Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում էլ Բախշիներ չկա՜ն

Հունվար 29,2009 00:00

\"\"Խորհրդային Հայաստանի Կապան քաղաքում կար 22 գրադարան, Կապանի շրջանում՝ 80: Այժմ Կապանում մնացել է ընդամենը 18 գրադարան՝ 41 աշխատողով, որոնց ճակատագիրն այսօր անորոշ է:

Դեռ 20-րդ դարի առաջին քառորդին կապանցի խանութպան Բախշին բացեց Կապանում առաջին գրադարանը: Քաղաքի կենտրոնում գտնվող այդ գրադարանը մինչ օրս հիշում են հին կապանցիները. «Գրադարան-խրճիթ էին ասում: Մի պահ Կապանի կեսն այնտեղ էր գնում»,- հիշում է կապանցի Քնար տատը: Շուտով ընթերցասեր կապանցիները բացում են գրադարաններ, եւ առաջին գրադարանի 2500 կտոր գիրքը բազմապատկվում է տարբեր գրադարաններում: Բայց դա մինչ Հայաստանի անկախացումն ու հայ-ադրբեջանական պատերազմն էր. մի ժամանակահատված, երբ շատերը հասցրին անգամ գրադարանների տարածքներ վաճառել:

Տիկին Անահիտ Գեւորգյանը հիշում է 1990-ական թթ., երբ մի օր, ապաստարանից դուրս գալով, հանդիպեց գրադարանի նոր տիրոջը: «Հալիձոր թաղամասի 12-րդ շենքի առաջին հարկում մեծ գրադարան ունեինք: Այն հինգ սենյակից էր բաղկացած, ամբողջովին տեղավորում էինք մեր գրքերը: Այդ ընթացքում լսում ենք, որ տարածքն ուզում են վաճառել: Իհարկե, չէինք հավատում մինչ այն պահը, երբ գրքերը հայտնվեցին դրսում»,- ասում է կրճատման վտանգի տակ գտնվող Կապանի թիվ 78 գրադարանի ավագ ու միակ գրադարանավարը, ում երկար պայքարից հետո է միայն, որ գրադարանը բերում են հարեւան շենքի նկուղային հարկ, ավելի ճիշտ՝ ինքն է գրքերը տանում: Գրքեր, որոնց մեծ մասն ինքն է հայթայթել 1985 թվականից հետո, երբ գրադարանը դադարեց նոր գրականություն ստանալ: Այդ մասին արդեն 30 տարի հիշեցնում է խամրած կապույտով գրված նոր գրականության դատարկ ցուցափեղկը. «Ամեն ինչին հարմարվել ենք: Տեսնո՞ւմ եք՝ էն փոքրիկ դուռը չենք բացում, որովհետեւ ամբողջ շենքի ջրատար խողովակներն են անցնում, ձմռանն էլ ահավոր սառչում են, երբեմն էլ պայթում»: Ի դեպ, գրադարանի հին ժամանակների մասին է վկայում ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության թիվ 78 գրադարանի ցուցատախտակը, որտեղ տիկին Անահիտի համար շատ բան չի փոխվել՝ միայն թե արդեն սպասարկում է ընթերցողների երեխաներին: «Ամեն ինչ լավ էր մինչ հունվարի 14-ը»,- նկատեց տիկին Անահիտը: Այդ օրը Կապանի մշակույթի պալատի շախմատի դահլիճում հրավիրվել էին բոլոր գրադարանների աշխատակիցները, բայց ոչ՝ շախմատ խաղալու, այլ առաջիկա փոփոխությունների մասին իմանալու: Այդ մասին հրավիրյալներին ներկայացրեց մշակույթի կենտրոնի տնօրեն Աշոտ Բեգլարյանը: «Մեզ պետք չեն սուրճ խմող աշխատողներ: Մեզ պետք են աշխատող մարդիկ»,- իր ելույթն այսպես սկսեց Աշոտ Բեգլարյանը, ներկաներին պատմելով իր հետ կատարված դեպքի մասին, իբր ինչ-որ մեկն իր հետ զրույցի ժամանակ ասել է, որ գրանցվել է գրադարանում՝ առանց այդ մասին իմանալու: «Էլ էդպիսի դեպքեր չեն լինելու: Դրա համար էլ պետք են փոփոխություններ»,- ասել է Ա. Բեգլարյանը: Մինչդեռ ներկաներին այլ հարց էր հուզում: «Մեր ներկան լրիվ անորոշ է: Հիմա մենք գնալո՞ւ ենք աշխատանքի»՝ գրադարանավարների այս հարցի պատասխանը միանշանակ էր՝ այո: Նիստն ավարտվեց, իսկ աշխատակիցների հարցերը՝ ոչ: Նրանցից շատերը վստահ էին, որ կրճատվել են, մյուսների համար էլ անորոշ էր կրճատվող գրադարանների գրքերի ճակատագիրը: Մեզ հետ զրույցում Աշոտ Բեգլարյանն ուղղեց հարցը. «Ի՞նչ կրճատում, սա կրճատում չէ, եթե մի գրադարանում աշխատում են ութ հոգի՝ կես դրույքով, հիմա կաշխատեն չորս կամ երեք հոգի՝ մի դրույքով»: Իսկ մշակույթի կենտրոնի նոր ձեւավորված գեղարվեստական խորհրդի ղեկավար Արմենակ Հայրապետյանն ավելացրեց. «Այսուհետեւ ստեղծվելու են գրադարան- ակումբներ: Գոնե ակումբ գնացողը կմտնի գրադարան: Թե չէ հիմա Կապանում շատ քչերն են գիրք կարդում»: Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը մեկ անգամ չէ, որ գրադարանավարներին հայտարարել է, թե կրճատումներ չեն լինելու, կլինեն կառուցվածքային փոփոխություններ: Գրադարանների աշխատողները հակված են մտածել, որ մի քանի գրադարան կրճատվելու է, հետեւաբար՝ այսօրվա գրադարանավարների մի մասը կորցնելու է աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել