Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հունվար 29,2009 00:00

Գյումրեցի դատապարտյալը ջերմաչափ էր կուլ տվել

\"\"Հեբոյանը՝ Գինեսի ռեկորդների գրքի հավակնորդ:

 

\"\"Շուտով կհայտնվի ցուցանակ՝ «մետաղասերների» համար:

 

\"\"Դատապարտյալ Զոհրաբը չմերժեց լուսանկարվել, սակայն դեմքը ծածկեց:

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունը ամենամյա կոլեգիայի նիստում քննարկման առարկա է դարձնում զինծառայողների շրջանում ինքնախեղման փաստերը: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետ, գեներալ Աշոտ Մարտիրոսյանը դատապարտյալների «ինքնախեղման» դրսեւորումներն ավելի մեղմ է գնահատում՝ չբացառելով «ինքնավնասման դեպքերը»: Դատապարտյալների ընդհանուր թիվն այսօր 3984 է: Նրանցից 274-ը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Ա. Մարտիրոսյանը ինքնավնասման դիմելու դեպքերի կապակցությամբ երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ «հիվանդանոցային պայմաններում մնալու համար դատապարտյալները դիմում են ճկուն հնարքների, օտար մարմիններ կուլ տալու միջոցով»: «Օտար մարմինների» անվանացանկի մեջ նշվում է՝ ամրաձող, գդալ, մեխ, մագնիս, կոճակ: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատրաստվել է յուրօրինակ ցուցատախտակ, որտեղ ցուցադրվել են դատապարտյալների մարմնից վիրահատության ժամանակ հանված իրերը:

«Այդ երեւույթը տարածված էր նախկին Խորհրդային միության գրեթե բոլոր ազատազրկման վայրերում: Շատ էին դեպքերը, երբ ազատազրկվածը չէր հարմարվում խցային պայմաններին, ռեժիմին եւ ընտրում էր ինքնավնասման ճանապարհը»,- ասում է Ա. Մարտիրոսյանը:

Վերջինիս դիտարկմամբ, դատապարտյալները գերադասում են «ցուրտ Սեւանից» («Սեւան» ՔԿՀ- Ռ. Մ.) տեղափոխվել մայրաքաղաքի տաք, հանրակացարանային տիպի հիվանդանոցը»:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ պարոն Նավասարդյանը երեկ մեզ ուղեկցեց օրեր առաջ «գդալի պոչ» կուլ տված Զոհրաբ Բաղդասարյանի հիվանդասենյակ: Վերջինս կաթիլային ներարկում էր ընդունում: Զ. Բաղդասարյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, հասցրել է պատիժը կրել 3,5 տարի: Բժիշկների տեղեկացմամբ, Զոհրաբի վիրահատությունը տեւել է 2 ժամ: Վիրահատության 4-րդ օրը, այսինքն՝ երեկ, նա արդեն քայլում էր: Իր իսկ խոսքերով, ինքնազգացողությունն էլ լավ էր:

«Առավոտի» հարցին, թե ո՞րն է եղել ամենազավեշտալի իրը, որը դատապարտյալը կուլ է տվել, պարզվեց՝ ջերմաչափն էր, որը նախընտրել էր «համտեսել» գյումրեցի Աշոտ Հաջյանը: Ամենավտանգավոր իրը, կտրող-ծակող իրերի մեջ, համարվել էր նախկինում դատապարտված Արթուր Հեբոյանի «չմարսած» 21,5 սմ մետաղյա ամրանը: Ի դեպ, այս դատապարտյալը երկու անգամ ենթարկվել է վիրահատության, եւ նկարում պատկերված մետաղի ջարդոնը կուլ էր տվել հացի խմորի հետ: «Հացումետաղ» էր կերել նաեւ դատապարտյալ Հրաչ Հարությունյանը: Ըստ բուժմասի պատասխանատուի, միայն անցյալ տարի «Դատապարտյալների հիվանդանոցում» գրանցվել է ինքնավնասման 9 դեպք (երակներն են կտրել), իսկ 15 անձ կուլ է տվել օտար մարմիններ: Նրանցից 4-ը վիրահատվել է: «Կատարվածը դիտվում է դատապարտյալների վարքագծի խախտում»,- ասում են բժիշկները, որոնք, սակայն, շփվելով հնարքների դիմած դատապարտյալների հետ, նրանց վերաբերվում են որպես հիվանդների: Առայժմ դեպքերը շատ չեն եւ մահ չի գրանցվել, սակայն դա չի նշանակում, թե անելիքներ չկան:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղեկացմամբ, իրենց տարեկան, միայն դեղորայքի համար, 60 մլն դրամ է հատկացվում:

Հ. Գ. Ի դեպ, օրեր առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» էր տեղափոխվել «Վահան Հովհաննիսյան գումարած 30» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Տիգրան Ավետիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել