Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եվրոպա, պրոսնի՜սյա»

Հունվար 29,2009 00:00

\"\"ԵԽԽՎ նիստերի դահլիճում երեկ աղաղակեց ուկրաինացի պատվիրակը՝ զգուշացնելով, որ եթե Եվրոպան ինքնակամ չարթնանա՝ նրան կարթնացնեն ռուսական տանկերի դղրդյունները:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի հետեւանքների վերաբերյալ 1633 բանաձեւի կատարման քննարկմանը երեկ նվիրվեց ԵԽԽՎ գրեթե ողջ նիստը: Շուրջ 70 հոգի էին հերթագրվել ելույթի համար՝ նաեւ Հայաստանի պատվիրակ Հերմինե Նաղդալյանը: Բանաձեւում առաջարկվել էր 87 փոփոխություն, որոնցից 20-ը՝ վրացական կողմից: Վերջիններիս առաջարկած փոփոխություններից հիմնականն էր, որ պահանջվի ՌԴ-ից չեղյալ համարել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը եւ դուրս բերվեն զորքերը «օկուպացված տարածքներից»:

Տպավորությունն այն էր, թե դահլիճում ծավալվել է մի նոր՝ միայն խոսքային պատերազմ, որի ընթացքում ռուս պատվիրակ Սերգեյ Մարկովը Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին անվանեց զինվորական հանցագործ եւ հայտարարեց. «Աբխազիան եւ Հարավային Օսեթիան անկախության իրավունք ունեն Կոսովոյից եւ, ի դեպ, Վրաստանից ոչ պակաս: Առաջին եւ երկրորդ կարգի ազգեր չկան»: Իսկ լեհ պատվիրակ Ոիցարդ Բենդերը Ռուսաստանին մեղադրեց, թե փորձում է վերականգնել նախկին Խորհրդային Միության քաղաքականությունը: Ուկրաինացի պատվիրակ Հրիհորիյ Օմելչենկոն էլ դատապարտեց Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի ինքնիշխանության դեմ եւ գոռաց. «Եվրոպա, արթնացի՜ր, թե չէ քեզ կարթնացնեն ռուսական տանկերի դղրդյունները»:

Այլ պատվիրակների ելույթներում հնչող առանցքային գաղափարն այն էր, որը նախօրեին ասուլիսում հայտարարել էր նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, որ թե՛ Վրաստանը, թե՛ Ռուսաստանը խախտել են ԵԽ հանդեպ պարտավորությունները՝ զինուժի կիրառմամբ հարցեր լուծելով: Սակայն բանաձեւի համազեկուցողները նշում էին, որ եթե ԵԽԽՎ 1633 բանաձեւի ընդունումից հետո Վրաստանը գոնե կատարել է շատ պահանջներ՝ թեեւ ոչ բոլորը, Ռուսաստանը չի կատարել եւ ոչ մի պահանջ, դուրս չի բերել զորքերը եւ այլն: Անդրես Հերկելը հայտարարեց, որ եթե Եվրոպայի խորհուրդը համակերպվի իր անդամ պետության ագրեսիայի հետ՝ ընդդեմ մեկ այլ անդամ պետության, հարվածի տակ կդնի իր հեղինակությունը: Մայքլ Հանքոքն անդրադառնալով այս կապակցությամբ ԵԽԽՎ-ին ուղղված ոչ բավարար ճկունության մասին մեղադրանքներին՝ ասաց. «Եվրոպայի խորհուրդն արդեն ավելի ճկուն է դարձել, քան չինական ատլետները՝ մենք անհավանական սալտո-մորալտոներ ենք անում»:

Ծափերով ընդունվեց ֆրանսիացի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնի ելույթը, որը դիմելով ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Ռուսաստանին՝ բացականչեց. «Մարդկանց ճակատագրի մասին մտածեք, որոնք տառապում են՝ ինչ է թե՝ դուք չեք կարողանում իրար մեջ պայմանավորվել։ Ձեզ իբրեւ պատասխանատու մարդիկ պահեք՝ վերջ տվեք այս հակամարտությանը»:

Երկարատեւ քննարկումներից հետո ընդունված բանաձեւում ԵԽԽՎ-ն մասնավորապես նորից կոչ արեց Ռուսաստանին՝ փոխել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու իր որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել