Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՂԸ՝ ԾԱԽՍՎԵԼ, ԲԱՅՑ ԽՆԴԻՐԸ ՄՆԱՑԵԼ Է

Հունվար 29,2009 00:00

Կառավարությունը առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացման նպատակով 2007թ. սեպտեմբերին պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին

896 միլիոն 772 հազար դրամ հատկացրեց:

Նոյեմբերյան քաղաքում բյուջետային այս հատկացումով երեք ծրագիր պետք է իրականացվեր: Դրանցից մեկը ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգումն էր, որի համար առանձնացվեց 50 միլիոն դրամ: 48 միլիոն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը եւ «անցավ գործի»: Խաղադաշտը 6 մետր ընդլայնվեց, որպեսզի համապատասխանի ֆուտբոլային մարզադաշտերի ընդունված չափերին, կառուցվեց նոր հենապատ եւ 27 մետր երկարությամբ ու 6 մետր լայնությամբ շինություն՝ նախատեսված հանդերձարանների եւ երկու փոքր մարզադահլիճների համար: Կառույցի երրորդ հարկը բաց էր լինելու՝ բարձր տանիքի ներքո, որպեսզի այդտեղից, ինչպես օթյակից, հնարավորություն լիներ հետեւելու ֆուտբոլային հանդիպումներին: Ծրագիրը, նախատեսվածի համաձայն, ավարտվեց 2007 թվականի վերջին: Անցել է մեկ տարուց ավելի: Ի՞նչ տվեց պետբյուջեից 48 միլիոն դրամի ծախսը: Որոշեցինք «պտույտ մը» գործել մարզադաշտի շուրջ: Մարզադաշտ իջանք քաղաքի կենտրոնական՝ Երեւանյան փողոցից, որտեղով ձգվում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Այս փողոցում 90-ական թվականներին տեղադրված մետաղյա վագոն-տնակներ են, ուր առեւտրական օբյեկտներ են գործում, որոնց աշխատողները օրվա աղբը ներքեւ են թափում՝ մարզադաշտի այդպես էլ չկայացած տրիբունան եւ շրջակա տարածքը աղբանոցի վերածելով: Խաղադաշտի տարածքն էլ պակաս «գրավիչ» չէ՝ թափված զանազան կենդանիների ոսկորներով եւ փորոտիքով: Դարպասներից մեկի մոտ, անկյունային գծի կողքին, որպես շինարարությունից հիշատակ, խոշոր քարեր եւ մեծ հողակույտեր են մնացել: Մարզադաշտի հենապատը կանգուն է, սակայն երկհարկանի շենքից միայն պատերն են կառուցված: Հարկերի միջեւ բաց տարածություն է. բավական է աստիճաններից մի անզգույշ քայլ կատարես՝ կընկնես ներքեւ: Երկրորդ հարկի բետոնե առաստաղը նույնպես տեղ-տեղ բաց է:

Տանիքի, դռների ու պատուհանների բացակայությունը, հողե ծածկն ավելի ամբողջական են դարձնում շենքի պատկերը: Ի՞նչ հանդերձարան, ի՞նչ մարզասրահ… Շինարարներն ի՞նչ են հանձնել շահագործման՝ կիսակառո՞ւյցը… ո՞ւր է նախատեսված երրորդ հարկը, ի՞նչ գումարներով է ավարտվելու կիսատ մնացած շինարարությունը: Չէ՞ որ տեղումներից կիսակառույցը, հաստատ, տուժում է:

Նույնիսկ այս գործերն ավարտելու դեպքում էլ մարզադաշտը չի ծառայի նպատակին, եթե խոտածածկը չհարթեցվի, եւ մարզասերների համար նստելատեղեր չստեղծվեն: Տեղանքն այնպիսին է, որ նստելատեղերը միայն մի տեղ կարող են կառուցվել՝ թեք լանջին, վագոններում ծվարած խանութներից ներքեւ: Հարկ է խաղադաշտի հարեւանությամբ գտնվող վագոն-տնակները տարհանել՝ փոխարինելով ճարտարապետական նորմերին համապատասխան, գեղեցիկ եւ բարետես կառույցներով: Դրանից կշահի եւ մարզադաշտը, եւ քաղաքի կենտրոնը: Այդ օբյեկտները կարող են կառուցել դրանց սեփականատերերը (մինչ այժմ այդ տարածքները վարձակալությամբ են տրված):

Նոյեմբերյանցիները կատակով հույս են փայփայում, որ մի օր «Այրում» կայարանից էլեկտրաքարշ կգա, կամրակցի բոլոր վագոն-տնակները եւ քաղաքն ու մարզադաշտը կազատի դրանց տհաճ ներկայությունից:

Մարզադաշտի անմխիթար վիճակից տուժում է ֆուտբոլի զարգացումը: 90-ական թվականների երկրորդ կեսին Նոյեմբերյանի ֆուտբոլային թիմը հանդես էր գալիս ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում եւ մրցակից թիմերին հյուրընկալում էր այստեղ: Հիմա հանրապետության առաջնությանը մասնակցում է քաղաքի մանկապատանեկան թիմը: Այսպիսի մարզադաշտում հնարավոր չէ հանդիպումներ անցկացնել, ուստի պատանի ֆուտբոլիստները հարկադրված մրցակցում են Նոյեմբերյանից 15 կմ հեռավորությամբ գտնվող Հաղթանակ գյուղի մարզադաշտում:

Ե՞րբ կշարունակվի խաղադաշտի շինարարությունը, հայտնի չէ: Նորմալ մարզադաշտ ունենալու համար առնվազն 300-400 միլիոն դրամ է հարկավոր: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից տուժած Հայաստանը հիմա վարկեր է խնդրում աշխարհի հզորներից: Սահմանամերձ փոքր քաղաքի խաղադաշտի հարցը հիմա կառավարության համար հազիվ թե առաջնահերթ համարվի, թեեւ 2007-ին վերոհիշյալ 48 միլիոնը հատկացվել է հատկապես առաջնահերթ խնդրի լուծման նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել