Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ

Հունվար 29,2009 00:00

\"\"Ըստ Վարդան Բոստանջյանի՝ Եվրոպան մեզ պետք է նույնքան, որքան որ մենք ենք Եվրոպային հարկավոր

ՀՀ պատվիրակությանը ձայնից չզրկելու ԵԽԽՎ-ի որոշումը բոլորի համար ե՛ւ սպասելի էր, ե՛ւ անսպասելի: Նրանք, ովքեր մինչ այս որոշումը Եվրոպայի խորհրդին մեղադրում էին երկակի ստանդարտների եւ կողմնակալության մեջ, հիմա սազն առած գովերգում են նույն եվրոպացիներին, համարելով, որ նրանք քաջություն ունեցան տեսնելու քաղաքական կամքը, որ ունեն ՀՀ իշխանությունները՝ դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ եթե ձայնից չզրկեցին, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվեց: Ըստ նրա՝ վերջին շրջանում իշխանությունների կողմից կատարվող մի շարք դրական քայլերը, օրինակ՝ Քրեական օրենսգրքում համապատասխան քաղաքականացված հոդվածների փոփոխության ուղղությամբ կատարվող գործընթացը ցույց է տալիս, որ «նպատակ կա կամաց-կամաց անցնել նոր արժեքային համակարգի: Ոչ թե կտրուկ, միանգամից, այլ՝ աստիճանաբար: Կարծում եմ, մեզ ձայնից չզրկելու երեւույթը պետք է իմաստավորել հենց այն պահից, երբ Եվրոպայի խորհուրդն ուզեց մեզ տեսնել որպես անդամ: Իսկ դա հուշում է, որ նա այս տարածաշրջանում շահեր ունի: Եվ ոչ միայն նա, այլեւ բոլոր գերուժերն այս տարածաշրջանում շահեր ունեն եւ, նաեւ հանուն այդ շահերի, ակնհայտորեն իրենց տեսադաշտում են պահում մեր պես երկրներին: Հիմա, եթե իրենք շահեր ունեն, ուրեմն, չէին ուզենա մեզ ձայնից զրկելու առումով շուտափույթ որոշումներ կայացնել: Այսօր տեղի է ունենում մի գործընթաց, երբ ձգտում են այն արժեքները, որոնք հասցրել են ձեւավորվել Եվրոպայում, հասցնել նաեւ ԵԽ-ում հավաքվածներին: Իրենք հասկանում են, որ սա երկարատեւ, դժվարին գործընթաց է, եւ, ելնելով դրանից, մեզ չզրկեցին ձայնից: Ավելի զարգացած եւ քաղաքակիրթ երկրները հասկանում են, որ հնարավոր չէ հաջորդ օրն իսկ ժողովրդավարական բոլոր արժեքները միանգամից տեղավորել այլ երկրներում»: Վարդան Բոստանջյանը վստահ է, որ ՀՀ-ում աստիճանաբար կհաղթահարվեն ե՛ւ կոռուպցիան, ե՛ւ բոլոր մյուս թերությունները՝ «ինչը եւ, ըստ էության, տեղի է ունենում կամաց-կամաց»:

Իսկ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Կա մեկ սկզբունքային հարց՝ Հայաստանի Հանրապետությունը կամովին ընդունել է ԵԽ-ում գործող համապատասխան պահանջները եւ դրանք պարտավոր է կատարել: Ժողովրդավարության զարգացմանն ուղղված ցանկացած պահանջ ՀՀ-ն պետք է իրականացնի, եւ առաջին հերթին՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Ժողովրդավարությունն առաջին հերթին անհրաժեշտ է մեզ՝ ապրելու եւ զարգանալու համար, եւ ոչ թե արտաքին աշխարհին ինչ-որ բան ապացուցելու համար: Մի՞թե ակնհայտ չէ, որ, օրինակ, ազատ-արդար ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, իրական ժողովրդավարության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումը նախ եւ առաջ անհրաժեշտ են մեր երկրին եւ ոչ թե եվրոպական կառույցներին. նրանք առանց այդ էլ այդ ամենից լիուլի ունեն»:

Ըստ Վ. Դալլաքյանի՝ մինչ այժմ իշխանությունները եւ ընդդիմությունը գտնվում էին պատանդի կամ՝ «պատային» վիճակում, քանի որ՝ եթե Հայաստանը զրկվեր ձայնի իրավունքից, ընդդիմությունը պետք է հայտարարեր, որ դա իր աշխատանքի արդյունքն է, իսկ եթե չզրկվեր, իշխանությունները պետք է հայտարարեին, որ այդպես եղավ իրենց աշխատանքի արդյունքում: Պատգամավորի կարծիքով՝ եվրոպական կառույցները մեր երկրի մասով առաջնորդվել են հետեւյալ սկզբունքից ելնելով. «Եթե մեզ ձայնից զրկեին, ավելի քիչ հնարավորություն կունենային ազդելու Հայաստանի վրա, եւ երկրորդ, ընդհանրապես, եվրոպական կառույցների կողմից մարդու իրավունքների հարցի բարձրացումը ՀՀ իշխանությունների առջեւ որոշակիորեն պայմանավորված է ԼՂՀ-ի հարցում ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու հրամայականով: Մոտիվացիաները բազմաթիվ են»:

Մեր թերթին տված հարցազրույցում, կարծիք հայտնելով Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխությունների վերաբերյալ, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ասել էր, որ այս հոդվածների փոփոխություններն ազդելու են «7»-ի գործով անցնողների վրա, սակայն, ըստ որոշ գնահատականների, փոփոխությունները «7»-ի գործի վրա բոլորովին էլ չեն ազդելու: Երեկ մեզ հետ զրույցում պատգամավորը կրկնեց իր վստահությունը, որ օրենքի փոփոխությունները կոնկրետ ազդեցություն կունենան «7»-ի գործի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել