Շատերին, ցավոք, դեռ չի հաջողվում Ազգային բանակի օրը դիմավորել տոնական տրամադրությամբ
Բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած ազատամարտիկների մի մասը բանտերում է, մի մասը՝ թշվառության մեջ, զոհվածների ընտանիքների մի մասը՝ անտեսված, այսօրվա զինվորն էլ՝ «ինքնասպանության» չափ կուշտ է ծառայությունից: Պետության պատասխանատվության տակ գտնվող զինվորի կյանքի իրավունքը, ցավոք, վտանգված է ամենաքիչը տասը տարի եւ կարծես թե այդ վտանգը վերացնելու կամ գոնե նվազեցնելու՝ պետության քայլերն էլ տեսանելի չեն: Մտովի հետ պտտենք օրացույցը եւ հիշենք սպանված, «ինքնասպանություն գործած» կամ տարօրինակ հանգամանքներում մահացած մի քանի զինվորի անուն:
Հարություն Միքայելյան (1998թ.). զինվորական կանոնադրությամբ նախատեսված 15 օրվա փոխարեն զինվորը դիրքերում է մնացել 1 ամիս 10 օր, լիցքավորված զենքով (ինչն արգելվում է) եւ զոհվել ականի պայթյունից: Հրաչ Խաչատրյան. սպանվել է 1998-ին՝ գլխին հասցված 3 կրակոցից: Եղիշե Մաթեւոսյան. ըստ պաշտոնական վարկածի՝ Մաթեւոսյանը տառապել է շաքարային դիաբետով եւ 1999թ. մահացել Կապանի հիվանդանոցում՝ հրամկազմի անտարբերության եւ համապատասխան բուժօգնություն չցուցաբերելու արդյունքում: Ռուսլան Մանուկյան. 2002թ. նրան դաժան ծեծի են ենթարկել գործով չպարզված 5 անձինք: Կոտրել են գլուխը, վնասել կոկորդը եւ քանի որ հարազատները չեն կարողացել հայթայթել վիրահատության համար անհրաժեշտ գումարը, զինվորը մահացել է: Աղասի Ադամյան. 2000թ. նա եւս մահացել է՝ գլխի կոտրվածքի հետեւանքով: Հրամանատարն իմացել է, սակայն բժիշկներից գաղտնի է պահել այդ փաստը: Երիտասարդը դեպքից 2 օր անց մահացել է: Գեղամ Զոհրաբյան. նրա մահը որակվել է ինքնասպանություն (2001թ.): Հիշենք նաեւ 2007թ. Վարդենիսի զորամասում «էլեկտրահարված» Տիգրան Օհանջանյանի դեպքը, որի ծնողներին ժամանակ առ ժամանակ ահաբեկում են՝ զգուշացնելով, որ չզբաղվեն որդու սպանության հանգամանքները բացահայտելով: Դեպքերը բազմաթիվ են, եւ Եռաբլուրը շուտով կվերածվի խաղաղ պայմաններում սպանված (մահացած) զինվորների պանթեոնի:
Բացի այդ, ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի տարեկան զեկույցների եւ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության իրավաբան Մերի Խաչատրյանի հավաստմամբ, բազմաթիվ են բողոքները զինկոմիսարիատների կողմից օրենքի խախտմամբ զորակոչ իրականացնելու, զինվորական հաշվառման վերցնելու, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց զինված ուժեր զորակոչելու վերաբերյալ:
Անտեսված են նաեւ զոհվածների ընտանիքների խնդիրները. 17 տարի առաջ մահապարտ որդուն կորցրած Հեղինե Շահբազյանը 17 տարվա մեջ ընդամենն իր մշակած փոքրիկ հողն է ուզում սեփականացնել (օրենքով սահմանված կարգով), սակայն պաշտպանության նախարարությունը, քաղաքապետարանը, կառավարությունը եւ նախկին ու ներկա նախագահներն այդպես էլ անտեսել ու անտեսում են տիկնոջ խնդրանքը: Նույնիսկ իրավապաշտպանների միջնորդությունները չեն կարողանում օգնել: Տիկին Շահբազյանի կարծիքով, նախարարությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում զոհվածների ընտանիքների նկատմամբ եւ մի ստվար զանգվածի անտեսելով՝ ամեն տարի գումարներ է հատկացնում զոհվածների, հաշմանդամների եւ բանակի խնդիրներով «զբաղվող» կազմակերպությունների: Բայց դրանից չի բարելավվում ոչ բանակի եւ ոչ էլ զինծառայողների շատ ընտանիքների վիճակը:
Իսկ ահա սպանված զինվորի մայր, դատարաններում եւ իրավապահ համակարգերում իսկապես զինվորների պաշտպանությամբ զբաղվող Գոհար Արմենակյանը մի փոքր ավելի լավատես է դարձել. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ի տարբերություն իր իրավանախորդների, բարյացակամորեն է համագործակցում առկա խնդիրների դեպքում: Տիկին Արմենակյանի փոխանցմամբ՝ դա իրեն հույս է ներշնչում, որ բանակն իսկապես հնարավոր կլինի առողջացնել, եւ իր երեք արու թոռնիկներին, որոնցից մեկը շուտով լույս աշխարհ կգա, անհոգ սրտով կճանապարհի բանակ՝ վստահ լինելով, որ նրանք իսկապես ծառայում են Հայաստանի Հանրապետությանը:
Հ. Գ. Տիկին Արմենակյանը նաեւ շնորհավորեց բոլոր զինծառայողներին, սպայական կազմին, բոլոր նահատակվածներին՝ «հավերժ զինվորներին», բանակի տոնի առթիվ: