Աբովյանի քաղաքային գրադարանը հիմնադրվել է 1980-ին: Ստեղծման օրվանից տնօրենը Հասմիկ Մարգարյանն է: Սկզբնական շրջանում գրադարանն ունեցել է 10-ից ավելի մասնաճյուղ, սակայն, տիկին Մարգարյանի խոսքերով, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի՝ գիրք չսիրելու պատճառով, դրանց կեսը լուծարվել է: «Նա մեր գրադարանի համար ոչինչ չէր անում. ո՛չ գումար էր տրամադրում գրքեր գնելու համար, ո՛չ տեխնիկա գնում, ո՛չ աշխատավարձը բարձրացնում կամ ջեռուցման հարցերը լուծում»,- տխուր անցյալը դառնությամբ հիշում է գրադարանի տնօրենը: Այդ տարիների միակ ձեռքբերումը համակարգիչներն են, որոնք ոչ թե տրամադրել է քաղաքապետարանը, այլ տնօրենն է շահել ինչ-որ մրցույթի արդյունքում:
Գրադարանի վերանորոգման եւ գրքերով համալրելու հույսը նա այժմ կապում է նոր քաղաքապետի հետ: «Չնայած մասնագիտական նոր գրականություն եւ երիտասարդ գրողների ստեղծագործություններ քիչ ունենք, բայց դասական գրականություն շատ կա՝ ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական, ե՛ւ արտասահմանյան»,- ասում է Հ. Մարգարյանը: Երբ այցելեցինք Աբովյանի քաղաքային գրադարան, պարզվեց, որ այնտեղ չկա Շեքսպիրի ոչ մի ստեղծագործություն, ռուս եւ արտասահմանյան գրականության ոչ մի վերլուծական: Մշակութային գրականությունից ինձ հետաքրքրեց թատրոնին առնչվող որեւէ գիրք, խոսքը երկար ու կարճ ձգձգելուց հետո տնօրենը խոստովանեց, որ թատրոնի մասին էլ ոչ մի գիրք չունեն: Հարց է առաջանում. այդպիսի գրքեր երբե՞ք չեն եղել, թե՞ դրանք վերցնելու համար պետք է այցելել գրադարանի աշխատակիցներից որեւէ մեկի բնակարան: