Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարուստ տղաները հարուստ աղջիկ են ընտրում»

Հունվար 29,2009 00:00

Ըստ հոգեբանի, հարստությունը ոչ միայն երջանկություն չէ, այլեւ դժբախտություն է բերում

Հաճախ ենք լսում, երբ անպատասխան սիրո հետեւանքով մարդը գործում է այնպիսի արարքներ, որ, հոգեբանների կարծիքով, բնորոշ է միայն հոգեպես ոչ առողջ մարդկանց: 20-ամյա Մաշան պատմում է, որ իր կյանքում խոր հիասթափություն է ապրել, երբ պարզել է, որ իր սերը փոխադարձ չէ. «Թեպետ հույս չունեի, որ նրան ետ կբերեմ, բայց ատելություն էլ չէի զգում, չէի կարողանում վերահսկել զգացմունքներս, անընդհատ մտածում էի. եթե ինձ թողնի՝ ինքնասպան կլինեմ: Ես ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի եմ ու պետք է խոստովանեմ, որ համալսարանն օգնեց ինձ դուրս գալ ընկճված վիճակից ու շարունակել ապրել»: Իսկ 19-ամյա Ռուզաննան պատմում է, որ, հրաժարվելով ուսումից ու աշխատանքից, փորձել է գոհացնել ընկերոջը՝ կատարելով նրա պահանջները: Բայց այդ քայլերը ոչնչով չեն օգնել նրան, եւ, միեւնույն է՝ սիրած էակին կորցրել է… Բազմաթիվ նման պատմություններ ենք լսում շրջապատում, որոնց մի մասն էլ կյանքի կործանումով է ավարտված լինում:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբան Սեյրան Ամիրյանի հետ. «Եթե մարդը ծնվում եւ ապրում է հասարակության մեջ մարդկային կյանքով, հետեւաբար առնչվում է իր նմանների հետ, առաջ են գալիս խնդիրներ՝ կապված հարգանքի, նվիրումի, հրապուրանքի հետ: Մարդու համար սիրո զգացումը առանձնահատուկ արժեքավոր գաղափար է, երբ ոչ միայն հրապուրվում ես, այլեւ առաջանում են կրքեր, առաջ է գալիս հոգեւոր կապվածություն, սկսում ես խորհել, գնահատել, արժեւորել…»:

Դարեր շարունակ արվեստի մարդիկ գովերգել են սերը, համարել, որ հոգեւոր մտերմությունը, կապվածությունը գեղեցկացնում են մարդկանց կյանքը: Բայց այսօր արդեն ընդունելի չեն միայն հոգեւոր կապերը, «իդեալական սեր», «ռոմանտիկ սեր» հասկացությունները ներողամիտ ժպիտի են արժանանում: Սիրո բաղադրիչ մասերից մեկը մարմնական սերն է: «Մարդկությունը գնում է գեղեցկության ճանապարհով, իսկ այս հարցում սերն անզուգական, անհամեմատելի տեղ ունի: Սիրահարված մարդն աշխարհին կարծես գունավոր ակնոցով է նայում»,- նշում է Ս. Ամիրյանը: Մարդկության 1/3-ն ունենում է անպատասխան սիրո զգացում. «Պետք է տարբերել հրապուրանքը՝ սիրուց,- ասում է հոգեբանը,- յուրաքանչյուրս կարող է սիրահարվել մարդու, ով անհասանելի է իր համար. բարձր է իր կեցվածքով, ունեցվածքով, սոցիալական մակարդակով, ուրիշ է իր հայացքներով, ձգտումներով, աշխարհի նկատմամբ իր վերաբերմունքով: Շրջապատում կան հիասքանչ կերպարներ՝ դերասաններ, երգիչ-երգչուհիներ, մենք չենք կարող նրանց նկատմամբ անտարբեր լինել, բայց արդյո՞ք հասանելի են նրանք մեզ, թե՞ ոչ»: Հոգեբանի խոսքերով՝ ամեն մարդ պետք է մտածի, թե կյանքը, բախտը ի՞նչ է պարգեւել իրեն. «Մի պահ կանգ առեք, խորհեք, ինքներդ ձեզ հարց տվեք. այն անձնավորությունը, որին այդքան սիրում եք, հասանելի՞ է, թե՞ ոչ, արդյոք արժանի՞ եք նրան: Անպատասխան սիրուց տառապում են մարդիկ, ովքեր ավելի խորը չեն մտածում իրենց սիրո օբյեկտի մասին: Այսօր Երեւանում թանկարժեք մեքենաներ են վարում, շքեղ դղյակներ կառուցում, բայց ես չեմ մտածում դրա մասին, որովհետեւ ես չեմ կարող այդ ամենն ունենալ, որովհետեւ ո՛չ պատգամավոր եմ, ո՛չ էլ բիզնես ունեմ, որ հասնեմ այդ ամենին»,- անկեղծացավ Ս. Ամիրյանը: Մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ սոցիալական արդարությունը եվրոպական երկրների մակարդակի վրա չէ՝ այնտեղ կապ չունի, թե ինչ ես աշխատում ու արդար չափով գնահատվում ես: Մեզ մոտ բացակայում է արդարությունը, ուստի չի կարող լինել հավասարազոր, համապատասխան սիրո օբյեկտ. «Հարուստ տղաները հարուստ աղջիկ են ընտրում, իսկ վերջիններս էլ փնտրում են իրենց հարուստ արքայազնին: Ցավոք, մեր երկրում արդեն վաղուց պատահական ամուսնություններ չեն լինում, հետեւաբար նրանց մոտ բացակայում է անկեղծ, գեղեցիկ սիրո զգացմունքը, այն գեղեցկությունը, որ Աստված եւ բնությունը պարգեւել են մարդկային արարածներին ու ասել, որ եթե նրանք ապրեն այդ զգացումը՝ երջանիկ կլինեն: Պատմությունը ցույց է տալիս, որ հարստությունը ոչ միայն երջանկության պայման չէ, այլեւ դժբախտություն է բերում»:

Մեր զրուցակիցը նկատել է, որ «հայ աղջիկներն իրենց ճնշված են զգում, նրանցից ոչ մեկը չի կարող առաջարկություն անել տղային, եթե նույնիսկ խելակորույս սիրում է, իսկ տղաներն էլ մինչեւ որոշում են կայացնում՝ գնացքն արդեն մեկնած է լինում… Հասարակությունը սա դեռ չի հասկացել, ավելի ճիշտ՝ դրան չի հասել: Բացի այդ, ունենք ազգային ավանդույթներ, որոնք շատ դեպքերում կաշկանդում են մեզ, ունենք նաեւ վախի զգացում, որ շատ վաղուց մեզ մոտ կա ու դեռ չի վերացել: Այսինքն՝ հասարակությունն ինքը չի նպաստում այն ազատությանը, որ մարդիկ կարողանան իրենց սիրո պատասխանը ստանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել