Լրահոս
Օրվա լրահոսը

DAY.AZ-Ը ՍՏՈՒՄ Է

Հունվար 29,2009 00:00

\"\"Բայց Դեբեդը մաքուր չէ

Ադրբեջանական day.az էլեկտրոնային թերթն անցած շաբաթ տեղեկացրել էր, թե Վրաստանի եւ Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերի՝ Սադախլո, Մամեյն, Գորարքի եւ այլն, բնակիչները հայտարարել են, որ Հայաստանից սկիզբ առնող եւ Մառնեուլի շրջանի մի քանի գյուղերով անցնող Դեբեդ գետում հայտնաբերվել են մարդու համար վնասակար նյութեր: Ըստ ադրբեջանցիների՝ վրացական իշխանությունները այս առիթով ոչ մի բան չեն անում, իսկ գետը թունավոր նյութեր է լցվում ՀՀ Ալավերդու հանքավայրերից:

Չժխտելով Դեբեդի աղտոտվածության հիմնախնդրի առկայությունը՝ հայ մասնագետներն արձանագրում են, որ հրապարակումը հիմնավորված չէ, հիմնված է ընդամենը Մառնեուլի ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչների հայտարարությունների վրա: Եթե հրապարակումը ազնիվ մտահոգություն է, այլ ոչ՝ քաղաքական շահարկում, ապա day.az-ը պարտավոր էր ներկայացնել Ադրբեջանի բնապահպանության նախարարության կողմից Վրաստանի սահմանամերձ հատվածում Դեբեդ գետի ջրերի աղտոտվածության մոնիտորինգի գոնե մեկ փաստ: day.az-ը, փոխանակ Վրաստանի կառավարության ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի Քուռ գետը թափվող վրացական Խրամ գետը՝ Մառնեուլիի լեռնահարստացուցիչ կոմբինատի կողմից աղտոտելուն, նրանց անգործության մեջ մեղադրում է՝ Դեբեդի աղտոտվածության դեմ չպայքարելու համար:

Հարավային Կովկասի էկոլոգիական հիմնախնդիրների քաղաքականացումը երեք հանրապետությունների բնակիչների կենսական խնդրի լուծման ամենալավ տարբերակը չէ:

Միջազգային փորձագետ Սեյրան Մինասյանը կարդացել է day. az-ի հրապարակումը եւ գտնում է, որ այն իրականությանը չի համապատասխանում. «Դեբեդի աղտոտվածությունն այն կարգի չէ, որտեղ մեծ թիվ կազմեն վնասակար նյութերը, այն ֆոնային ուղղվածություն ունի: Դեբեդը լեռնային գետ է եւ հոսում է պղնձի ու բազմամետաղ հանքերի միջով, իսկ գետի աղտոտվածությունն առավել կենցաղային է»: Սեյրան Մինասյանը գտնում է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները Անդրկովկասի էկոլոգիական հիմնախնդիրների նկատմամբ պարտավոր են փոխել իրենց պետական քաղաքականությունը. «Վրաստանը 1999 թ. հանել է Սադախլոյի մոնիտորինգային կետը, պատճառաբանելով, թե աղքատ են եւ չեն կարող այն ֆինանսավորել եւ փորձում են մեղադրել Հայաստանին»: Դեբեդի աղտոտվածության խնդրի նկատմամբ ուշագրավ են «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի մոտեցումները: Նա համաձայն չէ Դեբեդի ինքնամաքրման տեսակետի հետ. «Ինձ համար վստահելի չէ, որ, եթե նույնիսկ ինչ-որ մի բան թափվում է Դեբեդը, ինքնամաքրման հատկության հաշվին չի հասնում մինչեւ սահմանը եւ մնում է Հայաստանում, այդ թվում՝ աղբը եւ կենցաղային թափոնները: Հանքարդյունաբերության թափոնները պարունակում են ծանր մետաղներ եւ թունավոր նյութեր, որոնք չեն քայքայվում, այլ անցնում են էկոլոգիական շղթայի մեջ եւ թունավորում են հողը, սնունդը եւ մարդկանց ու բերում ծանր հետեւանքների: Նրանք հայտնաբերվում են հատուկ մեթոդներով, մեր մոնիտորինգային կենտրոններում այդ հետազոտությունները չեն կատարվում, եթե կատարվում էլ են՝ մենք տեղյակ չենք»: Դեբեդում վնասակար նյութերի ներկայության արմատական ուսումնասիրման խնդիրը կարեւորեց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը. «Մենք արդեն մի քանի տարի դիմում ենք ՀՀ կառավարությանը եւ ծրագրեր ենք առաջարկում Դեբեդում էկոլոգիական հետազոտություններ կատարելու համար, կառավարությունն այդ ծրագրերը չի ֆինանսավորում: Նման ուսումնասիրություններ մենք կատարել ենք Քաջարանում եւ Կապանում եւ գտել ենք ռիսկի գոտիները: Հարցի լուծման համար Ալավերդու քաղաքապետը կարող է դիմել եվրոպական կառույցներին, որը չի անում»:

Ըստ ՀՀ բնապահպանական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչ Աշոտ Դարչինյանի, Դեբեդ գետի աղտոտվածության հիմնական աղբյուրները Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանն են. «Հիմնականում այս երկու ձեռնարկություններն են, քանի որ Վանաձորի «Պրոմեթեւսը», կարելի է ասել, չի աշխատում»: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից միանշանակ հերքեցին ընկերության որեւէ ձեռնարկությունից թույլատրելի սահմանային խտությունը գերազանցող պարունակությամբ որեւէ արտահոսք դեպի Դեբեդ, իսկ անդրադառնալով day. az-ի հրապարակմանը, տեղեկացրին. «Ալավերդիում «Արմենիան Քափըր Փրոգրամի» կողմից շահագործվող հանքն ու հարստացուցիչ ֆաբրիկան աշխատել են ջրի փակ շրջանառու համակարգով, 2008 թ. նոյեմբերից էլ հանքն ու ֆաբրիկան դադարել են գործել»:

Ի տարբերություն խորհրդային տարիների, երբ Դեբեդում ձուկ գտնելը երազանք էր, այսօր Փամբակից մինչեւ Բագրատաշեն շատ հայ ձկնորսներ իրենց անապահով ընտանիքները կերակրում են կարմրախայտ, բեղլու եւ Դեբեդում խայտացող այլ ձկնատեսակներով: Սակայն սա չի նշանակում, թե գետը չունի լուրջ խնդիրներ: Վտանգավոր, թե անվտանգ արտահոսքերի հետ գետն են թափվում Փամբակ, Թումանյան, Ալավերդի, Ախթալա համայնքների կոյուղու կեղտաջրերը, կենցաղային աղբը, գետեզրերին տեղավորված մանր ձեռնարկությունների՝ քարհանքերի, բենզինի լցակայանների թափոնները, այս տեսանկյունից էլ գետը էկոլոգիական հետազոտության լուրջ կարիք է զգում: Դեբեդն՝ իր անաղարտությունը վերականգնելու համար, անկախ day.az-ի քաղաքականացված հրապարակումից, հայցում է ՀՀ կառավարության ուշադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել