Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ «ՌԵԶՅՈՒՄԵՆ»

Հունվար 29,2009 00:00

\"\"«Երբեք չէի ամուսնանա մի կնոջ հետ, ով մինչ ամուսնությունը սեռական հարաբերություն է ունեցել այլ տղամարդու հետ»

Վարում է «Գազ 31» մակնիշի ավտոմեքենա: Սիրում է նվեր ստանալ ժամացույց: Տղամարդկանց նվիրում է փողկապ, իսկ կանանց՝ օծանելիք:

Անկախ ժամանակահատվածից, ինձ միշտ հետաքրքրել են խելացի ու գեղեցիկ կանայք: Այսօր էլ կնոջ մեջ ավելի շատ գնահատում եմ կանացիությունը, խելացիությունը, հետո նոր՝ գեղեցկությունը: Ամուսնացած լինելը չափանիշ չէ, հիմա էլ ունեմ շատ աղջիկ ընկերներ, որոնց հետ ազատ շփվում եմ: Ցանկացած հայ տղամարդու համար կնոջ իդեալը միշտ իր մայրն է եղել՝ ես էլ բացառություն չեմ: Ամուսնության ժամանակ փորձել եմ ընտրություն անել մորս կերպարին համապատասխան, բայց այնքան էլ մոտ չի ստացվել: Ճիշտ է, կինս ու մայրս լրիվ համատեղելի են եւ իրար լավ են հասկանում, բայց 100%-անոց չի ստացվել: Կնոջս հետ նույն դասարանում ենք սովորել, մեր սերը դպրոցական տարիքում չի առաջացել, այլ այն ժամանակ, երբ ուսանող էինք: Բավականին երկար ժամանակ ընկերություն ենք արել՝ մոտ 5-6 տարի եւ 25 տարեկանում նոր միայն ամուսնացել: Մեր հարաբերություններում «թույլ տվեք ձեր ձեռքը» կամ նմանատիպ արտահայտություններ չեն եղել, միմյանց սիրո խոստովանություն էլ չենք արել, ամեն ինչ սահուն է անցել: Ես միայն Բժշկական համալսարանում սովորելու տարիներին եմ հասկացել, որ բոլոր աղջիկների մեջ միայն իրեն եմ հավանում: Հետաքրքիրն այն էր, որ նա այլ բուհում էր սովորում:

Զոքանչի հետ՝ ոչ այնքան ջերմ ու մտերմիկ հարաբերություններ

Մեր ամուսնությունը ծնողների համար էլ նորմալ էր: Հիմնական խնդիրն այն էր, որ երկուսս էլ նույն տարիքի էինք, եւ քանի որ աղջիկներն ավելի շուտ են ամուսնանում, մեր ուշ ամուսնությունը խոսակցության մի փոքր առիթ եղավ, բայց լուրջ կոնֆլիկտ չառաջացրեց: Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես է, ինձ համար փեսա-զոքանչ հարաբերությունները սուր չեն դրված, սակայն շատ ջերմ ու մտերմիկ էլ չեն: Դրանք հարաբերություններ են, որի մեջ պետք է լինի հարգանք դեպի կնոջդ ծնողները: Մեզ մոտ երբեք խնդիր չի եղել, որ խնամիական կողմը խառնվի մեր ընտանեկան հարաբերություններին, սահմաններ գծելու առիթ նույնպես չկա: Ամեն դեպքում, ես շփվող մարդ եմ եւ նրանց տուն գնալիս շատ ազատ եմ ինձ պահում, իրենց տանը ոչ թե փեսա եմ, այլ՝ ընտանիքի բարեկամ:

Ստրիպ պարուհիներին լավ էլ գնահատում է

Ընդհանրապես՝ ծխելուն դեմ եմ, նույնիսկ՝ տղամարդկանց, իսկ հայ կնոջը ծխել ընդհանրապես չի սազում: Կնոջ ծխելը բացարձակ չեմ ընդունում: Գիշերային ակումբների մասով էլ ասեմ, որ իմ երիտասարդության տարիներին այնքան էլ շատ չէին, դիսկոտեկներ էինք գնում, բայց վատ կարծիք չունեմ գիշերային ակումբների մասին, եթե մարդը գնում է այնտեղ միայն իր ժամանցը կազմակերպելու համար: Ես ինքս չեմ հաճախում գիշերային ակումբներ, ավելի շատ սպորտային նախասիրություններ ունեմ՝ լողալ, խաղալ, ֆուտբոլ նայել չեմ սիրում, հիմնականում խաղին անմիջական մասնակցություն եմ ունենում: Շատ եմ սիրում աղմկոտ եւ մարդաշատ վայրեր: Ստրիպ ակումբ Հայաստանում չեմ այցելում, հիմնականում արտասահմանյան այցելությունների ժամանակ եմ նման ակումբներում լինում եւ ամենեւին էլ ինձ կաշկանդված չեմ զգում, ինչ բոլորն են անում, այն էլ ես՝ «գնահատում» եմ ինչպես պարուհիներին, այնպես էլ միջավայրը: Խաղատներ ընդհանրապես չեմ հաճախում, ոչ թե չեմ սիրում՝ դրա համար, այլ չեմ կարողանում խաղալ, եթե կարողանայի՝ կգնայի: Փոքր ապարատների վրա փորձել եմ խաղալ, բայց չի ստացվել: Խմիչքներից գերադասում եմ սպիտակ գինին, որ շատ կարողանամ խմել ու բարձր տրամադրություն ունենամ: Չի եղել դեպք, որ խմեմ ու չհիշեմ, թե ինչ օղի եմ խմել ու աղոտ հիշեմ, թե ինչ է կատարվել:

Մերժում է սեռական փոքրամասնություններին

Սեռական փոքրամասնությունների գոյությունը իրոք մեր հասարակության կողմից չի ընկալվում, չնայած նույն հասարակության մեջ կան այդպիսի մարդիկ: Մեր երկիրը ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, ինչ միջոցառումներ էլ անցկացվեն, միեւնույն է, հասարակական ընկալում չի ձեւավորվում եւ փառք Աստծո, որ չի ձեւավորվում: Այս պահպանողականությունը մեզ շատ է պետք: Միգուցե ես էլ եմ նման մարդկանց հետ շփվում ու չգիտեմ, որ նրանք այդ մարդիկ են, բայց եթե այդ մասին իմանամ՝ այլեւս նրանց հետ չեմ շփվի:

Խոցելի կի՞ն, թե՞ երանելի հաճույք

Սիրո մեջ խենթ չեմ եղել, զգացմունքների մեջ ինձ չեմ կորցնում: Ամենակարեւորն այն է, որ ես դրանից չեմ տուժել, ու ոչ մի բան չի փոխվել: Իմ հավաքական զգացմունքը ինչ չափով եղել է մինչեւ ամուսնությունը, հիմա էլ նույնությամբ պահպանվել է: Նշեմ, որ մինչեւ ամուսնանալը ակտիվ վիճաբանությունների մեջ եմ եղել կնոջս «ուզողների» հետ, սակայն նա այդ մասին չգիտեր, եթե ասեի՝ կմտածեր, որ իր մեջ հերոսի կերպար եմ ձեւավորում: Ինչ վերաբերում է մինչեւ ամուսնանալը կնոջ եւ տղամարդու սեռական հարաբերություններին, ուզենք, թե ոչ, ինչ-որ մարդկանց մոտ դա լինում է, եւ ես նորմալ եմ ընդունում, բայց դարձյալ հայկական ընկալման խնդիր կա: Հարցն այն է, որ եթե այդ հարաբերության վերջը ամուսնությունը չի լինում՝ միշտ կինն է տուժում, կարծում եմ, պետք է այնպես անել, որ կինը խոցելի չդառնա: Սակայն ես էլ հասարակության մի մասնիկն եմ եւ հաստատ չէի ամուսնանա մի կնոջ հետ, ով մինչեւ ամուսնությունը սեռական հարաբերություն է ունեցել այլ տղամարդու հետ: Կարեւորն իրար չխաբելն է: Խաբեություն եմ համարում նաեւ կանանց կողմից արհեստական ճանապարհով կուսության վերականգնումը: Ավելի ճիշտ է կինը համարձակություն ունենա ու ասի այդ մասին, եթե դիմացինը կընդունի՝ թող շարունակեն իրենց կապը: Հակառակ դեպքում, միեւնույն է, ճշմարտությունը կբացահայտվի, եթե չբացահայտվի էլ, դա անպայման անդրադառնալու է հետագա հարաբերությունների վրա:

Պապա դառնալը ցնծություն է…

Իմ բժիշկ լինելու հանգամանքը ինչ-որ չափով ազդեցություն թողել է նաեւ ընտանիքում: Երբ երեխա պիտի ունենայինք, որոշեցի, որ ապահովության համար կինս ծննդաբերությունից մի քանի օր շուտ հիվանդանոց տեղափոխվի: Մեր հաշվարկով, երեխան պետք է 4-5 օր հետո ծնվեր, սակայն հիվանդանոց տեղափոխելուց մի քանի ժամ հետո ինձ զանգեցին, թե եկեք հիվանդանոց՝ տղա եք ունեցել: Դա ինձ համար ցնծություն էր եւ բառերով չեմ կարող նկարագրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել