Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՐԱԿԱՆՆԵՐ»՝ ՀԴՄ-ՆԵՐՈՒՄ

Հունվար 29,2009 00:00

\"\"Ի պատասխան ՀԴՄ-ների որակի մասին գնորդների բողոքների, ներկրողներն ասում են, որ առեւտրականները խիստ անփույթ են՝ սարքի վրա սուրճ են թափում ու անգամ այնտեղ միջատներ են հայտնվում:

Առեւտուր եւ սպասարկում իրականացնող ընկերությունները հաշվիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) գնելու եւ կիրառելու «գլխացավանքից» չազատված՝ կանգնեցին մեկ այլ խնդրի առաջ: Պարզվում է, որ 50-75 հազար դրամ արժողության ՀԴՄ-ներից շատերն այնքան անորակ են, որ տեղադրումից հետո բավական է շահագործողը սարքի հետ մի փոքր անզգույշ վարվի, այն անմիջապես դառնում է օգտագործման համար ոչ պիտանի: Տնտեսվարողների հավաստմամբ, որոշ ՀԴՄ-ներ էլ կարծես նախատեսված են միանգամյա օգտագործման համար, քանի որ տեղադրումից ընդամենը մի քանի օր անց՝ այլեւս անհնար է դառնում դրանց շահագործումը եւ ստիպված են լինում կամ դարձյալ գումար ծախսել այն վերանորոգելու, կամ էլ նորը ձեռք բերելու համար: Ընդ որում, «Առավոտին» դիմած որոշ տնտեսվարողների ներկայացմամբ, երբ իրենք ՀԴՄ-ները տվել են վերանորոգելու, պարզվել է, որ դրանցից շատերը վերանորոգման ենթակա չեն, մասնագետներն էլ խորհուրդ են տվել դրանք դեն նետել եւ նորը գնել:

Վերանորոգումն էլ, պարզվում է, էժան չէ. միայն ստուգում իրականացնելն արժե 4500-5000 դրամ, իսկ վերանորոգող վարպետների հետ մեր զրույցից պարզվեց, որ սովորաբար փչանում է ՀԴՄ-ի մարտկոցը, որը նորով փոխարինելն արժե 7-8 հազար դրամ: Ստացվում է, որ բացի այն, որ տնտեսվարողները պետք է վճարեն ՀԴՄ գնելու եւ կտրոնների համար ժապավեններ ձեռք բերելու համար, դեռ պետք է նաեւ բավականին մեծ գումարներ վատնեն՝ այն պարբերաբար վերանորոգելու համար:

Նշենք, որ Հայաստանում ՀԴՄ-ի վաճառքով զբաղվում են մոտ մեկ տասնյակ ընկերություններ, իսկ Պետեկամուտների կոմիտեն էլ նրանց համար սահմանել է չափանիշներ, որոնց վերջիններս պարտավոր են ենթարկվել: Մասնավորապես, անկախ այն հանգամանքից, թե ներկրողը սարքը ձեռք է բերում Եվրոպայից, թե Հարավաֆրիկյան Հանրապետությունից, նա պարտավոր է գնորդին վաճառել այնպիսի ՀԴՄ, որը կարողանա տպել հայերեն: Բացի այդ, բոլոր ներկրողները պատասխանատու են իրենց վաճառած սարքի որակի համար:

Անորակ ու անսարք ՀԴՄ-ներից տուժած տնտեսվարողների բողոքները «Առավոտը» փոխանցեց ՀԴՄ-ների իրացմամբ զբաղվող մի քանի ընկերությունների: Ռուսական ՀԴՄ-ներ ներկրող «Ինտեր օկտավա» ընկերության տնօրեն Մերուժան Էվանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԴՄ-ների խնդիրները հիմնականում կապված չեն որակի հետ. «Տնտեսվարողներն են անփույթ լինում: Խնդրում ենք բարեխիղճ լինել եւ մաքուր պահել ապարատները: Տաղավարը նեղ է լինում, սուրճ են ցանկանում խմել մի քանի հոգով ու հանկարծակի այն թափում են ապարատի վրա: Ամսվա մեջ մի քանի դեպք էլ ունենում ենք, որ ՀԴՄ-ի մեջ տարական է մտած լինում: Օգտագործողներն էլ մեղավոր չեն, քանի որ խոնավ տեղ են աշխատում եւ այդ միջատներն էլ մտնում են մեքենաների մեջ: Դրանք վտանգավոր չեն եւ մեքենայի աշխատանքի վրա չեն ազդում: Ասեմ, որ մեքենան չօգտագործելն էլ կարող է խնդիր առաջացնել, քանի որ մարտկոցը այդպես շուտ է շարքից դուրս գալիս: Սակայն ՀԴՄ-ն տեխնիկա է, կարող է տանելու հաջորդ օրն իսկ փչանալ՝ հոսանքի տատանումներից կամ մեկ այլ պատճառով: Բոլոր սպասարկող ընկերություններն էլ պարտավորվում են այն վերանորոգել»: Մեր հարցին՝ չե՞ն եղել, արդյոք, այնպիսի անսարքություններ, որոնք հնարավոր չի եղել վերացնել, պարոն Էվանեսյանը պատասխանեց. «Մեզ մոտ չի եղել, սակայն եթե ՀԴՄ-ն չի նորոգվում, ընկերությունը պարտավորվում է նորը տալ»: Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքա՞ն ժամանակ է ՀԴՄ-ն պիտանի օգտագործման համար, նա պատասխանեց. «Մեր օրենսդրությամբ ժամկետներ նշված չեն, օրինակ՝ Ռուսաստանում ՀԴՄ-ի պիտանելիության ժամկետը 7 տարի է»:

«Տելետեկ» ընկերությունում մենք ներկայացանք որպես տնտեսվարող սուբյեկտ, որի գնած ՀԴՄ-ն լավ չի աշխատում: Ընկերության ներկայացուցիչը մեզ ասաց, որ իրենք կարող են մեզ օգնել միայն այն դեպքում, եթե սարքը գնել ենք իրենց ընկերությունից, քանի որ այլ ընկերության գնածն իրենք իրավունք չունեն վերանորոգելու»: Պարզեցինք նաեւ, որ ՀԴՄ-ներ գնողները նույն ընկերությանը պետք է ամենամսյա սպասարկման վարձ վճարեն՝ 2000 դրամ. «Պրոբլեմ լինելու դեպքում մենք անվճար վերանորոգում ենք»:

Նշենք, որ եթե տվյալ տնտեսվարո ղի ՀԴՄ-ն փչանում է, ներկրողը պարտավոր է նրան համապատասխան տեղեկանք տրամադրել, որպեզի հարկայինը կտրոններ չտրամադրելու համար վերջինիս չտուգանի: Ներկրողն էլ պարտավոր է սարքը վերանորոգել կամ նորով փոխարինել 1 օրվա ընթացքում՝ եթե ընկերությունը գտնվում է Երեւանում, իսկ եթե մարզերում է, ապա 3 օրվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել