Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար 29,2009 00:00

Համմարբերգը նույնպես սպասելու է

\"\"Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայաստանյան պատվիրակությանը ձայնից չզրկելու վերաբերյալ կայացրած որոշումը դեռեւս չի նշանակում, որ վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ դադարեցվելու է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Ինչ վերաբերում է Հայաստանի քրեական օրենսգրքի 225 («Զանգվածային անկարգությունները») եւ 300 («Պետական իշխանությունը յուրացնելը») հոդվածներում նախատեսվող փոփոխություններին, ապա, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խոսքերով, այդ հոդվածները չափազանց անորոշ ձեւակերպումներ ունեն, ինչը տարբեր մեկնաբանությունների հնարավորություն է տալիս: Թոմաս Համմարբերգի կարծիքով, եթե դրանք փոխվեն, արդյունքը կլինի այն, որ դատախազը կվերացնի այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքները, դրանով իսկ՝ կփոխվի նաեւ իրավիճակը:

Երեւան կատարած վերջին այցի ժամանակ՝ անցյալ տարվա նոյեմբերին, Համմարբերգը հայտարարել էր, որ քննադատելու է արդեն ավարտված որոշ դատավարությունների ընթացքը եւ «7-ի գործով» նախաքննությունը, իսկ «7-ի գործի» վերաբերյալ իր վերջնական կարծիքը խոստացել էր հայտնել ավելի ուշ: Այդուամենայնիվ, նա այն ժամանակ արդեն որոշակի կասկածներ հայտնել էր, նշելով, որ բավարար ապացույցներ չկան անգամ դատավարությունը սկսելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրա՞ստ է այժմ հայտնել վերջնական կարծիքը, Համմարբերգը պատասխանեց. «Քանի դեռ չի սկսվել դատավարությունը, ես չէի ցանկանա որեւէ տեսակետ կամ կարծիք հայտնել: Իմ եզրակացությունները կհրապարակեմ, երբ դատավարությունն ավարտվի: Այն ժամանակ կարող ենք ասել՝ կայի՞ն հիմքեր մեղադրանքի համար, թե՞ ոչ»:

«Ծխախոտայի՞ն» միտրոպոլիտ

\"\"Նախորդ օրն ուշ երեկոյան Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք է ընտրվել 63-ամյա միտրոպոլիտ Կիրիլը, որը մինչ այդ ղեկավարում էր մոսկովյան պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը: Ինչպես գրում է BBC-ին, վկայակոչելով բրիտանական «Times» թերթը, իր նախորդի նման՝ Կիրիլի վարկն էլ փոքր-ինչ տուժում է այն մեղադրանքներից, թե նա խորհրդային շրջանում ՊԱԿ-ի գործակալ էր՝ «Միխայլով» մականունով: «Times»-ը հիշեցնում է նաեւ, որ 90-ականների կեսերին Կիրիլը հայտնի դարձավ որպես «ծխախոտային միտրոպոլիտ»: Նրա անունը կապում էին տուրքերից ազատված ծխախոտի հսկայական խմբաքանակի ներկրման եւ վաճառքի հետ, որի նպատակն էր միջոցներ հավաքել մարդասիրական օգնության համար: Արեւմտյան վերլուծաբանների կարծիքով՝ Կիրիլը պետության տեսակետից իդեալական ընտրություն է: Նա կողմնակից է ուժեղ, հզոր պետության վերականգնմանը: Կիրիլի հայրենասիրությունը հիմնված է երկու՝ արեւմտյան եւ ռուսական քաղաքակրթությունների պայքարի մասին պատկերացումների վրա, եւ նա գտնում է, որ Ռուսաստանն ունի իր ինքնուրույն ուղին, որը տարբերվում է արեւմտյան ժողովրդավարությունների ճանապարհից: Մյուս կողմից, Կիրիլը լավ հարաբերություններ ունի Վատիկանի հետ եւ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ քրիստոնեական արժեքների տեղը աշխարհում շատ բանով կախված է լինելու ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններից: Փորձագետները նշում են նաեւ, որ նոր պատրիարքի քաղաքականությունը շատ բանով շարունակելու է վերջին տարիների որդեգրած կուրսը:

ԱՄՆ ներկայությունը Աֆղանստանում ընդլայնվելու է

\"\"ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը պահանջել է դաշնակից երկրներից՝ ակտիվացնել իրենց մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողություններին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Մեծ Բրիտանիային՝ խնդրելով Աֆղանստան ուղարկել եւս 4 հազար զինծառայող: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի խոսքերով, իր երկրի առաջնահերթությունն է լինելու՝ Աֆղանստանում պայքարել թմրանյութերի տեղափոխման եւ ահաբեկչության դեմ: Պենտագոնն արդեն հայտարարել է, որ Աֆղանստանում իր ռազմական խմբավորումն ավելանալու է մոտ 2 անգամ եւ հասնելու է 60 հազար զինծառայողի: Տեղեկություններ են տարածվում, որ Միացյալ Նահանգները նոր ճանապարհներ է փնտրում դեպի Աֆղանստան ռազմական տեխնիկայի եւ զինուժի տեղափոխման համար, եւ այդ ճանապարհն անցնելու է Վրաստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի տարածքներով:

Ռուս փորձագետները կարծում են, որ, ընդլայնելով իր ներկայությունն Աֆղանստանում՝ ԱՄՆ-ը նպատակ է դնում ոչ միայն պայքարել նարկոթրաֆիքինգի եւ ահաբեկչության դեմ, այլեւ վերահսկողություն հաստատել միջուկային պետություններ հանդիսացող Պակիստանի եւ Հնդկաստանի, ինչպես նաեւ էներգետիկ պաշարներով հարուստ Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի վրա: Միացյալ Նահանգների համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում աֆղանա-պակիստանյան սահմանը, որտեղ արտադրվում է աֆղանական ափիոնի 90%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել