Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՆԱԵՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Հունվար 29,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Արման Գրիգորյանը երեկ ավարտեցին հանդիպումները Ստրասբուրգում: Հիշեցնենք, որ մինչ Հայաստանի վերաբերյալ 1643 բանաձեւի ընդունումը՝ նրանք հանդիպել էին ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ այլոց: Իսկ երեկ նրանք ԵԽԽՎ-ում տարածեցին Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, որում ափսոսանք է հայտնվում ընդունված 1643 բանաձեւի կապակցությամբ՝ այն որակելով «կտրուկ նահանջ», եւ տարակուսանք հայտնելով, որ համազեկուցողներն ընդհանրապես ողջունում են դատապարտյալներին ներում շնորհելը, մինչդեռ «ներման խնդրագրեր ստորագրած անձանց մեծ մասը, որոնք իրոք քաղբանտարկյալներ էին՝ դա արել են ճնշման տակ»:

Ինչպես հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ բանաձեւի ընդունումից հետո էլ «մենք չենք համարում աշխատանքն ավարտված: Ավելի՛ն՝ ծանոթանալով Եվրոպայի խորհրդի կառույցների աշխատանքին, մենք հիմա հասկանում ենք, որ շատ ավելի հետեւողական հիմքի վրա է պետք դնել ԵԽ-ին տեղյակ պահելու գործը, քանի որ մեր զրույցները ցույց տվեցին, որ չափազանց շատ պատասխանատվություն է դրված զեկուցողների վրա, որոնց շատ հաճախ ոչ ճշգրիտ կամ միակողմանի տեղեկատվությունը ձեւավորում է Եվրոպայի խորհրդի կարծիքը: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ սա ուղղենք: Դրա համար էլ անգամ բանաձեւի ընդունումից հետո շարունակեցինք հետեւողական աշխատանքը եւ հանդիպումները ԵԽ տարբեր կառույցների եւ քաղաքական խմբերի հետ: Մասնավորապես հանդիպել ենք ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մաթեո Սորինասի հետ: Նաեւ հանդիպումներ ունեցանք համարյա բոլոր քաղաքական խմբերի՝ ե՛ւ լիբերալների, ե՛ւ ձախերի, ե՛ւ դեմոկրատների ղեկավարների հետ, քանի որ տեսնում ենք, որ Հայաստանում իրադարձությունների մասին ճշմարտությունը նրանց պատշաճ ձեւով չի հասնում, եւ մենք դա հասցրինք նրանց: Իսկ այսուհետ դա կունենա նաեւ ինստիտուցիոնալ բնույթ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել