Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանակի տոնը՝ PR-ի հարմար առի՞թ

Հունվար 29,2009 00:00

\"\"Երիտասարդները բանակի 17-ամյակը նշեցին միջոցառումների շարքով

Երեկ ողջ օրվա ընթացքում Երեւանն ավելի քան լի էր երիտասարդներով: Պատճառն այն էր, որ ՀՀ ազգային բանակի 17-ամյակի կապակցությամբ տարբեր երիտասարդական կազմակերպություններ միջոցառումներ էին կազմակերպել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: «Հայաստանի բլոգերների շարժում», «Ավետ», «Երիտասարդական շունչ» հ/կ-ները եւ այլ ուսանողական նախաձեռնություններ ժամը 10.45-ին Հաղթանակի կամրջից, ի նշան խաղաղության, երկինք բաց թողեցին եռագույն փուչիկներ եւ դրոշներ: Այնուհետեւ խորհրդանշական 17 երիտասարդական խմբեր այցելեցին զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Երիտասարդական ակցիան մեկնարկել էր դեռ հունվարի 27-ին, երբ ուսանողները երեւանյան փողոցներում քաղաքացիներին տոնական բացիկներ էին նվիրում: Իսկ միջոցառումներն իրենց գագաթնակետին հասան Եռաբլուրում, երբ արդեն ոչ միայն միջոցառման կազմակերպմանը մասնակցած, այլեւ կամավոր երիտասարդների խմբեր միացան տոնական երթին: Երիտասարդների մտքով չէր անցնում, որ իրենց կմիանա նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրա եւ Դուշման Վարդանի Զարիկ մայրիկի գլխավորությամբ երիտասարդների խումբը բարձրացավ Եռաբլուրի բարձունք, խունկ ծխեցրեց զոհվածների հիշատակին, մոմ վառեց տեղի եկեղեցում: Այս կապակցությամբ «Մեր բանակը 17 տարեկան է» ծրագրի նախաձեռնող խմբի ղեկավար Հայկ Ակարմազյանն «Առավոտին» ասաց. «Գագիկ Ծառուկյանն անձամբ ինձ է զանգել եւ ցանկություն հայտնել միանալ մեր երթին: Թող բոլոր պաշտոնյաները երիտասարդներին հիշեն ոչ թե պլակատ բարձրացնելու, այլ՝ ճիշտ ճանապարհով առաջնորդելու համար»:

Նկատենք, որ երթին մասնակից որոշ երիտասարդներ առիթը բաց չէին թողել իրենց կուսակցության PR-ն անելու համար: Օրինակ, ՄԻԱԿ-ականներն, իրենց կուսակցության շապիկները հագած, պտտվում էին երիտասարդների շարքերում: Այս մասին Հ. Ակարմազյանն ասաց. «Մենք հայտարարել էինք, որ ասպիսի բան ենք կազմակերպում, իսկ գալ-միանալը թողնված էր ցանկացողների կամքին: Օրինակ, մեզ միացել էին նաեւ պատահաբար Եռաբլուրում հայտնված մարդիկ, բայց, տեսնելով, որ այդպիսի բան է կազմակերպված, հաճույքով միացել էին»: Երթին ներկա էին նաեւ տարբեր բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչներ: Զրուցեցինք ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանի հետ: Նա ասաց. «Տեղյակ չէի, որ նման բան է կազմակերպվում: Պարզապես, մեր ուսխորհրդի ակտիվով որոշել էինք հավաքվել Եռաբլուրում եւ ակամայից մասնակցեցինք համաերիտասարդական երթին: Մեզ այստեղ է բերել ՀՀ քաղաքացու հպարտ կոչումը»: Քանի որ նման ակցիաները հաճախ երիտասարդների շրջանում վերածվում են զուտ ձեւական մի հավաքի, եւ մասնակիցները զբաղված են լինում արեւածաղկի սերմ «չրթելով», ապա Ց. Ակոպյանից հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ պետք է փնտրել այդ արատավոր երեւույթների պատճառները: Նա պատասխանեց. «Կրթօջախները պիտի զբաղվեն այդ հարցերով: Բայց ավելի վատն այն է, որ այս օրը ինչ-ինչ մարդիկ փորձում են քաղաքականացնել: Տհաճություն զգացի, երբ տեսա, որ մի քանի քաղաքական կուսակցությունների երիտասարդներ իրենց կուսակցական շապիկներով էին հայտնվել այստեղ եւ կուսակցության PR-ն էին անում»:

«Առաջադեմ երիտասարդներ» ուսանողական-երիտասարդական ակումբի ղեկավար Ռուզան Հարությունյանն ասաց. «Նախօրոք յուրաքանչյուր կուսակցության ղեկավար իր թիմին հավաքել եւ զգուշացրել է, որ որեւէ անկարգություն թույլ չտան իրենց: Եթե անգամ կան այնպիսի մարդիկ, որ հնարավոր է իրենց նման բան թույլ տան, պարզապես չենք ընդգրկել թիմում»: «Հայաստանի բլոգերների շարժում» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Քոչարյանն էլ նշեց. «Տարիների ընթացքում հերոսների անունները մոռացվում են, ուստի այսպիսի ակցիաներն առաջին հերթին ունեն ճանաչողական բնույթ: Մենք մեր բլոգերում տեղադրել էինք ազգային հերոսների եւ այն մարդկանց մասին ինֆորմացիա, որոնք կանգնած են ազգագոյացման հիմքերում: Միշտ նշել եմ, որ ավելի լավ է նման հավաքների մասնակցեն ավելի քիչ թվով մարդիկ, բայց իմանան, թե ինչի համար են եկել, քան պարզապես գան «տուսովկա» անելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել