թ. մարտի 3-ի ԱԺ որոշմամբ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ  ՀՀ  գլխավոր դատախազի միջնորդությանը համաձայնություն տալուց հետո քրեական դատավարությունն ընթանում է  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում, քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, եւ քննությունը պետք է ընթանա քրեական դատավարության՝ օրինականության, օրենքի եւ դատարանի առջեւ հավասարության, անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելու, դատական քննության հրապարակայնության, անմեղության կանխավարկածի, գործի արդարացի քննության եւ այլ սկզբունքներին համապատասխան: Միաժամանակ նշվեց, որ արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին»: 

Գեղամ Ղարիբջանյանը եւ Վիկտոր Մնացականյանը հետաքրքրվել են պատգամավորների առողջական վիճակով  եւ կեցության պայմաններով: Թեեւ այս հանդիպման մասին պաշտոնապես այլ մանրամասներ հայտնի չեն, բայց «Առավոտին» հայտնի դարձավ, որ այդ հանդիպումից հետո էլ քաղկալանավոր պատգամավորների՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով նամակ-դիմումը՝ ուղղված իրենց գործընկերներին, շարունակում է մնալ ուժի մեջ: Ավելին, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին այդ հարցով խորհրդարանում ստորագրահավաք կսկսվի: Այլ հարց է՝ արտահերթ նիստ հրավիրելու համար բավարար՝ 44 ստորագրություն կհավաքվի՞, թե՞ ոչ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել