Մելբուռնում ավարտին է մոտենում թենիսի «Մեծ սաղավարտի» շարքի չորս մրցաշարերից առաջինը՝ «Australian Open»-ը:
Աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալները պայքարում են ոչ միայն պատվավոր գավաթին տիրելու, այլեւ ավստրալական $22 մլն ընդհանուր մրցանակային ֆոնդից հնարավորինս մեծ պարգեւավճար կորզելու համար:
Համառ մրցակցության ընթացքում հաղթողի հավակնորդների շարքերը դասվողներից շատերը (օրինակ՝ արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը) տարբեր փուլերում վերածվել են հանդիսականի: Իսկ պայքարը շարունակում են ավելի արժանավորները, նրանք, ովքեր ավելի լավ մարզավիճակով են ներկայացել «Կանաչ մայրցամաք»:
Ստացվել է այնպես, որ կանանց մենախաղերի նախավերջին փուլում հայտնվել են Ռուսաստանի միանգամից երեք ներկայացուցիչներ՝ Դինարա Սաֆինան՝ Մարատ Սաֆինի քույրը, Վերա Զվոնարյովան եւ Ելենա Դեմենտեւան: Նրանց հետ չեմպիոնության համար պայքարում մնացել է միայն ամերիկուհի Սերենա Ուլյամսը, որը պետք է ձգտի եզրափակիչ մտնելու համար հաղթել Ելենային: Այնպես որ, հաջողության հասնելու դեպքում նա վճռորոշ մրցամարտում հանդիպելու է Զվոնարյովա-Սաֆինա զույգի հաղթողի հետ:
Մոտավորապես նույն պատկերն է նաեւ տղամարդկանց մենախաղերում, միայն այն տարբերությամբ, որ 1/2 եզրափակիչում պայքարը շարունակում են երկու իսպանացիներ՝ աշխարհի թիվ մեկ ռակետ Ռաֆայել Նադալը եւ Ֆեռնանդո Վերդասկոն, որոնք միմյանց միջեւ որոշելու են, թե ո՞վ կմտնի եզրափակիչ եւ կհանդիպի Էնդի Ռոդիկ (ԱՄՆ)-Ռոժե Ֆեդերեր (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ: