Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ԿԿԱՏԱՐՎԻ ԱՊՐԻԼԻՆ»

Հունվար 29,2009 00:00

\"\"Խոստացավ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթին ՀՀ-ի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի քննարկման ժամանակ:

Հայաստանում դեռ բազմաթիվ վերլուծություններ կլինեն, թե ինչու ԵԽԽՎ-ն փոխեց մեր պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցնելու մտադրությունը: Առավել մանրամասն ներկայացնենք, թե հունվարի 27-ին Վեհաժողովի նիստում ինչպես էին այս փոփոխությունը հիմնավորում ԵԽԽՎ պատվիրակները: Նախապես նշենք, որ չենք անդրադառնալու արտառոց պատճառաբանություններին: Իսկ դրանք սակավ չէին: Ասենք, Ռուսաստանի պատվիրակ Իգոր Չեռնիշենկոն Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի կատարման վերաբերյալ իր ելույթում, որը նա հնչեցնում էր Եվրոպական ժողովրդավարների խմբի անունից՝ պատմեց, որ 2008-ի դեկտեմբերին մասնակցել է Հայաստանի երկրաշարժի 20-րդ տարելիցի արարողություններին, հետո սկսեց խոսեց Ղարաբաղի մասին, հետո էլ՝ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջընթացի մասին: Իսկ հույն պատգամավոր Արիստոտելիս Պավլիդիսը ելույթում խոսեց հայ եւ հույն ժողովուրդներին միավորող հանգամանքների մասին, որ երկուսն էլ Ցեղասպանություն են ապրել, սփյուռք ունեն եւ այլն:

Անդրադառնանք ելույթներում հնչած ավելի հստակ դրդապատճառներին: Եվրոպական միավորված ձախերի անունից ելույթ ունեցող Բյորն Յակոբսենը պատժամիջոց չկիրառելը պատճառաբանեց այսպես, որ թեեւ այն, ինչ կատարվեց Հայաստանում եւ այժմ էլ շարունակվում է՝ չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին. «Համենայնդեպս, Եվրոպայի խորհրդի կողմից ճիշտ չէր լինի պատժել խորհրդարանական պատվիրակությանը մի բանի համար, ինչի համար պատասխանատու է Հայաստանի կառավարությունը»: Բացի այդ, ըստ նրա՝ ձայնից զրկելու սպառնալիքը գործեց. «Մենք տալիս ենք Հայաստանին ավելի շատ ժամանակ, որ եւս մի քայլ անի դեպի ժողովրդավարություն»:

Եվրոպական ժողովրդավարների խմբի անունից ելույթ ունեցող լիտվացի պատգամավոր Էգիդիժուս Վարեիկիսը նշեց. «Մարդիկ, ովքեր կարդացել են հայոց պատմությունը, գիտեն, որ սա մեծ ազգ է, եւ մենք պետք է հարգենք դա»: Հետո նշեց, որ Հայաստանում կան «քաղաքական բանտարկյալներ, խնդիրներ ընդդիմության եւ ԶԼՄ-ների հետ», սակայն հավելեց. «Մենք չենք կարող մերժել Հայաստանին: Դրա փոխարեն պիտի լրջորեն ասենք, որ եթե ցանկանում եք լինել այս ակումբում եւ ունենալ դրա անդամի իրավունքները՝ պիտի հետեւեք մեր կանոններին»: Լեհ պատգամավոր Պյոտր Վաչն իր ելույթում եւս նշեց, թե Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Գերմանացի պատգամավոր Հոլգեր Հայբախն այս քննարկումները կարեւորեց այն տեսակետից, թե Վեհաժողովի կայացրած որոշումը որքանո՞վ կհամապատասխանի նախկինում ընդունված բանաձեւերին. «Նշաններ կան, որ այժմ բարելավումներ կան, բայց արդյոք դրանք արտաքին ճնշումների հետեւա՞նք չեն: Սա կարեւոր հարց է, քանի որ դրա պատասխանով է պայմանավորված, թե որ ազդեցությունն ավելի մեծ կլինի առաջընթացի համար»: Սակայն նա նաեւ հիշատակեց իրենց նախկին որոշումները՝ ռուսական եւ վրացական պատվիրակություններին ձայնից չզրկելու վերաբերյալ, եւ նշեց, որ եթե Վեհաժողովն այլ որոշում կայացնի հայկական պատվիրակության դեպքում՝ կմեղադրվի երկակի չափանիշներ կիրառելու մեջ: Եվ միայն այդ պատճառով նա համաձայնեց բանաձեւում կատարված փոփոխություններին:

Լատվիացի պատգամավոր Անդրիս Բեռզինսն իր ելույթում հետեւյալ պատճառաբանությունը մեջբերեց, թե քվեարկության իրավունքը կասեցնելը վերջ կդներ երկխոսությանը, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը ցանկանում է բարելավել իրավիճակը: Համանման պատճառաբանություն բերեց նաեւ ուկրաինացի պատգամավոր Օլհա Հեռասիմյուկը, թե առաջընթացը նշելով՝ ԵԽԽՎ-ն չպիտի մոռանա առկա խնդիրների մասին. «Կարեւոր է, որ Հայաստանը մնա երկխոսության մաս եւ կարողանա գտնել լուծումներ, որոնք ընդունելի կլինեն ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ ԵԽ-ի համար»:

Իսկ հունգար պատգամավոր Մաթիաս Յորսին անդրադառնալով այն հարցին, թե պե՞տք է արդյոք պատժել խորհրդարանի պատվիրակներին կառավարության տապալած աշխատանքի համար՝ հետեւյալ զուգահեռը տարավ. «Երբ ռուսական պատվիրակության նկատմամբ պատժամիջոց կիրառվեց՝ Չեչնիայի պատճառով, մենք այն խնդրի վերաբերյալ չէինք վիճում, թե ռուսական պետությունն ինչ էր անում Չեչնիայում, այլ այն փաստի, որ Դումայի անդամներն այս կապակցությամբ ոչինչ չէին անում»: Նա էլ անդրադարձավ երկակի չափանիշներին. «Ժամանակն է ընդունել, որ կա՛ն երկակի չափանիշներ: Ես երեք երեխա ունեմ եւ նրանց նկատմամբ երկակի չափանիշներ եմ կիրառում, քանի որ երեխաներս տարբեր են: Ակնհայտ է, որ անդամ պետությունները եւս կիրառում են երկակի չափանիշներ»: Հիշեցրեց, որ ինքը շատ քննադատաբար էր վերաբերվում Հայաստանին, հատկապես, երբ զոհեր եղան. «Իսկ այժմ ես տեսնում եմ հայերի, որոնք ի վերջո փորձում են լսել մեզ եւ հետեւել մեր երաշխավորություններին՝ ոչ բոլորին, բայց մեծամասնությանը: Քանի դեռ մենք շարժում ենք տեսնում՝ մենք դրան լավ արձագանք պիտի տանք եւ տեսնենք՝ արդյոք կարո՞ղ ենք նրանց ավելի լավ օգնել»:

Իսկ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթին ելույթում հիշեցնելով, թե Հայաստանի խորհրդարանում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը փոխելու է օրենսդրությունը՝ ասաց. «Բայց այն չէր կարող իր գործն անել մայիսին, հունիսին, հուլիսին կամ նույնիսկ հոկտեմբերին ու նոյեմբերին. միայն դեկտեմբերին: Սա երկխոսությու՞ն է: Սա ավելի նման է մենախոսության Վեհաժողովի հետ, որն անընդհատ հարցադրումներ է առաջադրում»: Եվ հայտարարեց. «Մոնիտորինգի հանձնաժողովի եւ Վեհաժողովի տեսակետն է, թե առկա իրավիճակով բավարարված չեն եւ լրջորեն մտահոգված են, որ մարդիկ ազատազրկվել են քաղաքական պատճառներով: Հիմա Հայաստանի իշխանությունների հերթն է՝ ցույց տալու, որ մենք իրոք երկխոսության մեջ ենք եւ ոչ թե մենախոսության: Ուստի կտեսնենք, թե ինչ կկատարվի ապրիլին»:

Արդեն մեջբերումներ արել ենք մեր երկրում ընտրությունները դիտարկած շվեդ պատգամավոր Մարիետա դը Փուրբախ-Լունդինի ելույթից: Հավելենք, թե հենց նա իր գործընկերների ուշադրությունը հրավիրեց, որ Հայաստանի իշխանությունները 16 հոգու ազատ են արձակել իրենց քննարկումից ընդամենը 3 օր առաջ, եւ 40-ից ավելին դեռ բանտերում են. «Իմ կարծիքով, Հայաստանի իշխանությունները միայն փորձում են ժամանակ շահել, որ հայկական պատվիրակությունը չկորցնի քվեարկության իրավունքը: Ես կասկածում եմ Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքին: Այդ իշխանությունն ունի՞ վստահություն: Ես ասում եմ՝ ո՛չ: Նրանք 6 ամիս ունեին բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, բայց դա չարեցին»: Սակայն նաեւ հավելեց, որ հասկանում է, թե Վեհաժողովը մեծ երկընտրանքի առջեւ է. «Եթե հայկական պատվիրակության քվեարկելու իրավունքը կասեցվի՝ ի՞նչ կլինի Ռուսաստանի կամ Վրաստանի պատվիրակությունների հետ: Այս Վեհաժողովի վստահելիությունը խնդրահարույց է: Երկակի չափանիշներն ու սկզբունքայնության պակասն ահազանգ են դարձել այս Վեհաժողովի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել