Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՂՔԻ ՄԵՐ ԲԱԺՆԻՑ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»

Հունվար 29,2009 00:00

\"\"Ասում է ԳԹԿ փոխնախագահ Արսեն Բաղդասարյանը՝ կապված ընթացիկ գնահատման ժամանակ տեղ գտած կազմակերպչական եւ տեխնիկական վրիպակների հետ:

Դպրոցներում ընթացիկ գնահատման նոր ներդրված գործընթացն ի ցույց հանեց ոչ միայն դպրոցների տնօրենների անպատրաստվածությունը, ինչի մասին վկայել են հենց իրենք («Առավոտ»), այլեւ կազմակերպիչի՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) բացթողումները: Դեկտեմբերի վերջին հանրապետության դպրոցներում անցկացված ընթացիկ ստուգումների ժամանակ դպրոցների տնօրենների նկատած թերությունների կապակցությամբ որոշեցինք ստանալ ԳԹԿ-ի մեկնաբանությունները:

Հետաքրքիր զուգադիպությամբ մեր այցելության պահին ԳԹԿ-ում սեմինար էր, որտեղ վերլուծում էին ընթացիկ ստուգումների արդյունքները: ԳԹԿ փոխնախագահ Արսեն Բաղդասարյանը սեմինարից հետո «Առավոտին» ներկայացրեց ընթացիկ ստուգումների գործընթացին անցնելու նախապատմությունը: Ըստ այդմ՝ ընթացիկ գնահատման համակարգի անցման նախնական աշխատանքներն սկսվել են երկու տարի առաջ: Նպատակը՝ աշակերտների գիտելիքների առավել խորը ստուգումն է, քան դա թույլ էին տալիս մինչ այս եղած ձեւերը՝ բանավոր հարցումներն ու ստուգողական գրավորները. «Քիչ չեն դեպքերը, երբ երեխայի մոտ բանավոր խոսքը թույլ է զարգացած, թեեւ հրաշալի տիրապետում է առարկային: Կամ հակառակը՝ անընդհատ տապալվում է ստուգողականներից, որովհետեւ անուշադիր է գրում, սխալներ շատ է թույլ տալիս: Այսպես թե այնպես, այդ երկու ձեւերն էլ լիարժեք պատկեր չեն տալիս երեխայի գիտելիքների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով առաջարկվեց ավելի բազմազան դարձնել գնահատման եղանակները: Օրինակ, որոշակի նյութ անցնելուց հետո շատ կարճ թեստ տալ, 5-10 րոպեում լուծելու համար, որպեսզի երեխան վերհիշի, անցածն ու անցնի առաջ: Ապա, դասընթացի մեծ բաժինն ավարտվելուց հետո տալ ավելի ընդգրկուն թեստ՝ մի ամբողջ դասաժամի համար, եւ վերջում՝ կիսամյակային, այնպիսին, ինչպիսին մեր անցկացրածն էր: Թեստերով գիտելիքների ստուգումն այնքանով է հարմար, որ թեստում կարող է ընդգրկվել 50-60 հարց: Նախկինում, օրինակ, չորս-հինգ խնդիր էր լինում ստուգողականից, եւ եթե այդ չորսից երեքը երեխան չէր գրում, «2» էր ստանում, թեեւ, գուցե, եթե լիներ խնդիրների մի ուրիշ քառյակ, նա, ասենք, «5» կստանար: Իսկ 50-60 հարցով թեստի մեջ, եթե մի քանի հարցի չես պատասխանում՝ էական չի լինում: Նաեւ, կախված կոնկրետ առարկայից, պետք է որոշվի, թե վերջնական գնահատականի համար, ասենք X%-ը պետք է բաժին ընկնի բանավոր հարցմանը, Y%-ը՝ ստուգողականին եւ Z%-ը՝ ընթացիկ գնահատմանը»:

Պարոն Բաղդասարյանին փոխանցելով դպրոցների տնօրենների դժգոհությունները՝ ընթացիկ գնահատման կազմակերպման հետ կապված որոշ թերացումների մասին, խնդրեցինք մեկնաբանել դրանք: Գլխավոր պրոբլեմն առնչվում էր թեստերում առկա վրիպակներին: «Դա առաջին փորձն էր, այնպես որ՝ բնական էին թերությունները, սակայն չեմ ուզում արդարացնել մեր բացթողումները,- ասաց նա եւ շարունակեց:- Առաջին փորձը ցույց տվեց, որ դեռ շատ գործ ունենք անելու: Այսօրվա սեմինարի ընթացքում վերլուծում էինք այդ ամենը: Աչք է ծակել որոշակի վրիպակների շարք: Դա, իհարկե, շատ վատ է, սակայն ասել, թե թեստերն անորակ էին՝ դեմ եմ: Կարող էր լինել իդեալական մաքուր թեստ՝ առանց վրիպակների, բայց բովանդակությամբ այնքան թույլ, նպատակին չծառայող, որ ոչ մի պատկեր ցույց չտար: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ բովանդակային առումով թեստերն անորակ չեն: Նպատակը նաեւ այն է, որ վերջում դպրոցին առաջարկներ, խորհուրդներ տրվեն, ասենք՝ ձեզ մոտ հանրահաշվի որակը մի քիչ այն չի, բայց երկրաչափությունը լավ է, եւ հակառակը…»: Մի՞թե հնարավոր չէր խուսափել նման վրիպակներից՝ մեր հարցին ի պատասխան՝ ԳԹԿ փոխտնօրենը պատասխանեց. «Հնարավոր էր, բայց ժամանակի սղություն ունեինք: Ես՝ որպես TIMSS միջազգային ստուգատեսի համակարգող, ուզում եմ համեմատել TIMSS-ի հետ, որի նախապատրաստական աշխատանքները չորս տարի տեւում են: Իսկ մենք մի քանի ամսում ենք արել, ու չէր կարող անթերի լինել: Դա արդարացում չէ, իհարկե, բայց խոստանում եմ, որ մարտին կայանալիք ընթացիկ գնահատումը շատ ավելի լավը կլինի, վրիպումները շտկված կլինեն… թեեւ չեմ երաշխավորում, որ իդեալական կլինի, հնարավոր է այլ վրիպակներ հայտնվեն: Որոշակի փորձ է հարկավոր, որի արդյունքում կհայտնաբերվեն բոլոր թերություններն ու կշտկվեն»: Հաջորդ բողոքը կազմակերպչական խնդիրների վերաբերյալ էր. տնօրեններն ասում էին, որ ժամը 10-ին թեստը դրվել է ինտերնետում եւ անմիջապես 10-ին էլ սկսվել է քննությունը: Ու, բնականաբար, շատ տեղերում չեն հասցրել այդ թեստը պատճենահանել, բաժանել, մանավանդ, որ եղել են դպրոցներ, որ չեն ունեցել պատճենահանող սարքեր: Ընդ որում, այս պարագայում ԳԹԿ-ն արդեն չի կարող ասել՝ գիտեք ինչ, առաջին անգամ էր, չգիտեինք… քանի որ նախորդ տարի միասնական քննությունների ժամանակ այդ նույն՝ պատճենահանումը չհասցնելու դեպքը 160 դպրոցում մեծ աղմուկ բարձրացրեց, այսինքն՝ նախադեպ եղել է, պետք է ինչ-որ բան մտածած լինեին արդեն: Մեր նկատառմանն ի պատասխան, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Պիտի ընդունեմ, որ կազմակերպչական բնույթի թերացումներ էլ ունենք, կոնկրետ այդ ուղղությամբ հիմա մտածում ենք, փորձում ենք տարբերակներ գտնել: Այն, որ ասում են, թե մենք չենք վստահում դպրոցին, իհարկե, այդպես չէ, քանի որ ավարտական քննություններն ամբողջովին վստահված են դպրոցին: Սակայն ինչպես լուծել այդ հարցը, կոնկրետ այդ բողոքի առնչությամբ այս պահին լուծումներ չեմ կարող տալ, բայց մտածում ենք, փնտրում ենք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել