Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ

Հունվար 29,2009 00:00

\"\"Մեր երկրում գործող խանութների մեծ մասն իրենից գնված ապրանքը հետ չի վերցնում ու չի փոխանակում, ինչը օրենքի կոպիտ խախտում է:

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում». վստահաբար՝ մեր ընթերցողներից շատերն են այս կտրուկ պատասխանը ստացել, երբ փորձել են վերադարձնել կամ փոխարինել գնված ապրանքը: Մինչդեռ, համաձայն «ՀՀ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքի», սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում՝ չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Իսկ եթե սպառողի՝ վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առքուվաճառքի պայմանագիրն ու պահանջել վերադարձնել նշված ապրանքի համար վճարված գումարը:

Այս օրենքն ընդունվել է 2001-ին, այսինքն, արդեն 8 տարի է՝ սպառողների շահերն այս մասով իրավականորեն պաշտպանված են, սակայն այդպե՞ս է, արդյոք, առօրյա կյանքում:

«Առավոտը» փորձեց պարզել, թե մայրաքաղաքում գործող առավել հայտնի միջին գնային կարգի խանութներն արդյո՞ք աշխատում են օրենքի պահանջներին համապատասխան, եւ տեղյա՞կ են սպառողների շահերի պաշտպանության օրենքի գոյության մասին: Մեր ուսումնասիրած մոտ քսան խանութներում պատկերն ավելի քան տխուր էր: Խանութների մենեջերները կամ տեղյակ չէին նշված օրենքից, կամ, տեղյակ լինելով, բացահայտ ասում էին, որ «թքած ունեն» օրենքի վրա:

Այսպես. «Գրանտս» հագուստեղենի խանութների ցանցում ոչ միայն հրաժարվեցին փոխարինել ապրանքը, այլեւ կոպտեցին, կասկածելով, որ ուզում ենք փոխարինել արդեն իսկ օգտագործած հագուստը: Մեր հավաստիացումները գնապիտակի եւ կտրոնի առկայության մասին՝ որեւէ արդյունք չունեցան: Իսկ «Պառնաս» խանութների ցանցի Ռուբինա անունով մենեջերը հայտարարեց, որ իրենց խանութն աշխատում է սեփական օրենքներով, եւ իրենց չի հետաքրքրում ՀՀ պետական օրենքը: «Ում ուզում եք՝ դիմեք, մենք մեր ձեւով ենք անելու»,- եզրափակեց նա:

Նույն պատկերն էր «Ռոբերտո» կոշկեղենի ու հագուստի խանութների ցանցում: Աբովյան փողոցի սրահի Անդրանիկ անունով վաճառողը նախ մեզ կոպիտ պատասխանեց, երբ հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ ենք «Ռոբերտոյից» գնված կոշիկը փոխարինել մեկ այլ կոշիկով: Սակայն երբ պարզվեց, որ «Առավոտ» օրաթերթից ենք, անմիջապես փափկեց՝ առաջարկելով. «Կոնկրետ Ձեզ համար մի բան կանենք, մյուսների հետ ի՞նչ գործ ունեք»: Արդարացի լինելու համար նկատենք, որ նույն «Ռոբերտոյի»՝ Կիեւյան փողոցի վրա գտնվող սրահում վաճառողներն իրենց նախաձեռնությամբ հաճախորդներին զգուշացնում էին՝ կտրոնները դեն չնետել, որպեսզի գնված ապրանքը փոխարինելու ցանկության դեպքում 1 օրվա ընթացքում կարողանան դա անել: «Սպառողների մասին» օրենքից անտեղյակ էին նաեւ «Պաոլի» կոշկեղենի սրահում: Այստեղ եւս հրաժարվեցին կատարել մեր պահանջը, թեեւ՝ փոքր-ինչ ավելի սիրալիր տոնով: Իսկ ահա «Տերրանովա» խանութում մեզ ծանոթացրին սեփական կարգին, համաձայն որի՝ հաճախորդը կարող է ապրանքը փոխարինել կամ վերադարձնել մինչեւ գնման հաջորդ օրվա ժամը 3-ը: 14-օրյա ժամկետի վերաբերյալ օրենքից արված մեր բոլոր մեջբերումներին ի պատասխան՝ կրկնում էին վերոնշյալ կարգը:

Եվ, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց գտնել օրենքով սահմանված կարգով աշխատող խանութների ցանց՝ «Էվանթ գրուպ» ընկերության «Տրիումֆ» եւ «Բեթթի Բարքլի» սրահները, որոնք, սակայն, բարձր գնային կարգի խանութ-սրահներ են եւ միջին սպառողի համար մատչելի չեն:

Ամփոփելով՝ արձանագրենք, որ Երեւանի կենտրոնում գործող շուրջ 20 խանութներից միայն մեկն է գործում՝ համաձայն «Սպառողների շահերի պաշտպանության մասին ՀՀ օրենքի»: Տեղյա՞կ է, արդյոք, այդ մասին ոլորտը վերահսկող պետական մարմինը՝ Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը: Համաձայն տեսչության «թեժ գծի» պատասխանատու Կարինե Բադալյանի՝ չնայած իրենց ոչ բավարար ռեսուրսներին, իրենք հետամուտ են քաղաքացիներից ստացված յուրաքանչյուր բողոքի: Ըստ տիկին Բադալյանի՝ անցած տարվա ընթացքում տեսչության «թեժ գծում» արձանագրվել է 35 բողոք, որոնք ուսումնասիրվել են, տեսուչները կատարել են համապատասխան ստուգումներ եւ վերականգնվել են սպառողների շահերը: Իսկ բողոքների փոքր քանակը Կ. Բադալյանը բացատրում է սպառողների՝ իրենց իրավունքների մասին անտեղյակությամբ, բայց նշում է, որ նախորդ տարվա համեմատ՝ բողոքների թիվը եռապատկվել է: Նշենք, որ «թեժ գծի» հեռախոսահամարը ժամը 14.30-ից հետո ընդհանրապես չի պատասխանում:

Վաճառողների կողմից իրականացվող համատարած կամայականություններն ու օրենքի խախտումը սպառողների անտեղյակությամբ է բացատրում նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որ շարքային սպառողն իր իրավունքներին ծանոթանա դեռեւս դպրոցից: Ըստ Ա. Եղոյանի՝ սպառողի իրավական գրագիտությունն ու իր իրավունքներին հետամուտ լինելն առաջնային պայման է ոլորտի առողջացման համար, ուստի՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային իրազեկման պետական ծրագիր:

Նկատենք, որ սպառողը պարտավոր չէ ամեն քայլափոխի պայքարել իր իրավունքների ոտնահարման դեմ: Դրա համար գոյություն ունեն պետական մարմիններ, որոնք, ի դեպ, վարձատրվում են սպառողների վճարած հարկերի հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել