Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ

Հունվար 30,2009 00:00

\"\"Վստահ է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

Այն, որ մարտիմեկյան իրադարձությունների ֆոնի վրա Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման, մի քանի տասնյակ քաղբանտարկյալների առկայության եւ 11 ամիս անց էլ հիշյալ իրադարձությունների արդյունքում 10 հոգու սպանության համար պատասխանատու ոստիկաններին որեւէ պատժի չենթարկելու պարագայում հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից չզրկեցին եւ Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւն էլ շատ որոշակիորեն մեղմ էր, ընդդիմության առանձին գործիչներ պայմանավորում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Ընդդիմադիրները համոզմունք ունեն, որ հունվարի 28-ին Դավոսում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը կարող էր տեղի չունենալ, եթե ԵԽԽՎ-ն որոշեր ՀՀ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:

Հակառակ ընդդիմության այդ գործիչների, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԽԽՎ բանաձեւ-ԼՂ հիմնախնդրի կարգավորում հնարավոր կապը ամենեւին էլ առաջնային չի համարում, թեեւ չի էլ բացառում այդ գործոնի առկայությունը: Դա անգամ տրամաբանական համարելով հանդերձ՝ նա միաժամանակ հիշեցրեց, որ մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանտարկյալների գոյության փաստը «Մարտի 1»-ից հետո արդեն 11 ամիս գոյություն ունի, եւ ԵԽԽՎ-ն կարող էր այդ հարցադրումը գործող իշխանություններին ավելի վաղ էլ առաջադրել եւ որոշեր ձայնից զրկել: Բայց, քաղաքագետի ասելով, ԵԽԽՎ կողմից ՀՀ նկատմամբ խիստ մոտեցում ցուցաբերվեց միայն 2008թ. դեկտեմբերին, ինչը կարելի է պայմանավորել նաեւ աշխարհաքաղաքական այլ հարցերով: Քաղաքագետի դիտարկմամբ, այս անգամ ԵԽԽՎ-ում «նոր եւ հետաքրքիր էլեմենտ է ի հայտ եկել»: Դա, Ս. Գրիգորյանի ասելով, այն պատկերն է, որն արձանագրվել է ԵԽԽՎ-ում հիշյալ բանաձեւի քվեարկության արդյունքում՝ գրեթե միաձայն «կողմ»-եր եւ ընդամենը 3 «դեմ»: «Նկատի առեք, որ քվեարկության մասնակցությունը բավականին մեծ էր՝ 150 հոգի, որը ԵԽԽՎ-ի համար շատ մեծ թիվ է: Մենք տրամաբանող մարդիկ ենք եւ գիտենք, որ եվրոպական խորհրդարանականները բավականին անկախ են իրենց գործադիր մարմիններից: Բայց քվեարկության այսպիսի արդյունքը պայմանավորված է նրանով, որ Հարավային Կովկասն այսօր Եվրոպայի համար մեծ դեր է խաղում՝ էներգետիկ ռեսուրսներ, վրաց-ռուսական հարաբերություններ, եւ եվրոպացիները չէին ուզում, որ տարածաշրջանի երկրներից մեկին՝ Հայաստանին, կտրուկ կերպով, ըստ էության, դուրս դնեն Եվրոպայից: ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելը կնշանակեր Հայաստանին այլընտրանքից զրկել եւ վերջնականապես գցել Ռուսաստանի գիրկը, որ նա, ի դեմս ՌԴ-ի՝ իր համար հենարան փնտրի: Իսկ դա կնշանակեր, որ մեր տարածաշրջանում բաժանարար գծերն ավելի կխորանային: Ըստ իս, ԵԽԽՎ-ում հենց այս հանգամանքն էր, որ ազդեցություն ունեցավ ՀՀ-ի նկատմամբ ավելի կոշտ քայլեր չձեռնարկելու հարցում»,- հայտարարեց Ս. Գրիգորյանը: Նա մատնանշեց նաեւ ՀՀ նկատմամբ մեղմ վերաբերմունք դրսեւորելու այլ, իր տեսանկյունից, ավելի առաջնային պատճառներ եւս՝ ֆինանսական ճգնաժամ, ԵԽ եւ ԵՄ-Ռուսաստան հակասություններ:

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ առաջիկա ամիսներին եւս Եվրոպան նույնպիսի մոտեցում է ցուցաբերելու Հայաստանի հանդեպ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն Հայաստանին «ուղղվելու» ժամանակ է տվել մինչեւ ապրիլյան նստաշրջան: Քաղաքագետի պատասխանը միանշանակ չէր, թեեւ ավելի հակված էր հաստատելու մեր հարցադրումը: Ըստ նրա, Հայաստանը վերջին մի քանի ամիսներին, մասնավորապես՝ վրաց-ռուսական հակադրությունից հետո, որպես տարածաշրջանի մի երկիր, անհամեմատ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել նաեւ Եվրոպայի համար, քան կար նախկինում: «Ինձ համար էլ սա ինչ-որ չափով զարմանալի է, բայց փաստն այն է, որ Եվրոպայում հասկացել են, որ Հարավային Կովկասում Հայաստանի գործոնն այնքան էլ փոքր չէ, ինչպես կարծում էին մինչեւ վրաց-ռուսական հակամարտությունը: Մինչ այդ Արեւմուտքը մեր տարածաշրջանում խաղադրույք անում էր Վրաստանի եւ Ադրբեջանի վրա, բայց այդ պատերազմից հետո բոլորը հասկացան, որ Վրաստանը չի կարող լինել միակ հուսալի տարանցիկ երկիրը, որ եթե Արեւմուտքն ուզում է Հարավային Կովկասում տնտեսական ծրագրեր իրականացնել, ապա անպայման դրանցում պիտի ներգրավել նաեւ Հայաստանը, մեծացավ հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ: ԵԽԽՎ-ում Հայաստանի նկատմամբ ավելի խիստ մոտեցումը կարող էր հակասել այս ըմբռնմանը: Այլ խնդիր է, որ այն հարցերը, որոնք պետք էր դիտարկել իրավական դաշտում եւ մարդու իրավունքների հարթության տեսանկյունից, տվյալ դեպքում չարվեց, ինչն, անշուշտ, վատ է: Բայց չեմ կարծում, թե այս գործոնը հնարավորություն ստեղծի Հայաստանի հանդեպ մշտապես ներողամիտ լինել: Կա համբերության սահման: Բացի այդ, մինչեւ ապրիլ, մայիս կամ հունիս շատ բաներ կփոխվեն ԱՄՆ-Ռուսաստան, ԵԽ եւ ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում: Հնարավոր է, որ այս հարթություններում հարաբերությունների ճշգրտումներ լինեն եւ դա ազդի Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի որդեգրած այսօրվա դիրքորոշման վրա: Բայց մեկ բան ինձ համար միանշանակ է՝ Ղարաբաղի գործոնը ԵԽԽՎ թիվ 1643 բանաձեւի ընդունման հարցում գլխավորը չէր»,- կարծիք հայտնեց Ս. Գրիգորյանը: Ավելին, նրա համոզմամբ, Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո այն հետեւողականությունը, որով Արեւմուտքը հայտարարում էր՝ տարածքային ամբողջականություն եւ վերջ, շատ թուլացել է: Ինչ վերաբերում է Դավոսում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա քաղաքագետն ասաց, թե այնտեղ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում բեկումային ոչինչ տեղի չունեցավ. «Դրանք պարզապես հանդիպումներ են, եւ չեմ կարծում, թե այնտեղ կողմերը հիմնախնդրի կարգավորման հարցում ինչ-որ հայտարարի եկան: Չեմ կարծում, թե առաջիկա ամիսներին, ասենք՝ մայիսին, հնարավոր է ինչ-որ շրջանակային փաստաթղթի ստորագրում: Ես դրա համար բավարար նախադրյալներ եւ օբյեկտիվ հիմքեր չեմ տեսնում: Առաջին դեմքերի հայտարարություններից էլ է երեւում, որ կողմերի մոտեցումները էականորեն տարբեր են, եւ դրանք առաջիկա 3-4 ամսում մոտեցնելը ռեալ չեմ համարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել