Լրահոս
Օրվա լրահոսը

Կործանում է ոչ թե ճգնաժամը, այլ՝ կոռուպցիան

Հունվար 29,2009 00:00

Ըստ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, հանքարդյունաբերության անմխիթար վիճակը ճգնաժամի հետ ոչ մի կապ չունի:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը առաջիններից մեկն էր, որն անմիջապես ենթարկվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը: Գործարանների տերերն իրենց ֆինանսական միջոցները սկսեցին խնայել աշխատողների եւ աշխատավարձերի կրճատման հաշվին: Արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ դարձան գործազուրկ: Ոլորտը ճգնաժամից փրկելու եւ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար՝ պատասխանատուները սկսեցին ծրագրեր մշակել ու հանդիպումներ կազմակերպել գործարանների ղեկավարության հետ:

Նշենք, որ, վերջիններիս հավաստմամբ, իրենց արտադրության անկման հիմնական պատճառն այն է, որ միջազգային շուկայում գրեթե 3 անգամ ընկել է պղնձի գինը եւ աշխատանքները շարունակելու դեպքում՝ իրենք մեծ վնասներ կկրեն: Սակայն, որոշ տնտեսագետների կարծիքով, ամեն ինչ պայմանավորել միջազգային ճգնաժամի հետ՝ պարզապես սխալ է: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի համոզմամբ, եթե մենք իրավապահ մարմիններ ունենայինք, ապա այս ոլորտում ուսումնասիրելու եւ բացահայտումներ անելու շատ բան կարելի էր գտնել: Նրա խոսքերով. «Այո, անցյալ տարվա ընթացքում պղնձի գների էական նվազում տեղի ունցավ: Ամռան ամիսներին 1 տոննա պղնձի միջազգային գինը մոտ 8 հազար դոլար էր, իսկ տարեվերջին այն արդեն նվազել էր ու հասել մինեւ 3 հազար դոլարի: Երբ արդեն գինը դարձել էր 4- 4,5 հազար, այդ ժամանակ արդեն առաջ եկան խնդիրներ, կանգ առան մի շարք գործարաններ, կրճատվեցին աշխատակիցներ եւ այլն»: Ըստ պարոն Ասատրյանի, այս ամենը սակայն չէր կարող հանքարդյունաբերությունը հասցնել այնպիսի վիճակի, որում գտնվում է հիմա. «Սա պղնձի ամենացածր գինը չէ, մոտավորապես 6-7 տարի առաջ, պղնձի գինը 1 տոննայի համար կազմում էր 1000-1500 դոլար, այսինքն 2001-ի համեմատ, այսօր միջազգային գինն աճել է 2 անգամ: Միջազգային փորձագետների գնահատականներով, 3-4 հազար դոլարի միջակայքում գների տատանումները նորմալ են եւ նրանք այդ գինը հայտարարում են արդար գին, այսինքն մեր արդյունահանողները պետք է հարմարվեն այս պայմաններին: Մինչդեռ նրանք ամենակարճ ճանապարհը գտան, որ աշխատատեղերն ու արտադրությունը կրճատեն»:

Բ. Ասատրյանի հավաստմամբ, ոլորտի կործանման պատճառները պետք է այլ տեղ փնտրել. «Ես կարծում եմ, որ եթե մենք իրավապահ մարմիններ ունենայինք, ապա այստեղ ուսումնասիրելու շատ բան կա: Ի վերջո, մեր ներդրողները ներդրումներ են արել այն ժամանակ, երբ գները եղել են այս մակարդակի: Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում, ուրեմն պայմաններն այնքան էլ լավը չեն: Ես ենթադրում եմ, որ այստեղ բավականին մեծ են կոռուպցիոն տիպի վճարումները, որի պարագայում էլ աշխատողներն այդ պայմանների մեջ չեն տեղավորվում: Այն ժամանակ, երբ պղնձի գինը շատ ավելի ցածր էր, այդ գործարաններն աշխատում էին, հարկ էին վճարում: Հիմա դրանք մասնավոր են եւ պետք է որ ավելի արդյունավետ աշխատեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել