Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար 29,2009 00:00

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

\"\"Վրաստանը չի հաշտվել օգոստոսյան պատերազմում իր կրած պարտության հետ: Սահակաշվիլու շրջապատը վերադառնում է սադրանքների մարտավարությանը: Այդպիսի կարծիք են հայտնել Աբխազիայի ղեկավարության աղբյուրները «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին՝ մեկնաբանելով օրերս կատարված՝ հանրապետության ներքին գործերի փոխնախարար Զական Ջուղելիայի սպանությունը: Երկուշաբթի օրը ցերեկով նա գնդակահարվել է Սուխումի բացօթյա սրճարաններից մեկում, որտեղ նստած էր ընկերների հետ: Աբխազիայի պաշտոնյաների պնդմամբ՝ հնարավոր է, որ սպանության հետքերը տանեն Վրաստան, սակայն բացառված չէ նաեւ, որ հանցագործությունն իրականացրել է տեղական կրիմինալը: Ջուղելիան մեծ հեղինակություն էր վայելում հանրապետությունում եւ կարող էր փայլուն կարիերա անել: Իսկ ահա Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին (լուսանկարում) կարող է հաղթանակ տոնել: Թբիլիսիում ձեւավորված այդ հանրապետության «այլընտրանքային» կառավարությունն, ըստ էության, տապալվել է: Այդ կառավարության առանցքային դեմքերը՝ Կուրկուսով 3 եղբայրները, ձերբակալվել են Ադրբեջանում եւ փոխանցվել Հարավային Օսեթիայի հատուկ ծառայություններին: 2005 թվականին Կուրկուսով եղբայրներից երկուսը փախել էին Ցխինվալիի բանտից եւ վրացական հատուկ ծառայությունների օգնությամբ տեղափոխվել Թբիլիսի, որտեղ եւ ակտիվորեն մասնակցել են վրացամետ «այլընտրանքային» կառավարության ստեղծմանը: Թերթը հիշեցնում է, որ այդ կառավարության ղեկավար Սանակոեւը անցած տարվա օգոստոսի իրադարձություններից հետո տեղափոխվել է Փարիզ:

ԴՈՒՇԱՄԲԵՆ ՆԵՂԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻՑ

\"\"«Ռուսաստանը դաշնակիցներ է կորցնում»,- նշում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Վերջերս Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոն հայտարարել է, որ 2 եղբայրական ժողովուրդներ այլեւս գոյություն չունեն: Իսկ այժմ իր դժգոհությունն է հայտնում Դուշամբեն, որը երեկ Ռուսաստանին բողոքի նոտա է ուղարկել: Դժգոհությունը վերաբերում է ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ վերջերս Տաշքենդում արած հայտարարություններին, որոնք Դուշամբեն դիտարկել է որպես հարեւան Ուզբեկստանի շահերի սատարում՝ ի վնաս իր երկրի: Այնպես որ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին (լուսանկարում) դժվար երկխոսություն է սպասվում Մեդվեդեւի հետ՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ երկրների հանդիպման շրջանակներում: Կոնֆլիկտը վերաբերում է սահմանամերձ գետերին, տվյալ դեպքում՝ Սիր-Դարյային, որի պաշարներին հավակնում են Ուզբեկստանն ու Տաջիկստանը: Վերջինս պատրաստվում է այդ գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցել, սակայն վերջին շրջանում Ռուսաստանը ոչ միայն չի փորձում աջակցել այդ շինարարությանը, այլեւ, ի դեմ Դ. Մեդվեդեւի, հայտարարում է, որ նման խնդիրները պետք է լուծել՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների շահերը: Խորհրդային շրջանում այդ հանրապետությունները հայմաձայնեցված էին օգտագործում թե ջուրը եւ թե էլեկտրականությունը, սակայն այժմ նրանց միջեւ համաձայնություն չկա: Անցած տարվա դեկտեմբերի 27-ից Ուզբեկստանը շրջափակել է թուրքմենական էլեկտրաէներգիայի մուտքը Տաջիկստան: Արդյունքում՝ այդ երկիրը պատրաստվում է էլեկտրաէներգիայի խոշորամասշտաբ անջատումների:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՆԱՏՕ ՉԵ՞Ն ԹՈՂՆՈՒՄ

Երեքշաբթի օրը Լեհաստանի արտգործնախարար Ռատոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ուկրաինան եւ Վրաստանը կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ միայն հեռավոր ապագայում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, այդ հայտարարությունը պետք է որ բացասաբար ազդի Ուկրաինայի եւ Լեհաստանի նախագահների հանդիպման վրա: Այն անց է կացվել երեկ Վրոցլավում՝ ԵՄ-ում նախագահող Չեխիայի վարչապետի մասնակցությամբ: Սիկորսկին իր հարցազրույցներից մեկում ուղղակիորեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հոգնել է ընդլայնումից եւ ժամանակակից փուլում որեւէ ցանկություն չունի ընդունելու Վրաստանին եւ Ուկրաինային: Իսկ Եվրամիության ընդլայնումը ֆինանսական ճգնաժամի պայմաններում, լեհ դիվանագետի կարծիքով, էլ ավելի դժվար գործ է: Պաշտոնապես երեկվա հանդիպումը կապ չուներ Կիեւ-ՆԱՏՕ հարաբերությունների հետ, քննարկման թեմաններն էին՝ էներգետիկ անվտանգությունը եւ արեւելյան հարեւանությունը: Վերջինս անցած տարվա վերջում հրապարակված լեհ-շվեդական նախաձեռնությունն է, որն ուղղված է Եվրամիության եւ հետխորհրդային մի շարք երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի հետ համագործակցությանը: Քննարկման առարկա է դարձել նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ վերջերս կնքված «գազային» պայմանագիրը, որով վերականգնվել է ռուսաստանյան գազի մատակարարումը Եվրոպա: Լեհաստանն անցած շաբաթ ստացել է ավելի քիչ գազ, քան դա նախատեսված է միջազգային առեւտրական համաձայնագրերով, սակայն, ըստ ռուսական թերթի, իր պարտավորությունները չի կատարում ոչ թե «Գազպրոմը», այլ գազի ուկրաինական մատակարարը՝ «Ռոսուկրէներգոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել