Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՉԼԻՆԵԼ

Հունվար 29,2009 00:00

\"\"Վստահ է Լիբերալ կուսակցության ղեկավար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը

Երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված թիվ 1643 բանաձեւին, շեշտել էր այդ բանաձեւում երկու կարեւոր կետերի բացակայության կարեւորությունը: Մեկն այն է, որով ՀՀ պատվիրակությանը չեն զրկում ձայնի իրավունքից, երկրորդը՝ որ բանաձեւից հանված էր «քաղաքական բանտարկյալ» տերմինը: Մամուլի խոսնակը դա համարել է ոչ թե ընդդիմության կամ իշխանության, այլ՝ «Հայաստանի ժողովրդավարական տեսլականի հաղթանակն» ու վկայությունն այն բանի, որ իշխանությունները ընթանում են երկրում բարեփոխումների ճանապարհով: ԵԽԽՎ հիշյալ բանաձեւի եւ հիշյալ երկու կետերի վերաբերյալ միանգամայն այլ կարծիք ունի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իսկ այսօր ընդդիմության ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ-ում այս նոր՝ թիվ 1643 բանաձեւի ընդունման փաստը Հովհ. Հովհաննիսյանը դիտարկեց քաղաքական ենթատեքստ ունեցող ավելի խորը զարգացումների համատեքստում: Նրա համոզմամբ, այդ բանաձեւը կապել երկրում, իբր, ընթացող բարեփոխումների հետ, ինչպես դա անում են իշխանության ներկայացուցիչները, հիմնավոր ու փաստարկված չեն, թեեւ դրանք հիշյալ բանաձեւի ընդունման հարցում արդարացում եւ «հիմք» դարձան ԵԽԽՎ-ի համար: Ստացվում է, որ ԵԽԽՎ-ն փորձում է ինքն իրեն խաբե՞լ: Ինչո՞ւ: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Հովհ. Հովհաննիսյանն ասաց. «ԵԽԽՎ-ում այդ բանաձեւի ընդունման հաջորդ օրը Դավոսում տեղի էր ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանը այդ հանդիպմանը մասնակցելու համաձայնություն կտա՞ր, եթե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը զրկեին ձայնի իրավունքից: Իհարկե՝ ոչ: Նա այդ հանդիպումը պիտի պայմանավորեր ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկմամբ եւ պիտի խնդրեր կամ պահանջեր, որ ՀՀ-ին ձայնի իրավունքից չզրկեին: Սա քաղաքական առուծախի եւ պայմանավորվածության արդյունք է եւ ուղղակիորեն կապված է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ, եւ ընդամենը»:

Անդրադառնալով ԽՎ բանաձեւի բովանդակությանը՝ Հովհ. Հովհաննիսյանը նկատեց, թե 1643 բանաձեւը շատ ավելի խիստ եւ պարտավորեցնող է իշխանությունների համար, քան նախորդ երկու՝ 1609 եւ 1620 բանաձեւերը: «Նոր բանաձեւում ԵԽԽՎ-ն ավելի շատ եւ ավելի մեծ պարտավորություններ է դրել իշխանությունների վրա, քան կային նախորդ բանաձեւերում: Դա չնկատել կամ չհասկանալ՝ նշանակում է չկարողանալ եվրոպական փաստաթուղթ կարդալ»,- հայտարարեց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե նոր բանաձեւը շատ ավելի լուրջ վերահսկողություն է ենթադրում ԵԽԽՎ-ի կողմից, քան նախորդ բանաձեւերում էր:

Նա չկիսեց Հայ ազգային կոնգրեսի՝ երեկ արած հայտարարությունը, որով Կոնգրեսը ափսոսանք էր հայտնում թիվ 1643 բանաձեւի ընդունման առնչությամբ՝ նախորդ բանաձեւերի համեմատ այն գնահատելով որպես «մեղմացված» կամ անգամ՝ «կտրուկ նահանջ»: «Այդ գնահատականի հետ ես համաձայն չեմ: Իհարկե, բանաձեւից հանվել են շատ լուրջ եւ քաղաքական ենթատեքստ ունեցող «քաղբանտարկյալ» տերմինն ու նաեւ ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու առաջարկը, բայց իրականում, եթե խնդրին ավելի խորը մոտենանք, ապա, կրկնում եմ՝ նոր բանաձեւը ավելի պարտավորեցնող է իշխանությունների համար: Իսկ «քաղբանտարկյալ» ձեւակերպումը բանաձեւից հանվել է, որովհետեւ չհանել չէին կարող: Եթե ԵԽԽՎ-ն այդ ձեւակերպումը թողներ բանաձեւում, այդ դեպքում պարզապես չէր կարողանա ՀՀ պատվիրակությանը ձայնից չզրկել: Դա շատ նորմալ է, այլ կերպ լինել չէր կարող»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհ. Հովհաննիսյանը:

Պարզվեց նաեւ, որ նա այնքան էլ թերահավատ չէ, թե իշխանությունները ԵԽԽՎ կողմից իրենց տրված ժամկետում՝ մինչեւ ապրիլ, իսկապես երկրում բարեփոխումներ կանեն՝ քրեական հոդվածներ կվերանայեն, քաղբանտարկյալներից ոմանց ազատ կարձակեն: Հովհ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, եթե ՀՀ-ում էլի իմիտացիոն «բարեփոխումներ» կամ այդ բարեփոխումների ժամկետը հերթական անգամ ձգձգելու փորձեր լինեն՝ ապրիլին կլինի այն, ինչ պիտի լինի: Միաժամանակ նա նկատեց, որ Հայաստանում քաղաքական գործընթացները չի կարելի իրավական դաշտ տեղափոխել. «Այդ 225 եւ 300 հոդվածների ձեւակերպումների փոփոխությունը իրավական գործընթացներ են միայն, թեեւ տվյալ դեպքում խոսքը քաղաքական գործընթացների մասին է: Իհարկե, իշխանությունները շատերին բաց կթողնեն, բայց որոշ մեր ընկերների էլի կպահեն անազատության մեջ: Եթե իշխանությունները որոշեն հանել քաղկալանավորների վրա դրված «պետական իշխանության յուրացման» քաղաքական հոդվածը, միեւնույն է՝ կգտնեն մեկ այլ հոդված, որով նրանց անազատության կդատապարտեն: Օրինակ՝ կհայտարարեն, թե Ալիկ Արզումանյանի գրպանում մի հատ քար է եղել՝ 1,5X2-ի վրա, եւ այդ քարով նա ցանկացել է հեղաշրջում անել: Միշտ կարելի է նման ապուշ բաներ գտնել: Խնդիրը քաղաքական կամքի դրսեւորման, ուզել-չուզելու մեջ է: Այս իշխանությունները գնալու են իրական քաղաքական բարեփոխումների, հակառակ դեպքում՝ այս երկրում կծավալվի շատ լուրջ պրոցես, որը կործանարար կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել