Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարզի մշակույթն ուշադրության կարիք ունի»

Հունվար 29,2009 00:00

Հարցազրույց Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի մենակատար Ստեփան Դալլաքյանի հետ:

– Պարոն Դալլաքյան, Ձեր ձայնի համար բնությա՞նն եք պարտական, թե՞ գեներին։ Որքան տեղյակ եմ՝ Ձեր ե՛ւ հայրական, ե՛ւ մայրական կողմը երգելու ձիրք է ունեցել։

– Այն միջավայրը, որտեղ ես եմ մեծացել, հաստատ բարենպաստ էր արվեստագետ դառնալու համար։ Իսկ իմ կարողություններն առաջինը նկատել է պապս, որն էլ ինձ համար դհոլ պատրաստեց, շվի, դուդուկ եւ այլ երաժշտական գործիքներ գնեց։ Առաջին երգս կատարել եմ 4 տարեկանում՝ այն գուսան Աշոտի «Ծառեը ծաղկում են տարին մեկ անգամ» ստեղծագործությունն էր, որի բառերը չգիտեի, միայն կրկներգն էի հիշում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց մայրաքաղաքում ծանոթությունս որոշ արվեստագետների հետ եղավ ճակատագրական, եւ ճանապարհն ինձ տարավ մշակույթի ասպարեզ։

– Ժամանակին հանդես եք եկել ոչ միայն միութենական մեծ բեմերում: Այսօր պետական մակարդակի միջոցառումների ժամանակ հաճախ եմ փորձում այնտեղ տեսնել «Հորովել» երգի-պարի պետական համույթը, որի մենակատարն եք Դուք, սակայն չեմ հանդիպում։ Ո՞րն է պատճառը:

– Մեզ պարզապես չեն հրավիրում։ Ժամանակին ունեինք լավ արվեստագետներ՝ Գեորգի Ասատրյան, Պավլիկ Օսկանյան եւ այլք, որոնք նման միջոցառումների ժամանակ անպայման հրավիրում էին անգամ հեռավոր շրջանների լավագույն կատարողներին։ Այսօր այդ մոտեցումը չկա։ Համերգները հիմնականում գրպանային հոգեբանությամբ են կազմակերպվում, կազմակերպիչները մտածում են՝ թող իրենց ծանոթ-բարեկամը գա փող աշխատի, անկախ այն բանից՝ երգիչ է, թե ոչ։ Մենք մարզերում ունենք շատ երիտասարդ կատարողներ, բայց այսօր ներկայանալու մենաշնորհը մայրաքաղաքի արվեստագետներինն է։ Որքան էլ պաշտոնապես ասվում է, թե դեմքով կանգնենք դեպի մարզը՝ այդ մոտեցումը դեռեւս նկատելի չէ։ Մարզերում կան ոչ թե մի 5 տարվա ռաբիս երգի ստաժ ունեցողներ, այլ դասական ու ժողովրդական մշակույթի ակունքներում կանգնած իսկական արվեստագետներ, որոնց գնահատել է պետք։

– Չե՞ք զղջում, որ ժամանակին մայրաքաղաքից եկել եք մարզ եւ դուրս մնացել այդ ուշադրությունից ու զրկվել մեծ ասպարեզում լինելու հնարավորությունից։

– Ճիշտ է, ինձ հետ կատարողները մնացին մայրաքաղաքում՝ Լեւոն Իսպիրյան, Ֆլորա Մարտիրոսյան, Սուսաննա Սաֆարյան, Էդվարդ Դարբինյան: Մնացին եւ մեծ ճանաչում ստացան, ի տարբերություն ինձ։ Չեմ փոշմանել, քանի որ ծառայել եմ իմ լոռեցի հայրենակիցներին։ Ցավում եմ, որ այսօր իմ զինանոցում ունեմ հարյուրավոր նախատեսված ու չձայնագրված երգեր՝ Սայաթ-Նովա, Ջիվանի, Շերամ, գուսաններ Աշոտ, Շիրին, Զաքարյան, ժամանակակից կոմպոզիտորներից՝ Վաղարշակ Կոտոյան, Սաթյան։ Այդ հրաշք երգերը կարող էինք թողնել ձայներիզների վրա։ Ես այսօր 60 տարեկան եմ, բայց գտնվում եմ իմ ուժերի ծաղկման շրջանում, ավելի խորն եմ զգում երգի ոգին։ Եթե երիտասարդ տարիքում միայն ձայնն ենք ցույց տալիս, ապա հիմա երգը հոգու խորությամբ ենք ներկայացնում։ Իսկ դրա համար քիչ են բարեգործական համերգները մանկատներում ու ծերանոցներում, մեծ բեմեր են պետք, արվեստասեր ունկնդիր։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ մեծ բեմերը «գրավել» են շոու-բիզնեսի «աստղիկները»։

– Ես ոչ մի բանի դեմ չեմ՝ նորացումներին, թարմացումներին, նոր խոսքին, բայց մենք ունենք մեծ քննություն բռնած երգարվեստ, որը պետք է հիմնաքարը լինի նորի ստեղծման։ Ժամանակին մեծ սխալ տեղի ունեցավ։ Երբ ուզում էին Մանդակունյանից հետո Գրիգոր Հախինյանին նշանակել ռադիոյի ժողգործիքների նվագախմբի ղեկավար, նա ասաց, որ սոլիստներ չպետք է պահի։ Մենք ունեինք Օֆելյա Համբարձումյան, Ռուբեն Մաթեւոսյան, Հովհաննես Բադալյան։ Նրանք մեծացան եւ ամեն ինչ կորսվեց, քանդվեց, առաջացավ վակուում, որից միջին սերունդը տուժեց։ Ցավոք, Հայաստանում այդ սերնդափոխությունը չկատարվեց. ավագ սերունդը գնաց, տեղը դատարկվեց եւ այս վակուումի մեջ մտան այսօրվա աստղիկները՝ շռնդալից ու միանգամից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել