Նախագահների հանդիպումից էական սպասելիքներ չկան
Երեկ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի թվով երրորդ հանդիպումը: ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ցյուրիխյան հանդիպմանը, կարծիք հայտնեց, որ գործընթացներն ամենեւին էլ ՀՀ-ի օգտին չեն. «Դա արտահայտվում է ժամանակի մեջ եւ ադրբեջանական ակտիվության հաջողությունների միջոցով: Ադրբեջանը որոշակի քաղաքականություն է վարում նաեւ Մինսկի խմբի շրջանակներից դուրս, իսկ դա հանգեցնում է նրան, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող փաստաթղթերն ընդունվեն միջազգային լուրջ կազմակերպությունների կողմից: Քանի դեռ Հայաստանը չի կարողացել ակտիվ սեփական խաղ մշակել եւ տանել, այս խնդրահարույց վիճակը կմնա»: Ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել այս հանդիպումից: «Ոչ մի: Պետք է հասկանալ, որ Հայաստանը եւ Ադրբեջանն այսօր աշխարհաքաղաքական տեսանկյունից տարբեր խմբերում են՝ ՀՀ-ն գործում է ավելի ռուսական ազդեցության ներքո, մինչդեռ Ադրբեջանն ավելի անկախ է եւ ավելի ազատ է կարողանում հաղորդակցվել ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Արեւմուտքի հետ: Հենց դրա վրա էլ հիմնված է Ադրբեջանի՝ առեւտուր անելու ավելի մեծ հնարավորությունների դաշտը»:
ԵԽԽՎ-ում ընդունված վերջին բանաձեւն, ըստ պարոն Մելիքյանի, միտված չէ ԼՂՀ հարցում կտրուկ շրջադարձերի, բայց քանի որ ընդհանուր առմամբ Հայաստանի վիճակն առկախ է, եւ կասկածի տակ են դրվում ՀՀ-ում բարեփոխումների ընթացքն ու բովանդակությունը, չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում այդ վիճակն օգտագործվի ԼՂՀ հարցում ճնշումներ բանեցնելու համար: Պատասխանելով հարցին՝ ի՞նչ միտում ունի տեւական լռությունից հետո ղարաբաղյան կողմի դեռ անցյալ տարեվերջից մեկնարկած ակտիվությունը, Ա. Մելիքյանը նկատեց, որ դա բավականին էական է. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել դրա՝ ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցված լինելը, բայց ուշադրություն եմ հրավիրում այն իրողության վրա, թե ո՞ւմ էր հասցեագրված ԼՂՀ խորհրդարանականների տարեվերջյան հայտարարությունը»: Ըստ ղարաբաղյան կողմի՝ միջազգային հանրությանը: Այստեղ է, որ Արման Մելիքյանը խնդիր է տեսնում. «Կոնստանտին Զատուլինն էլ իր ելույթում շեշտեց, որ ԼՂ-ն դուրս է մնացել բանակցային գործընթացից՝ Հայաստանի նախաձեռնությամբ: Այս պարագայում, նման հայտարարությունը հասցեագրել միջազգային ատյաններին, աչքակապություն է: Բոլոր հայտարարությունները, հռչակագրերը եւ գործողությունները պետք է ուղղված լինեն նրան, որ Հայաստանը շտկի իր կատարած գործողությունները: Դիմել միջազգային կազմակերպություններին կամ համանախագահներին՝ ԼՂՀ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու պահանջով, հիմնավոր չէ եւ լուրջ չի էլ ընկալվի»: Ի՞նչ է նշանակում այս ամենը: «ԼՂՀ խնդրում նախաձեռնող քաղաքականության բացակայության պայմաններում հարկավոր էր ապահովագրվել եւ ցույց տալ, որ եթե անգամ Հայաստանը գնա կտրուկ քայլերի, ԼՂ-ն վերստին կվերածվի քաղաքական գործոնի եւ դեմ կգնա Հայաստանի որոշումներին»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Նա հակված չէ հավատալու, որ այդ ամենն իրականություն կդառնա, բայց՝ «բնակչությանը հանգստացնելու եւ որոշ քաղաքական շրջանակներից գործընթացի համար պատասխանատվության ամբողջականությունը վերցնելու նպատակով այս քայլերն ինչ-որ տրամաբանության մեջ տեղավորվում են: Մինչդեռ, քանի դեռ Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից վարվող քաղաքականություն չկա՝ ոչ այս, ոչ ընդհանրապես արտաքին քաղաքականության ոլորտում, նման գործողություններն ընդամենը ժամանակ շահելու միջոց կարող են լինել»: